Հարցազրույց

12.02.2019 20:29


«Դեժավյուի զգացողություն ունեմ, կարծես վերադառնում ենք 90-ականների սկիզբ». Լարիսա Ալավերդյան

«Դեժավյուի զգացողություն ունեմ, կարծես վերադառնում ենք 90-ականների սկիզբ». Լարիսա Ալավերդյան

«Անկախի» զրուցակիցն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, Հանրային խորհրդի անդամ Լարիսա Ալավերդյանը։

-Տիկին Ալավերդյան, կառավարության ծրագիրն արդեն հայտնի է, քննադատություններն ուղղված են հատկապես թվերի բացակայությանը և ծրագրի ոչ պրոֆեսիոնալ լինելուն։ Ի՞նչ տպավորություն եք ստացել Դուք։

-Ճիշտն ասած, շատ դժվար է դա կոչել ծրագիր։ Դա ավելի շատ հռչակագիր է, որը պետք է նախորդի ծրագրին։ Ընդհանրապես կառավարության ծրագիրը մեկ նյութ չէ, այն հետագայում պետք է օժանդակվի բավականին մանրակրկիտ նյութերով՝ կարճաժամկետ ծրագրով, գործողությունների պլանով և այլն։ Իսկ եթե համեմատենք անցյալ ծրագրերի հետ, անշուշտ, սա ավելի հռչակագրային է։ Բայց ամեն դեպքում, կարող է շատ լավ ծրագիր գրված լինել և հետագայում քաղաքական կամքի պակասի կամ մեկ այլ պատճառով չիրագործվել։ Ես ակնկալում եմ, որ մենք դեռ կստանանք լուրջ փաստաթղթեր և ամենակարևորը՝ կլինեն քննարկումներ մասնագիտական խմբերի հետ (նախկինների թերացումներն ու տապալումները կապված էին հենց նրա հետ, որ չէին լսում մտածող, ունակ, արհեստավարժ մասնագետներին)։ Բացի այդ, ես ուզում եմ վերջապես ռազմավարություն տեսնել։ Մենք այդպես էլ ռազմավարական տեսլական երկարաժամկետ առումով չտեսանք որևէ իշխանությունից։ Իսկ եթե այն չկա, անգամ ամենալավ ծրագիրը չի կարող հաջողություն ունենալ։ Պետք է երևա 10-20 տարվա մի հանգրվան, թե որտեղ ենք մենք ցանկանում հայտնվել։ Պետք է հստակեցնենք, թե հիմա որտեղ ենք, ինչ ունենք։ Չենք կարող ամեն ինչ ջնջել ու սկսել զրոյից։

-Բայց այդ միտումը կարծես թե կա՝ այն ամենը, ինչ կապ ունի անցյալի հետ, «վատն է», «սխալ է», պետք է ստեղծել նորը։

-Մարդկության պատմությունը ապացուցել է, որ հեղափոխություններից, իշխանափոխություններից հետո միայն այն երկրներն են հաջողության հասնում ու գնում առաջ, որոնք օգտվում են նախորդների դրական արդյունքներից և դասեր են քաղում նախորդների սխալներից։ Նրանք, ովքեր ջնջում են ամեն ինչ և սկսում զրոյից, ոչ միայն կարող են նահանջել, այլ ուղղակի տապալվել։

-Ապրիլ-մայիսյան իրադարձություններից ընթացքում հասարակության մեջ դրական մեծ էներգիա կուտակվեց, փոփոխությունների ու առաջընթացի հույս առաջացավ։ Բայց հիմա որոշ դեպքերում, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կարծես թե հետընթաց ենք արձանագրում։ Այդպե՞ս է։

-Գիտե՞ք, ավելի մեծ ոգևորություն ու ավելի մեծ ներուժ կար Արցախյան շարժման ժամանակ։ Մինչ օրս ես ցավով եմ նշում, որ առաջին իշխանություններն ուղղակի չգտնվեցին այն բարձունքի վրա, որը թելադրում էր այդ շարժման գաղափարախոսությունը։ Խիստ հակառակը՝ այդ տարիների իշխանության գործունեությունն ուղղված էր քանդելուն։ Ես հիմա դեժավյուի զգացողություն ունեմ։ Կարծես թե պատմությունը կրկնվում է, և վերադառնում ենք 90-ականների սկիզբ։ Այն ներուժը, որ բարձրացել էր ապրիլ-մայիսյան օրերին, մի հսկայական էներգետիկ դաշտ էր, որի վրա հենվելով կարելի էր հավակնոտ հայտ ներկայացնել։ Բայց ես մտավախություն ունեմ, որ կարող է տեղի ունենալ այն, ինչ ունեցանք 90-ականներին, երբ շարժման ողնաշարն ուղղակի կոտրեցին։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների ոլորտին, ապա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ շեշտակիորեն ավելացել են մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքները։ Ո՞րն է եղել մեր ամենամեծ խնդիրը անկախացած Հայաստանում՝ անկախ դատական իշխանությունների բացակայությունը։ Այսօր ևս ունենք մի զարհուրելի պատկեր։ Ես չեմ խոսի հայտնի դեպքերից, կբերեմ մի սովորական օրինակ։ Մեր կազմակերպությունը մի քանի դատական գործերի մեջ է, որոնցից մեկն ավարտվեց օրեր առաջ։ Դատախազը ոսկերչական աշխատանք էր կատարել, օրենքի, միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան կարողացել էր ներկայացնել մեղադրանք ոստիկանի դեմ, որը դաժան վերաբերմունք էր դրսևորել քաղաքացու նկատմամբ Իջևանի ոստիկանությունում։ Դեպքը տեղի է ունեցել շուրջ երկու տարի առաջ։ Բայց դատավորն, անհիմն ձգձգելով գործը և ի հակառակ ներկայացված ծանրակշիռ փաստերի, ամբողջովին արդարացրեց ոստիկանին։ Փաստորեն, արատավոր համակարգը չի փոխվել։

-Տիկին Ալավերդյան, այնուամենայնիվ, կցանկանայի լսել Ձեր կարծիքը նաև կոնկրետ գործի մասին, քանի որ այն առնչվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Խոսքը գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի հետ կապված հարցն է։

-Տարիներ շարունակ ես նախորդ իշխանություններին քննադատում էի և ասում՝ այդ ո՞ւմ պատիվն է ավելի բարձր, քան իմ պետության պատիվը, այդ ո՞ւմ համար եք այդպես ջանում և տապալում իմ երկրի համբավը։ Ցավոք, հիմա նույնը այս իշխանություններին պետք է ասեմ։ Մենք պետք է վերջ տանք անփույթ գործելաոճին։ Տպավորություն է, որ այն դատավորները, որ տարիներ ի վեր նայում էին, թե ինչ են ուզում նախորդ իշխանությունները, հիմա ձգտում են ավելի «պայծառ» երևալ նոր իշխանությունների աչքին։ Ի դեպ, նախորդ իշխանությունների ժամանակ մենք պետք է շատ մանրակրկիտ զննեինք, որ կարողանայինք ապացուցել այս կամ այն միջամտությունը դատական գործընթացին կամ դատավարական իրավունքների ոտնահարումը։ Հիմա դա երբեմն ակնհայտ է։ Հիմա կատարվում են ամբողջովին նոր տիպի սխալներ։ Ի՞նչ գործ ունի իրավապահ մարմինը, որ մինչ դատարանի վճիռը հայտարարություններով հանդես գա այդ գործերի մասին, նախապես նախանշի մեղավորներին, ձևակերպի նրանց մեղքի չափը, այն էլ հրապարակավ։ Ամբողջովին դատապարտում եմ սխեման, որն այսօր որդեգրել են նոր իշխանությունները՝ սկզբից ստեղծել հանրային կարծիք, հետո սկսել անփույթ ձևով նախաքննություն, կանխորոշել խափանման միջոցը, ենթարկել անհիմն կալանքի, հետո էլ ՄԻԵԴ-ի վճիռը կիսատ կատարել, կասկածելի մեկնաբանություններով հանդես գալ և այլն։ Կամ ի՞նչ է նշանակում հայտարարել, թե մարտի 1-ի գործն ամբողջովին բացահայտված է։ Եվ ամենավատն այն է, որ դա մարդկանց գիտակցության մեջ է մտնում։ Մի՞թե կա դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռ, որի մասին մենք տեղյակ չենք։ Ես ունեմ կոնկրետ առաջարկություն Ազգային Ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովներին՝ հրավիրել ոլորտների փորձագետներին և խորհրդարանում կազմակերպել քննարկում «Իրավունքը և օրենքը այսօրվա Հայաստանում» թեմայով։

-Վերջին շրջանում մի այսպիսի միտում է նկատվում․ անկախության տարիներին իրականացված սխալները, հանցանքները վերագրվում են միայն նախորդ երկու իշխանություններին՝ կարծես մաքրագործելով Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիները։ Դուք նման բան նկատո՞ւմ եք։

-Նախ եկեք հաշվի առնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը բավականին մեծ տեղ ունի այսօրվա իշխանության մեջ, որը գաղափարահոսական առումով էլ ուղղակի կրողն է առաջին նախագահի հայացքների։ Իսկ նրա իշխանության տարիների թույլ տված սխալների արդարացումը նշանակում է կեղծել պատմությունը։ Հիշեցնեմ, որ հենց առաջին իշխանությունների ժամանակ է ամբողջովին ոչնչացվել արդյունաբերությունը, դեգրադացվել գյուղատնտեսությունը, անտեսվել գիտությունը, տապալվել են սոցիալական ապահովության բոլոր մեխանիզմները, օլիգարխիկ համակարգը սերմանվել է առաջին իշխանությունների օրոք։ Ի վերջո հիշենք 1995թ. խորհրդարանական ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի, ինչպես նաև 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը, որով Լ. Տեր-Պետրոսյանը զավթեց իշխանությունը և այլասերեց շարժման ամբողջ գաղափարախոսությունը։ Դա այնպիսի ցնցում էր, որ շատերը հենց այդ ժամանակ հիասթափված լքեցին Հայաստանը։ Այդ ժամանակ առաջին նահագահը և նրա թիմակիցները հնչեցրեցին նաև «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է», «հայերը նոր են դառնում ազգ» և նման այլ արտահայտություններ։ Ես կարծում եմ՝ արժեհամակարգը, որի կրողն էր առաջին նախագահը ու այն ժամանակվա վերնախավը, մեծամասամբ և տարբեր ձևերով արտացոլվում է նաև այսօր։ Վերջապես, ազգային մասնագիտական ներուժի նկատմամբ արհամարհանքը հիշեցնում է 90-ականներին սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականությունը։

-Անդրադառնանք Արցախյան հիմնախնդրին։ Շատերս վերջին շրջանում անհանգստություն են զգում: Տպավորություն է, որ ինչ-որ բան է տեղի ունենում, որի մասին հասարակությունը տեղյակ չէ։ Հանդիպում են ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ինչ-որ քննարկումներ են լինում, դրսից հայտարարություններ են հնչում։ Այս ամենը Ձեզ ինչ-որ բան հուշո՞ւմ է։

-Ես սկսեմ մի դրական դիտարկումից։ Վերջապես այդ հանդիպումները կոչվում են հանդիպումներ, այլ ոչ թե բանակցություններ։ Ես այս տարիներին անդադար պայքարել եմ և ասել, որ կոռեկտ չէ այդ հանդիպումները անվանել բանակցություններ, քանի դեռ բանակցությունների սեղանի շուրջ անմիջապես ներկա չեն Արցախի իշխանությունները։ Բացի այդ, միշտ քննադատել եմ նախորդ իշխանություններին՝ ասելով՝ «Հարգելինե՛րս, սեղանին այդ պիղծ Մադրիդյան սկզբունքները չե՞ն, Հայաստանը քանի՞ նախաձեռնությամբ է հանդես եկել, որ փոխվեն դրանք, ո՛չ մի։ Իսկ Ադբեջանը անընդմեջ, բոլոր հարթակներում այս տարիներին կուտակել է փաստաթղթեր, որոշումներ, որպեսզի ապացուցի իր «իրավունքը» Արցախի հարցում։ Արցախը և Հայաստանը ամեն ինչ արել են, որ պաշտպանեն իրական ստատուս-քվոն, ինչը գնահատելի է, բայց իրավունքի առումով ոչինչ չի արվել։ Հիմա էլ չեմ տեսնում, թե իրավական առումով ինչ է արվում, բայց լավ է, որ գոնե ասում են «հանդիպում» և ոչ թե «բանակցություն»՝ նշելով, որ Հայաստանն Արցախի փոխարեն իրավասու չէ որոշել։ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում մենք հաջողություն կունենանք, եթե բանակցությունները հանենք ի սկզբանե խեղաթյուրված հունից, որ սկիզբ է առել 90-ականներից և հետագայում ձևակերպվել է որպես Մադրիդյան սկզբունքներ։ Անդրադառնանք այն կիսագրագետ, կիսատ-պռատ զրույցներին այսպես կոչված «խաղաղության» մասին։ Ոմանց թվում է, թե դա «խոհանոցային» զրույց է, բայց խաղաղության մշակույթը բարձր քաղաքական տեխնոլոգիա է, այն պահանջում է բազմակողմանի իմացություն ամենատարբեր ոլորտներում։ Այն, ինչ հիմա խաղաղության անվան տակ մատուցվում է հասարակությանը, դա ամբողջովին իմիտացիա է, այդ հասկացության բովանդակության խեղաթյուրում։ Ցեղասպանական գործողություններ իրականացրած և ցեղասպանական քաղաքականություն իրականացնող հարևան պետության հետ հարաբերվելու ի՞նչ ռազմավարական ծրագրի շրջանակում ենք խաղաղության պատրաստում ցեղասպանական սպառնալիքների ներքո գտնվող տարածաշրջանի հայությանը։ Մեր հասարակությունն ունի բավարար մարդկային ու քաղաքական կամք և համոզված է, որ ազատագրված հողերը ոչ միայն Արցախի անվտանգության, այլև ողջ հայության անվտանգության երաշխիքն են։ Ես կարծում եմ, որ դա լսելի կդառնա նաև նոր քաղաքական վերնախավին։

-Տիկին Ալավերդյան, իշխանությունների հասցեին քննադատություններ հնչեցնելն այսօր մեծ քաջություն ու ամուր նյարդեր է պահանջում՝ հատկապես սոցիալական ցանցերում անհանդուրժողականության ֆոնին։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ ամենին։

-Իմ լսարանը սոցիալական ցանցերը չեն, իմ լսարանը գրագետ, կայացած քաղաքացիներն են։ Ես քննադատել եմ նախորդներին, քննադատում եմ նաև ներկա իշխանություններին։ Ես այս պետության քաղաքացին եմ և իմ երկրի հանդեպ պակաս պատասխանատվություն չեմ զգում, քան ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա։ Հետևաբար ես պարտավոր եմ խոսել և կխոսեմ։

Այս խորագրի վերջին նյութերը