Կարծիք

19.02.2019 10:34


Հայաստանի ժողովրդագրության հմայքը

Հայաստանի ժողովրդագրության հմայքը

Վերջին տարիներին Հայաստանի ժողովրդագրական խնդիրները հիմնականում քննարկվում են արտաքին միգրացիայի տեսանկյունից: Մեծ տեմպ ու ծավալ ունեցող արտագաղթը ստվերել էր ժողովրդագրության ներքին խնդիրները: Այն աստիճան, որ անգամ արտագաղթը վերլուծվում էր միմիայն ընդհանուր տեսանկյունից: Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը բարեխղճորեն հաշվարկում ու հրապարակում էր բնակչության կազմի ու թվաքանակի փոփոխությունները թե՛ ըստ մարզերի, թե՛ ըստ գյուղական ու քաղաքային բնակչության:

2007-2018թթ ընթացքում պաշտոնապես արտագաղթել է բնակչության 4,7 տոկոսը: Դժվար է պարզել, թե երկրի կոնկրետ որ հատվածի բնակչությունն է «ապահովել» այդ ցուցանիշը: Փոխարենը՝ կարող ենք դիտարկել ներքին ու արտաքին միգրացիաների հետևանքը մայրաքաղաքի ու մարզերի բնակչության թվաքանակի վրա:

2007-2018թթ ամենաքիչը նվազել է Երևանի բնակչությունը` 0,5 տոկոսով: Երկրորդ տեղում Արմավիրի մարզն է` 2,4 տոկոս: Երրորդ տեղին կարող են հավակնել Գեղարքունիքի ու Արարատի մարզերը համարյա հավասար ցուցանիշի պատճառով` 3 և 3,1 տոկոս համապատասխանաբար: Հաջորդում են Կոտայքը (5 տոկոս), Տավուշը (6 տոկոս), Սյունիքը (6,1 տոկոս):

Մյուս մարզերի պարագայում արտագաղթը թռիչքաձև զարգացում ունի: Տեսեք, Վայով ձորից արտագաղթել է բնակչության 8,4 տոկոսը, Շիրակից` 12,8 տոկոսը, իսկ Լոռու մարզից՝ 17,2 տոկոսը:

Բնակչության այս տեղաշարժ–արտագաղթի բացատրություն-հիմնավորումները կարելի է գտնել Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներում: Բնակչության մեծ արտագաղթ ունեցող մարզերում պաշտոնապես գործազրկության ու աղքատության ամենաբարձր ցուցանիշներն են արձանագրված: Ի դեպ, փորձագետների կարծիքով մայրաքաղաքի բնակչության նվազման փոքր ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ մարզերի արտագաղթի մի մասը ներքին միգրացիա է: Մարզերից մարդիկ սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով նախ փորձում են «փրկություն» գտնել Երևան տեղափոխվելով: Այդ պատճառով է հանրապետության մյուս քաղաքների բնակչության ֆոնին մայրաքաղաքի բնակչությունը 2018-ին, 2011-ի համեմատ, ավելացել: Եթե այս փաստը չլիներ, ապա երկրում քաղաքային բնակչության կտրուկ նվազում կարձանագրվեր: Վերջին տասնամյակում քաղաքային բոլոր բնակավայրերը տխուր վիճակագրություն ունեն: Ամենաարագը «դատարկվում» են Լոռու (17,3 տոկոս), Շիրակի (14,6 տոկոս), Արագածոտնի (12.3 տոկոս), Գեղարքունիքի (11, 2 տոկոս) մարզերը: Մյուս մարզերում (բացառությամբ Տաուշի) քաղաքային բնակչության կրճատումը ևս նկատելի է, բայց միանիշ թվերով:

Խորհրդային տարիներին քաղաքի կարգավիճակ ստացած բնակավայրերում արտադրական ձեռնարկություններ էին գործում: Հիմա այդ քաղաքներից շատերում բնակչությունն աշխատանք ու եկամուտ գտնելու հնարավորություն համարյա չունի: Ամենավառ օրինակը Հայաստանի ամենափոքր քաղաք Դաստակերտն է: Այս բնակավայրը քաղաքի կարգավիճակ ունի միայն այն պատճառով, որ բնակիչները տնամերձ հող ու այլ հողատարածքներ չունեն:

Քաղաքային բնակչությունը նվազ տեմպերով է կրճատվում այն մարզերում, ուր գործում են վերամշակող արդյունաբերության մեծ ու փոքր ձեռնարկություններ: Օրինակ՝ Արարատ քաղաքը մայրաքաղաքի պես 2007թ-ից բնակչության նվազում չի արձանագրել: Բայց նման այլ օրինակ չկա:

Բնակչության ներքին ու արտաքին տեղաշարժերի վրա, բնականաբար, ազդեցիկ հետք են թողնում նաև գյուղական համայնքների բնակիչները: Պատկերն, ըստ մարզերի, հետևյալն է (ներկայացնում ենք կրճատման տեմպի նվազման կարգով)՝ Լոռի (17,5 տոկոս), Տավուշ (9,8 տոկոս), Վայոց ձոր (8 տոկոս), Շիրակ (7,9 տոկոս), Սյունիք (6,3 տոկոս), Արագածոտն (4 տոկոս), Կոտայք (2,5 տոկոս), Արարատ (1.9 տոկոս):

Հիմա հերթը Հայաստանի ժողովրդագրության մեջ եզակի դեպքի մասին է: Մեր երկրի երկու մարզում գյուղական բնակչությունը վերջին 10 տարում աճել է, ճիշտ է՝ ցածր` ընդամենը մեկական տոկոսով, բայց աճել է: Խոսքը Գեղարքունիքի ու Արմավիրի մարզերի մասին է: Դրական փաստի արձանագրումից հետո խոսքն ավարտելու գայթակղությունը մեծ է: Բայց եկեք արձանագրենք, որ ժողովրդագրությունը լավատեսության հույսեր առանձնապես չի տալիս: Խորհրդային վերջին`1979թ մարդահամարի տվյալներով՝ երկրի բնակչության թիվը 3 մլն 37 հազար մարդ էր: 1989-ին հասկանալի պատճառով մարդահամար չանցկացվեց: Մեր վերջին մարդահամարը 2011-ին արձանագրեց` 3 մլն 18 հազար մարդ: Ավելացում չկար, բայց նվազումն էլ մեծ չէր: Իսկ 2018թ․ տվյալներով՝ երկրի բնակչության թիվը 2 մլն 972 հազար է: Սա 13 հազար 400 մարդով պակաս է 2017-ի թվից: Արժե մտածել այս մասին:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը