Մեկնաբանություն

14.02.2019 14:48


«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

«Ժողովրդի վարչապետը» տապալում է սահմանադրական կարգը. Փաշինյանը գնում է Սահակաշվիլո՞ւ ճանապարհով (տեսանյութ)

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ ու վտանգավոր հայտարարություն է արել: Նա բացահայտել է «տնտեսական հեղափոխության» բոլշևիկյան բնույթը: Ըստ նրա՝ կառավարությունը պատրաստվում է ներդնել մի մեխանիզմ, որի օգնությամբ հնարավոր է լինելու մասնավոր գույքի բռնագանձում իրականացնել առանց մեղադրական դատավճռի: Այսինքն՝ Փաշինյանը ոչ թե սուպերվարչապետական լիազորություններ է ուզում, այլ սուպերի քառակուսի վարչապետական լիազորություններ՝ սուլթանություն:

Փաշինյանն ասում է, որ իրենք առաջնորդվելու են մեղավորության կանխավարկածով: Եթե իրենց թիրախում հայտնված որևէ մեկը չկարողանա ապացուցել, թե որտեղից իրեն այս կամ այն գույքը, ապա նրանից դա վերցվելու է՝ շրջանցելով դատական համակարգը:

Սա առաջին հայացքից ողջունելի որոշում է հատկապես լյումպեն պրոլետարիատի համար, բայց մեղավորության կանխավարկածի կիրառումից առաջինը հենց լյումպեն պրոլետարիատն է տուժելու այնպես, ինչպես տուժեց նախորդ դարասկզբին ու սովի մատնվեց:

Մի կողմ թողնելով հարցի քաղաքական կողմը, որը, անշուշտ, հիմնականն է այս գործընթացում՝ դիտարկենք գույքի խլման փաշինյանական մեխանիզմի իրավական կողմը: Այսինքն՝ թեման վերլուծենք առանց էմոցիաների ու անկախ անձերից:

ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:

Ըստ 60-րդ հոդվածի (սեփականության իրավունքը) 4-րդ կետի՝ «Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի»:

Հիմա եթե առանց դատական վճռի Փաշինյանը պատրաստվում է ունեզրկել որևէ մեկին, ապա դա սահմանադրական կարգի տապալում է և մարդու իրավունքների (սեփականության իրավունք) կոպտագույն խախտում: Անձերը պետք է մի կողմ դնել տվյալ դեպքում ու սկզբունքին նայել:

Եթե կլինի քննություն, կլինեն իրավական հիմնավորումներ, որ տեղի է ունեցել, ժողովրդական լեզվով ասած, թալան, ապա մրցակցային, թափանցիկ ու արդար դատավարության արդյունքում թող լինի համապատասխան վճիռ: Իսկ եթե շրջանցելով դատարանը պետք է գույք բռնագրավեն, ապա դա դեպի տոտալիտարիզմ տանող ուղիղ ճանապարհն է և գերթալանչիական համակարգ ստեղծելու ծրագիրը: Դա նաև քաղաքական, տեղեկատվական ու քաղաքացիական դաշտն ամբողջությամբ ոչնչացնելու ծրագիր է, որը «ժողովրդի վարչապետին» հնարավորություն կտա ցմահ իշխել: Սակայն նա պետք է իմանա, որ Հայաստանն արմենբաշի պահելու ռեսուրս չունի:

Ի դեպ, նմանատիպ «անցումային արդարադատություն» Վրաստանում իրականացրել էր տխրահռչակ Սահակաշվիլին: Արդյունքում՝ տեղի ունեցավ սեփականության տոտալ խլում ու վերաբաշխում. տնտեսությունը տուժեց, «ազնիվ հեղափոխականները» դարձան թալանչիներ:

Վրաստանում Սահակաշվիլու կիրառած «մեղավորության կանխավարկածով» տուժել է շուրջ 36 հազար տնտեսվարող սուբյեկտ, իսկ պաշտոնապես բանտերով անցել է ավելի քան 200 հազար մարդ (այդ 200 հազարը հաստատ «նախորդ հանցավոր ռեժիմը չէր ներկայացնում): «Վարդերի հեղափոխության» առաջնորդը հենց դրա արդյունքում հեռացվեց իշխանությունից ու հիմա փախած է Վրաստանից, իսկ նրա շրջապատի 80 տոկոսը կոռուպցիոն մեղադրանքներով կա՛մ հետախուզման մեջ է, կա՛մ բանտում:

Փաշինյանի ու իր թիմակիցների համար Վրաստանի օրինակը պետք է որ դաս լինի, եթե, իհարկե, այդքան ողջամտություն ու հեռատեսություն ունեն գոնե մոտ ապագան տեսնելու համար:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը