Քաղաքական

14.02.2019 15:27


ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ ներկայիս պատգամավոր էդուարդ Բաբայանին

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ԱԺ ներկայիս պատգամավոր էդուարդ Բաբայանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու համար։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինե Օհանջանյանը տեղեկացրեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր մարմնական վնաս պատճառելը, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ՛ ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ Դատախազության հանրային կապերի բաժնից խոստացան ավելի ուշ պաասխանել «Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք մեղադրական եզրակացությունն արդեն հաստատվե՞լ է, թե ոչ։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 2-ին. մարզիկի հայրը ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» ՀԲԿ էր տեղափոխվել ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահից, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում բռնցքամարտիկների եւ օլիմպիական կոմիտեի ղեկավարության միջեւ։ Հանդիպմանը Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր Վյաչեսլավ Հարությունովի միջեւ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով չեմպոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ եւ հայտարարել, որ մարզիկի հորը ծեծելու կասկածանքով Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Էդուարդ Բաբայանին ձերբակալելու մասին։

Ավելի ուշ՝ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ գործն ուղարկել են ՀՔԾ, քանի որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ»։ Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանին մեղադրանք չի առաջադրվել։

Նշենք, որ Էդուարդ Բաբայանը համարվել է Գագիկ Ծառուկյանի թիկնապահը եւ մշտապես նրան ուղեկցել հանդիպումների ժամանակ։ Քննության ընթացքում Էդուարդ Բաբայանը սակայն ներկայացել է որպես Գագիկ Ծառուկյանի խորհրդական։ Իսկ հարուցված քրեական գործն էլ չխանգարեց, որ նա առաջադրվի որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվի պատգամավոր։

Ի դեպ, նշենք, որ ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական կենսագրական տվյալների համաձայն՝ Էդուարդ Բաբայանը Ծառուկյանի խորհրդական աշխատելուն զուգահեռ եղել է նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ 6-րդ վարչության աշխատակից։

Աղբյուրը` «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը