Մեկնաբանություն

15.02.2019 12:01


Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Ի՞նչ ցույց տվեց կառավարության ծրագրի քվեարկությունը

Որևէ մեկը չէր կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագիրը հավանության է արժանանալու խորհրդարանում։ 88–հոգանոց խմբակցությունը հենց դրա համար էլ ձևավորվել է, որպեսզի դակի գործադիր մարմնից եկած ցանկացած փաստաթուղթ։

Կառավարության ծրագրի քվեարկությունը (նաև՝ դրան նախորդած քննարկումը) ցույց տվեց շատ բան, որից կառանձնացնեինք հետևյալը՝

1. Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանրահավաքները, բայց ոչ թե «կամուֆլյաժով» ու «ռյուգզակով», այլ կոստյումով ու ժիլետով։ Հանրապետության հրապարակի փոխարեն նա որպես հանրահավաքի վայր է ընտրել ԱԺ շենքը։

Փաշինյանի զենքը պոպուլիզմն է ու դեմագոգիան, նրա փրկությունը՝ «Սաշիկի 50 տոկոսը» (ի դեպ, Սաշիկի 50 տոկոսներից գոնե մեկ դեպք Փաշինյանի ուժայինները չեն հայտնաբերել. չկա գոնե մեկ մարդ, ով հայտարարի, որ 50 տոկոս փայ են խլել իրենից, բայց Նիկոլը դեռ հին «պլաստինկան» է պտտեցնում), նրա հույսը՝ մարդկանց կարճ հիշողությունը, նրա վախը՝ մարդկանց լավ հիշողությունը, նրա կոմպլեքսը՝ 2017–ին Էդմոն Մարուքյանի հովանու ներքո պատգամավոր դառնալը, նրա խարանը՝ նախկինում հաճախորդ լինելը, նրա խնդիրը՝ գիտելիքների բացակայությունը, նրա դարդը՝ սեփական թիմը, նրա ուզածը՝ իշխանություն, նրա սարսափը՝ իշխանության կորուստը։

2. Խորհրդարանական մեծամասնությունն անդեմ բիոզանգված է, և այդ բիոզանգվածն ամենաապաքաղաքականն է դարձնում ԱԺ–ն նորանկախ Հայաստանի պատմության մեջ։

Եթե 2017–ին ձևավորված խորհրդարանն ապաքաղաքական էր, բայց որոշակի ձևական կողմ պահպանված էր, ապա սա զուրկ է քաղաքական բովանդակությունից։ «Իմ քայլը» խմբակցությունը «list.am»–ի հայտարարությունների միջոցով հավաքված թիմ է հիշեցնում։

3. ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն դեմ քվեարկեցին Փաշինյանի կառավարության ծրագրին, այսինքն՝ ֆորմալ տեսք ստացավ այն, ինչ կար ոչ ֆորմալ ձևով նույնիսկ «թավշյա» օրերին։ Այս երկու ուժն էլ շատ լավ գիտեր, թե իրականում ով է Նիկոլ Փաշինյանը, բայց ապրիլ–մայիսին հանրային տրամադրություններին ու հատկապես ամբոխին դեմ չգնալու և ինչ–որ տեղ նաև սեփական շահերից ելնելով հոսանքի ուղղությամբ գնալու համար էր պաշտպանում Փաշինյանի վարչապետությունը։

Հիմա Փաշինյանի վարկանիշը հանրության վերնախավում շատ ցածր է (իշխանությունից դուրս՝ գրեթե զրոյական, ընդ որում՝ իշխանության ներսի տարբեր հատվածներում էլ է Փաշինյանի վարկանիշը ցածր, ու նա նույնիսկ խոստովանեց այդ մասին), իսկ մյուս շերտերում վարկանշային կորուստը տեղի է ունենում սրընթաց։ Դա էլ հնարավորություն է տվել Գագիկ Ծառուկյանին ու Էդմոն Մարուքյանին դեմ գնալ Փաշինյանին։ Այսինքն, անել այն, ինչ ցանկանում են, այլ ոչ թե ինչ ստիպված են անել։

Նախկինում ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն գրեթե նույնպիսի ճնշման տակ էին, ինչպիսի ճնշման տակ որ հայտնվել էր ՀՀԿ–ն։ Հիմա Փաշինյանը եթե անգամ շատ ուզենա, չի կարող նմանատիպ ճնշում ապահովել։

4. Ծրագիրն ու այս կառավարության 9–ամսյա գործունեությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչու էր Փաշինյանը շտապում արտահերթի գնալ։

Եթե արտահերթը լիներ այս տարվա մայիսին, ապա «Իմ քայլի» «խփած» տոկսները, մեղմ ասած, այնպիսին չէին լինի, ինչպիսին նախորդ տարվա դեկտեմբերին։ Փաշինյանը դա զգում էր ու դրա համար գնաց արտահերթի։

5. Երբ կա ասելիքի բացակայություն, անմիջապես բարձրացվում է «Վատիկանի դրոշը», որպեսզի «թունդ» էֆեկտներ ապահովվեն։ Փաշինյանին միշտ անհրաժեշտ են շոուներ, որպեսզի թաքցվի բովանդակության բացակայությունը։

6. Այս կառավարության գործունեության ժամկետի հետհաշվարկը միացրած է, և այն միացրել է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած ներքին ու արտաքին քաղաքականությամբ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը