Քաղաքական

19.02.2019 18:22


Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի գույքը պետությանը դեռ չի անցել. Բաբայան

Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի գույքը պետությանը դեռ չի անցել. Բաբայան

Թե՛ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի, թե՛ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի գույքը պետությանը դեռ չի անցել, «Ազատության»-ը փոխանցեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Մանվել Գրիգորյանն իր փաստաբանների միջոցով ամիսներ առաջ հայտարարել էր, որ ցանկանում է Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրել պետությանը:

Բաբայանն ասաց՝ քանի որ Գրիգորյանի գույքը քրեական գործի պրոցեսի մաս է կազմում, գործարքին առայժմ ընթացք չի տրվել։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում։

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին էր ամիսներ առաջ հայտարարել Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը։ Նարեկ Բաբայանն այսօր ասաց, որ այդ առումով կան որոշակի խնդիրներ՝ քննարկվում են նվիրատվությունն ընդունելու մեխանիզմները, քանի որ Ավետիսյանին պատկանող այդ ընկերությունն ունի նաև այլ գույք և դրանցից մեկը նվիրելու դեպքում առաջանում են որոշակի խնդիրներ, քանի որ, ըստ օրենքի, նվիրատուն 3 տարվա ընթացքում կարող է այն հետ վերցնել։

Բաբայանը նշեց, որ այս գործընթացը մի քամի ամիս կտևի, և գործընթացի համար կառավարությունը որոշում պետք է ընդունի։

Ամիսներ առաջ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով:

Այս խորագրի վերջին նյութերը