Կարծիք

17.02.2019 13:51


Զուտ համահարթ հարկումը հանրությանը ներկայացնելը մանիպուլյացիա է

Զուտ համահարթ հարկումը հանրությանը ներկայացնելը մանիպուլյացիա է

Զուտ համահարթ հարկումը հանրությանը ներկայացնելը մանիպուլյացիա է, քանզի դրանով ստացվում է, որ ցածր աշխատավարձի դեպքում սպասվում է աշխատավարձի 3%, միջին աշխատավարձ ստացող մարդկանց դեպքում`7%, իսկ բարձր աշխատավարձ ստացող մարդկանց դեպքում՝ 16%-ի աճ:

Եթե անգամ չանդրադառնանք այն հանգամանքին, որ հարուստները համապատասխան %-ներով ավելի լավ են ապրելու, իսկ ցածր աշխատավարձ ստացողները էական ոչինչ չեն ստանալու, պետք էր նշել նաև, որ սպասվում է կուտակային բաղադրիչի նախկին դրույքաչափի վերականգնում, այսինքն 2.5%-ի փոխարեն կրկին 5% հարկում, ինչպես նաև ակցիզային հարկի բարձրացում, ինչն էլ բերելու է ՑԱՆԿԱՑԱԾ տեսակի հանրային սննդի կետի և ընդհանրապես սննդամթերքի թանկացման: Փաստացի կարելի էր ասել, որ բարձր աշխատավարձ ստացողների կյանքը լավանալու է մոտ 8-ից 10%-ով, միջին աշխատավարձ ստացողների կյանքը 2-3%-ով, իսկ ցածր աշխատավարձ ստացողների կյանքը ՎԱՏԱՆԱԼՈՒ է 4-5%-ով:

Որպեսզի զուտ քննադատություն չլինի, այլ նաև առաջարկ, Կառավարությանը և ԱԺ-ին առաջարկում եմ ՉԳՆԱԼ նման վտանգավոր և կեղեքիչ քայլի, փոխարենը ներդնել եկամտային հարկի մոդել, ըստ որի եկամտային հարկը նվազում է՝ կապված ընտանիքում երեխաների թվի հետ. այսինքն եռաստիճան հարկային համակարգը պահպանվում է, սակայն ամուսնացած աշխատողի յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար եկամտահարկը նվազելու է որոշակի տոկոսադրույքով. օրինակ մեկ երեխայի համար`1%, երկու երեխայի համար՝ 3% և այսպես շարունակ, իսկ 6 և ավելի երեխա ունեցողները ընդհանրապես ազատվեն եկամտային հարկից: Ամուսնալուծության դեպքում եկամտային հարկի նվազ գանձում իրականացվի այն ծնողից, ում մոտ ապրելու են երեխաները:

Գաղտնիք չէ, որ բազմազավակ են հատկապես ցածր ու միջին խավի ներկայացուցիչները, այդ իսկ պատճառով այդ մոդելը առավել բարենպաստ է հենց սոցիալական հավասարությունը և արդարությունը վերականգնելու համար:

Առավել մանրամասն կներկայացնեմ պատկան մարմինների հետ հանդիպման ժամանակ:

Նման մոտեցումը նախևառաջ կխթանի ծնելիության աճը, կլինի լավ հարկային մոդել, միաժամանակ թույլ կտա սպասվող կուտակայինի բաղադրիչի վերականգման և ակցիզային հարկի բարձրացմանը զուգընթաց առնվազն չծանրացնել և ,ինչու ոչ, բարելավել ցածր ու միջին խավի կյանքը:

Շնորհակալություն:

Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը