Մեկնաբանություն

12.02.2019 10:50


«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

Բազմիցս առիթ ունեցել ենք գրելու, որ նախորդ տարվա մայիսից հետո մենք ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն ենք ձևավորել, այլ մենք գործ ունենք հին Հայաստանի վերջին իշխանության հետ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձևով տարբերվում է նախորդից, իսկ ահա բովանդակությամբ շատ ավելի վատն է, քան հինը։ Հինը մերժելի էր, իսկ սրանք՝ ավելի վատը։

Փաշինյանենք վերցրել են հնի բացասականն ու է՛լ ավելի այլասերված ձևով յուրացրել։ Սրանք հնին կապկում են բոլոր հարցերում ու դառնում ավելի մերժելի։ Ու քանի որ բովանդակությունները զրո է, ուստի տակը բան չի մնում։ Ավելի ճիշտ՝ մնում են հովանոցն ու «շոփփինգը»։

ԵԿՄ–ն՝ լակմուսի թուղթ

Իշխանափոխությունից հետո հետաքրքիր էր, թե ինչ մոտեցում է ցուցաբերելու նոր իշխանությունը ԵԿՄ–ի հանդեպ։ Սկզբում «մեսիջներ» տվեցին, թե, իբր, նախկինի գործելաոճը չի պահպանվելու։ Սասուն Միքայելյանը չեմուչում էր անում ԵԿՄ նախագահ դառնալու հարցում, բայց, ի վերջո, ամեն ինչ ընկավ իր տեղը։

«Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջադրվել է ԵԿՄ նախագահի թեկնածու։ Սա, իհարկե, ձևական կողմն է, քանզի Միքայելյանին արդեն կարելի է ԵԿՄ նախագահ համարել։

Միքայելյանն իր մտածելակերպով, անցած ուղով ու ներկայով այնքան նման է Մանվել Գրիգորյանին, որ նրա տեղն իրոք ԵԿՄ նախագահի աթոռին է, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանն էլ Սերժ Սարգսյանին է փորձում նմանակել, բայց զիջում է վերջինիս։

Սասունն ու Մանվելն ունեն մարտական անցյալ, թեև առաջինը զիջում է երկրորդին իր այդ դերակատարմամբ։ Երկուսի տղաներն էլ իրենց ծննդավայր քաղաքներում քաղաքապետ են դարձել, և դա պատահաբար համընկել է այն ժամանակաշրջանի հետ, երբ հայրերը եղել են իշխանության մեջ։

ԵԿՄ–ն լակմուսի թուղթ է։ Այդ կառույցը Լևոն Տեր–Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը ստեղծեցին, որպեսզի օգտագործեն պատերազմն անցածներին ու նրանց կցված «ասֆալտի ֆիդայիներին» ներքաղաքական նպատակներով (ընտրակեղծիքներ, հետընտրական լարվածություններ և այլն)։ Հետագայում այդ գործիքը փոխանցիկ դրոշի պես անցավ հաջորդներին։

Մանվել Գրիգորյանը ԵԿՄ նախագահ դարձավ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո։ Նա միայն երկու անգամ տատանվեց՝ 1999–ին ու 2008–ին, բայց շատ արագ «շողուլի» եկավ։ Մնացած դեպքերում ԵԿՄ–ն մշտապես օգտագործվել է իշխանությունների կողմից ու ընդդիմախոսների դեմ։

Հիմա եթե իրենց հեղափոխական հռչակած իշխանությունները շարունակում են հնի ավանդույթները, նշանակում է՝ շատ լավ հասկացել են, որ եթե հասնեն հաջորդ ընտրություններին, ապա չեն կարողանալու յոլա գնալ առանց այնպիսի կառույցի, ինչպիսին կիսառազմականացված ու կիսակրիմինալ ԵԿՄ–ն է։

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա նա քայլարածների մոտ ունի «չուժակի» կարգավիճակ։ ԵԿՄ նախագահ դառնալով՝ նա իր դիրքերն է ամրապնդում ներիշխանական հարաբերություններում։

Սասունը հին մարդ է։ Նա շատ լավ գիտի, որ վաղը մյուս օրը բոլոր տիպի կապիկություններն իրենց սպառած կլինեն, և իշխանությունը ստիպված կլինի ընտրություններում ու մյուս դեպքերում դիմել տարբեր օդիոզ շրջանակների։ ԵԿՄ–ն այս հարցում անգերազանցելի է։ Մի խոսքով, նիկոլենք, նախորդների հանգույն, պատրաստվում են հաջորդ ընտրություններին։

Ինչպես ասում են՝ «գըմփ–գըմփ–հո՛ւ»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը