Հայ գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին Լոռիում` Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։
Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ Մոսկվայում ավարտել է բարձրագույն սցենարական դասընթացներ։ Սովորելուն զուգընթաց՝ աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունն սկսել է 60-ական թվականներից։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժել են: Այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։
Ընթերցողների շրջանում ակնարկը շատ լավ է ընդունվել։ Մաթևոսյանի հետագա ստեղծագործությունը պետք է առնչվեր գյուղին։ Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվում էին գյուղական կյանքի պատկերների միջոցով:
1960-ականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Մաթևոսյանը գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում: Դրանցում արտացոլված էր ժամանակակից մարդու հոգեբանությունը։
«Մենք ենք, մեր սարերը» վիպակում շեշտված է բողոքն այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։ Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործում՝ «Աշնան արևը» վիպակում։ «Տերը» վիպակի հերոսը ևս գյուղացին է։
Մաթևոսյանի գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։ Ստացել է նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Մահացել է 2002 թվականին:
Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է
Հայ գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին Լոռիում` Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։