Կարծիք

18.02.2019 16:49


Տարածաշրջանի հարկային բեռը

Տարածաշրջանի հարկային բեռը

Հիմա հարկերի թեման կրկին հետաքրքիր է հասարակության համար: Հարկային նոր օրենսգիրքն է պատճառը: Բոլորին է հետաքրքրում, թե այն ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա:

Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ տնտեսական բարեփոխումների հարցերը քննարկման փուլում հասարակությանը չեն հետաքրքրում: Այդ մասին անհրաժեշտ տեղեկատվություն ու վերլուծություններ հրապարակային մակարդակում չեն արվում: Մինչդեռ դժվար թե ինչ–որ մեկը ժխտի, թե որքան կարևոր է ունենալ տարածաշրջանի երկրների տնտեսությունների մասին հստակ պատկեր: Առաջարկում եմ դիտարկել մեր, Վրաստանի և Ադրբեջանի հարկային համակարգերը:

Այդ երկրներից ոչ մեկն այս համակարգում առանձնահատուկ ինքնատիպ չէ: Երեքում էլ կան ընդհանուր ու տեղական հարկեր, ուղղակի ու անուղղակի հարկեր: Տարբերությունը միայն գործող հարկերի քանակն ու դրույքաչափերն են: Բայց հենց այդ «մանրուքներն» էլ բնութագրում են երկրի տնտեսական քաղաքականությունը:

Օրինակ՝ հարկերի քանակով մենք Վրաստանի հետ ավելի նույնական ենք: Այս երկրում էլ «գործում են» նույն վեց հարկերը: Բայց եթե մեզ մոտ հաստատված է ԱԱՀ-ի 20–տոկոսանոց դյույքաչափ, ապա այն Վրաստանում 18 է:

Հայաստանում հարկային օրենսդրության ոլորտում համարյա բոլոր իշխանությունները նույն մոտեցումն են ունեցել: Բոլորն էլ պնդել են, որ հարկային ոլորտում առանձնահատկությունների ու տարբերությունների սահմանումը ցանկալի չէ (բոլոր իշխանություններն էլ դա համարել են կոռուպցիոն ռիսկ):

Վրացական հարկային օրենսդրությունը ԱԱՀ-ից ազատել է բուժսպասարկումը, կրթության ոլորտը և արտահանումը (վերջինը կա նաև մեր պարագայում): Ֆիզիկական անձանց եկամտահարկը սահմանված է 20 տոկոս: Այս դրույքաչափը գործում է նրանց համար, ովքեր տարեկան 183 օր գտնվել են Վրաստանում: Արտասահմանցիների ու սեզոնային աշխատուժի համար այն ավելի բարձր է և պրոգրեսիվ: Վրաստանում սեզոնային աշխատուժի նկատմամբ օրենսդրական «վերաբերմունքի» պատճառը, հավանաբար, այն է, որ զբոսաշրջության ակտիվ շրջանում այս երկրում աշխատանք են գտնում Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիներ:

Մեր երկրում օր օրի ավելի նկատելի դարձող օտարերկրացի (հատկապես հնդկաստանցի) աշխատուժի առկայությունը, հավանաբար, շուտով մեզ էլ կպարտադրի նման կարգավորում մտցնել հարկային օրենսգրքում:

Վրաստանը 55 երկրի հետ կրկնակի հարկումը բացառելու պայմանագիր ունի: Հայաստանի և Ադրբեջանի հետ նման պայմանագիր ստորագրվել է: Վրաստանի ներմուծման հարկի 3 դրույքաչափ է սահմանված` 0, 5 և 12 տոկոս: Գույքահարկը համարվում է տեղական հարկ և բավական ցածր է (սա բնորոշ է մեր տարածաշրջանի երկրներին): Այսքանով, թերևս, ավարտվում են նմանությունները:

Վրաստանում տնտեսական քաղաքականությունն առերևույթ ավելի ճկուն է և հասցեագրված: Գոնե օրենսդրական մակարդակում: Այսպես, հինգ քաղաքներում (Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Ռուսթավի և Զուգդիդի) ոստիկանության աշխատողներին բնակարանաշինության ոլորտում հարկային արտոնություններ են տրվել: Բայց շատ ավելի կարևոր է այն, որ Վրաստանում կա երեք ազատ արդյունաբերական գոտի (Թբիլիսիում, Քութայիսիում և Փոթիում. մեր ունեցած ու չունեցած տնտեսական ազատ գոտու թեման նրբորեն շրջանցում ենք):

Վրաստանը անցած տարի հայտարարեց, որ անցնում է հարկային համակարգի «էստոնական տարբերակին» և այդ ճշգրտման արդյունքում նոր օրենքներ ընդունեց: Պաշտոնապես հայտարարվում է, որ երկրի բնակչության 12 տոկոսը` 434,5 հազար մարդ, «սոցիալապես անպաշտպան է»: Հայաստանի պարագայում պաշտոնական վիճակագրությունը գերադասում է օգտագործել «աղքատության ցուցանիշ» տերմինը:

Պաշտոնական տվյալներից 2016-ին մեր երկրում աղքատ է գնահատվել բնակչության 29,4 տոկոսը: Իհարկե, դասական տնտեսագիտության տեսանկյունից չի կարելի պնդել, որ աղքատության մակարդակն անմիջական կապ ունի հարկային բեռի հետ, սակայն Հայաստան-Վրաստան հարաբերության մակարդակում դրանք տարօրինակ կերպով գրեթե համընկնում են: Տոկոսային հարաբերությամբ՝ մեր երկրի աղքատ բնակչությունը 2,45 անգամ ավելի է Վրաստանից համեմատ: Համարյա նույն գործակիցն է հարկային բեռի համեմատության դեպքում: Վրաստանի հարկային բեռը հաշվարկվում է 16,4 տոկոս:

Մեր երկրների հարկային համակարգերն ադրբեջանականի հետ համեմատելը հնարավոր է՝ կոռեկտ չէ ժամանակակից տնտեսագիտության տեսանկյունից: Այն պարզ պատճառով, որ հարևան երկրի տնտեսությունը «նստած է» նավթարդյունաբերության ասեղին: Այս երկրում ազգային կամ պետական հարկատեսակները քանակով ավելի են` 9 հարկ: Ամենատարբերվողը, բնականաբար, այն է, որ կա «արդյունահանման հարկ»: Այս հարկատեսակը տարածվում է որոշ օգտակար հանածոների և շինանյութերի արդյունահանման վրա:

Ադրբեջանական ԱԱՀ-ն 18 տոկոս է: Ի տարբերություն Հայաստանում առաջարկվող նոր օրենսգրքի՝ այստեղ գործում է եկամտահարկի պրոգրեսիվ դրույքաչափ (12, 25 և 35 տոկոս սանդղակով): Տեղական հարկ են համարվում ֆիզիկական անձանցից գանձվող հողի հարկը և գույքահարկը: Անսպասելի չէ, որ այս երկրում կատարվող ներդրումների հիմնական մասն ուղղորդված է նավթարդյունահանման ոլորտ:

Հարկային գործող համակարգերի և իրացվող քաղաքականության տեսանկյունից կարելի է արձանագրել, որ առավել հրապուրիչը Վրաստանի տնտեսությունն է: Չուղղորդված (ազգային պատկանելությունը բացառած կամ քաղաքական դրտապատճառներ չունեցող) պարզ ներդրողի համար հենց այս երկիրն է ապահովում ամենափոքր հարկային բեռը մեր տարածաշրջանում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ http://politeconomy.org/?p=3005

Այս խորագրի վերջին նյութերը