Քաղաքական

19.02.2019 19:28


Գիտեք ում ընկերն եմ ու ինչի համար է թատրոնը. Բարսեղ Բեգլարյանը չասաց` երբ է հանդիպել Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Գիտեք ում ընկերն եմ ու ինչի համար է թատրոնը. Բարսեղ Բեգլարյանը չասաց` երբ է հանդիպել Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր հետաձգվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը: Նիստի ավարտից հետո Բեգլարյանը մոտեցավ մեղադրող Աբգար Առաքելյանին՝ ասելով, թե կանխակալ վերաբերմունք ունի և, միևնույն է, իր նկատմամբ համաներում է կիրառվելու: Դրանից հետո պատասխանելով հարցին, թե ի՞նչ կանխակալ վերաբերմունքի մասին էր խոսում, Բարսեղ Բեգլարյանն ասաց. «Չգիտեմ: Ո՞վ չգիտի, որ սա շինծու գործ է քննչական կոմիտեի և դատախազության կողմից»:

Լրագրողների հարցին՝ իր դեմ ի՞նչ ունեն, նա պատասխանեց. «Դուք լավ գիտեք՝ ինչ ունեն: Փակագծերի տակ գիտեք՝ Բարսեղ Բեգլարյանը ով ա, ում բարեկամն ա և ում ընկերն ա»: Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ է հանդիպել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, Բեգլարյանն արձագանքեց, որ պատասխանելը գումար արժի. «Դա գումար արժի, վճարեք՝ ասեմ: Ես բիզնես մոտեցումով եմ մոտենում: Ասեցի՝ թատրոն ա: Սցենարիստը հայտնի ա, դուք ինձնից լավ գիտեք»:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի մարտ-ապրիլի ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն՝ վերջինի օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015 թվականի ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Այսօրվա նիստին Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող Աբգար Առաքելյանին. միջնորդությունը բաղկացած էր 16 էջից: Թեև դատարանը փորձեց պաշտպանին համոզել՝ չընթերցել 16 էջում մեջբերված բոլոր օրենքներն ու հիմնավորումները, սակայն ջանքերն ապարդյուն անցան: Պաշտպանը պնդեց, որ դրանք դատախազին են պետք: Միջնորդության մեջ պաշտպանը դատախազին մեղադրում էր պարտականությունները բավարար կերպով չկատարելու, գործի նյութերն իրենց չտրամադրելու, վկաներից երկուսի հետ առերեսում չիրականացնելու համար: Դատախազն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ ասելով, որ դրանցում փաստերը ճիշտ չեն ներկայացված, և որ միջնորդությունն օրենքի պարզ շարադրանք է հիշեցնում: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարեց, որ մերժում է Բեգլարյանի պաշտպանի միջնորդությունը: Պաշտպանն էլ միջնորդեց, որպեսզի նախաքննության ընթացքում իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվի և նոր խափանման միջոց չընտրվի՝ հաշվի առնելով նաև այն, որ համաներման կիրառման արդյունքում խափանման միջոցի կիրառումը չեղարկվում է: Դատախազն այս միջնորդության դեմ առարկեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակի վաղը՝ փետրվարի 20-ին:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը