Քաղաքական

15.02.2019 13:07


Քոչարյանների օգտին՝ ընդդեմ մամուլի որոշումներ կայացրած դատավորի լիազորություները դադարեցվել են (տեսանյութ)

Քոչարյանների օգտին՝ ընդդեմ մամուլի որոշումներ կայացրած դատավորի լիազորություները դադարեցվել են (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվեցին։ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց որոշումը․ «Քննության առնելով արդարադատության նախարարի պաշտոնակատար Զեյնալյանի 2018 դեկտեմբերի 29-ի ներկայացված միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ելնելով միջնորդության քննության արդյունքներից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, որոշեց՝ Արտակ Զեյնալյանի միջնորդությունը բավարարել, էական կարգապահական խախտման հիմքով Արայիկ Մելքումյանի լիազրությունները դադադարեցնել։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Նշենք, որ մամուլում Արայիկ Մելքումյանի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, նա աչքի է ընկել լրատվամիջոցների դեմ կայացրած վճիռներով` վիրավորանքի եւ զրպարտության հայցերով: Օրինակ, 2009 թ.-ի հունիսի 5-ին` Մելքումյանը հօգուտ Քոչարյանների ընտանիքի վճիռ էր կայացրել, որով «Հայկական ժամանակը» նրանց պետք է վճարեր 3 միլիոն 620 հազար դրամ։ Բացի այդ` «ՀԺ»-ն պետք է վճարեր նաեւ 72 հազար դրամի պետական տուրք։ 2011 թ. հունիսի 6-ին «Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի» գործով թերթը Քոչարյանների ընտանիքին 3 մլն դրամ պետք է վճարեր նրանց վիրավորելու, զրպարտելու, պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկություններ հրապարակելու պատճառով: Դեռ անցած տարի «Հրապարակ»-ը եւս անդրադարձել էր այս դատավորին՝ գրելով, որ նրա գլխին «սև, մութ» ամպեր են կուտակվել, բազմաթիվ դրվագներով դժգոհություններ կան։

Ընդ որում՝ դրանք հասել էր այն մակարդակին, որ ղեկավարությունը Մելքումյանին ասել էր՝ «դիմումդ գրի, գնա», վերջինս էլ «բյուլետեն» էր վերցրել։ Նշենք, որ Ա․ Մելքումյանը դատավոր է աշխատում 2008-ից, իսկ մինչ այդ աշխատել է տարբեր կառույցներում՝ որպես իրավախորհրդատու։

Որոշումը հրապարակելուց հետո Մելքումյանն արագ հեռացավ դահլիճից, նա չցանկացավ լրագրողների հարցերին պատասխանել, միայն նշեց, որ դրա հետ համաձայն չէ, դեռ պետք է ծանոթանա որոշմանը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը