Մեկնաբանություն

20.02.2019 09:55


Ամուլսարի առումը

Ամուլսարի առումը

Օրերս Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիան» հայտարարություն էր տարածել ու մեղադրել Կառավարությանն անգործության համար։

Բանն այն է, որ բնապահպանական խնդիրներ են առաջացել Ամուլսարում, քանզի հանքի ճանապարհների փակ լինելու պատճառով ընկերությունը չի կարողացել համապատասխան աշխատանքներ իրականացնել։

«Լիդիանը» տեղեկացրել է Կառավարությանը, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի, այդ թվում՝ մակերևութային ջրերի որակազրկման համար, որը 2018 թվականի հունիսից ի վեր՝ կառավարության կողմից ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու հետևանք է:

«Շրջակա միջավայրի, ջրի և օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,– նշված է «Լիդիանի» հաղորդագրության մեջ։

Այն, որ կառավարությունը տարօրինակ ու կասկածելի անգործություն է ցուցաբերում Ամուլսարի հանքի հետ կապված, տեսանելի է շատերին։

Տարօրինակ ու կասկածելի չէ՞ արդյոք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ներդրումներից, տնտեսության զարգացումից ու աշխատանքից, բայց մատը մատին չի տալիս Ամուլսարի հանքի պահով։ Հանք, որի շահագործմամբ զբաղվող ընկերությունը միակն է Հայաստանում, որի բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում և որի բաժնետոմսերը կարող է գնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Հանք, որը Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից է։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամիսներ շարունակ հանքի ճանապարհը փակվում է, հսկայական գումարներ են ծախսվում այդ ճանապարհները փակ պահելու և հակաամուլսարական քարոզչական ակցիաներ կազմակերպելու համար, բայց վարչապետին չի հետաքրքրում, թե այդ ովքե՞ր ի՞նչ նպատակով ու ի՞նչ աղբյուրներից են այդ ամենն իրականացնում։ Իսկ միգուցե իշխանության ներսում շահագրգիռ շրջանա՞կ կա այս հարցում։

Փաշինյանը փոխանակ ամեն ինչ անի, որպեսզի հանքի աշխատանքները վերսկսվեն, մարդիկ աշխատանք ունենան, բյուջեն չզրկվի տարեկան 100 միլիոն դոլար գումարից, պետությունը չհայտնվի միջազգային դատարանում ու 2 միլիարդ դոլարի պարտավորության տակ չընկնի, մեր երկրի ներդրումային իմիջին հասցված վնասը գոնե մասամբ վերականգնվի, 1000–ից ավելի մարդու աշխատանքային իրավունքը վերականգնվի, տասնյակ կապալառուները բիզնեսն ընդլայնելու հնարավորություն ստանան, համառորեն ոչինչ չի անում։

Նախորդ տարի խոսվում էր այն մասին, որ փորձագիտական աշխատանքներ պետք է իրականացվեն, որից հետո կորոշեն՝ արդյոք թույլ տա՞լ հանքի շահագործումը, թե՞ ոչ։ Անցել են ամիսներ, սակայն որևէ փորձագիտական աշխատանք չկա (համենայնդեպս, հանրությանը փորձագիտական աշխատանքների ընթացքի մասին տեղյակ չի պահվում)։

Այդ ի՞նչ հզոր ձեռք է, որ թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին որոշում կայացնել։ Կամ այդ ի՞նչ շահեր են, որ ստիպում են վարչապետին չնկատել այն գերանը, որը կառավարության աչքում է հայտնվել, բայց նկատել այլոց աչքի փուշը, որը պարզվում է՝ չկա։

Ի դեպ, երբ կառավարության անդամը, այն էլ՝ արդարադատության նախարարի կարգավիճակ ունեցող անդամը մասնակցում է «Սորոս» հիմնադրամի կողմից Ամուլսարի հանքի ճանապարհը փակողների խրախուսմանը և ժպիտը դեմքին լուսանկարվում նրանց հետ, ապա կառավարության տենդենցիոզության մասին կասկածներն է՛լ ավելի են խորանում։

Եվ վերջում մի ոչ հռետորական հարցադրում՝ ո՞ւմ է սա ձեռնտու, և ի՞նչ արժե այդ շահագրգռվածությունը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը