Կարծիք

15.02.2019 09:05


2018-ը թվերով. առաջին պաշտոնական տվյալները

2018-ը թվերով. առաջին պաշտոնական տվյալները

Վիճվարչությունը հրապարակեց 2018-ի տարեկան առաջին հաշվետվությունը: Բարդ չէ ենթադրելը, որ այն ավելի շատ կվերլուծվի ու կքննարկվի, քան նախորդ տարիներինը:

Որքան էլ որ վերապահ վերաբերմունք կա պաշտոնական վիճակագրության նկատմամբ, այնուամենայնիվ, այն իրական պատկեր արձանագրում է:

Այս հաշվետվությունն արձանագրում է, որ 2018-ին տնտեսական ակտիվությունը 5.8 տոկոս է: Ավելին՝ արդյունաբերության 4,3–տոկոսանոց աճ է արձանագրված, շինարարության` 4,5–տոկոսանոց, առևտրի` 8,7–տոկոսանոց, ծառայությունների` 18,8–տոկոսանոց:

Բնական է, որ իշխանամետ մասնագետներն անդադար այս փաստերը շեշտելու են: Բայց մակրոտնտեսական այս ցուցանիշներով չի ավարտվում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի նկարագիրը: Միշտ էլ վիճակագրական հաշվետվություններում կարելի է գտնել թվեր ու փաստեր, որոնք դուրս են սպրդում աճի ու առաջընթացի ընդհանուր պատկերից:

Ոչ մի մասնագետ ի վիճակի չէ բացատրել, թե ինչպես կարող են զարգանալ արդյունաբերությունն ու շինարարությունը առանց երկրում էլեկտրաէներգիայի արտադրության աճի: Էներգաարտադրությունը 2018-ին մնացել է 2017-ի մակարդակին: Այս փաստը տնտեսության մյուս ճյուղերի աճը, մեղմ ասած, կասկածի տակ է դնում:

Մակրոտնտեսական բլոկի թվերից հստակ է, որ արտաքին առևտրի ոլորտում էլ դրական փոփոխություններ չկան: Ներմուծումների աճը (21,1 տոկոս) շարունակում է առաջանցիկ մնալ արտահանումների (աճը` 7,8 տոկոս) նկատմամբ: Արտաքին հաշվեկշիռը շարունակում է մնալ բացասական: 2018-ին հաշվեկշռի բացասական սալդոն գերազանցում է արտահամնան ցուցանիշը: Արտահանվել է մոտ 2 մլրդ 412 մլն դոլարի ապրաք, ներմուծվել 4 մլրդ 963 մլն դոլարի: Բացասական սալդոն (2 մլրդ 551 մլն դոլար) մոտ 139 մլն դոլարով գերազանցում է արտահանումների ծավալը:

Կարելի է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ աշխատավարձերի աճը (3,8 տոկոս) գերազանցում է գնաճի պաշտոնական ցուցանիշը: Բայց այն նկատելի հետ է մնում տնտեսական ակտիվության ցուցանիշից: Հետևաբար, այստեղ էլ հպարտանալու առանձնահատուկ բան չկա:

Անցած տարվա սոցիալ-տնտեսական ցուցանիշներում ուշադրության արժանի է նաև գյուղատնտեսության ոլորտը, ուր 7,6 տոկոս անկում է գրանցվել: Այն ձևավորվել է բուսաբուծության ոլորտում 12,1–տոկոսանոց և անասնապահության ոլրրտի 2,7–տոկոսանոց անկումներով:

Հետաքրքիր փաստ է նաև, որ վիճակագիրները փոխել են գործազրկության հաշվարկի մեթոդաբանությունը: Նման փոփոխություններից հետո, սովորաբար, ավելի դրական պատկեր է առաջանում: Մինչդեռ այս անգամ տրամագծորեն հակառակ բան է ստացվել: Նախկին մեթոդաբանությամբ գործազուրկ պիտի համարվեր 200,3 մարդ: Մինչդեռ նոր մեթոդաբանությամբ հաշվարկի արդյունքում գործազուրկների թիվը շատ ավելի է` 233,7 մարդ; Աշխատուժի շուկայի պատկերն էականորեն փոխվել է: Նախկին մեթոդաբանությամբ պիտի հաշվարկվեր, որ զբաղվածների (աշխատանք ունեցողների) քանակը պիտի կազմեր 1 մլն 107 հազար մարդ: Հիմա պաշտոնապես այլ թիվ է նշվում` 930,8 հազար մարդ: Այլ կերպ ասած, յուրաքանչյուր մարդ կարող է իրեն հետաքրքրող տեղեկությունը գտնել 2018-ի մասին առաջին պաշտոնական հաշվետվության մեջ:

Ես լրացուցիչ երկու փաստ եմ ուզում առանձնացնել: Նախ` անցած տարի մեր երկրի բնակչությունը շարունակել է նվազել: 2019-ի սկզբի դրությամբ՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հայտարարված է 2 մլն 965,1 հազար մարդ (2018-ի հունվարի 1-ին 2 մլն 972,7 հազար էր): Երկրորդ փաստը պիտի որ հետաքրքրի բնապահպաններին` 2018թ Հայաստանում փայտամթերման իրացման ծավալները աճել են անհավանական (բնապահպանները, հավանաբար, կգերադասեին անհավանականի փոխարեն ասել անտանելի, անթույլատրելի, վայրագ և այլն…) տեմպով: Հաշվետվության մեջ փայտամթերման աճի տվյալը նույնիսկ տոկոսով չի արտահայտված: Պարզապես գրված է` ավելացել է 2,2 անգամ: Ուրիշ նման թռիչքային աճ որևէ այլ ոլորտում չկա:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը