Լրահոս

16.02.2019 10:45


Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է

Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է

Ս. Սարգիս զորավարի տոնը Հայաստանում հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվել է իշխան և սպարապետ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից՝ իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա՝ հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»:

Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում:Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայոց մեջ ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Այս խորագրի վերջին նյութերը