Մեկնաբանություն

11.02.2019 12:10


Խոցում հովանոցով (տեսանյութ)

Խոցում հովանոցով (տեսանյութ)

Նոր իշխանությունները նեղսրտում են, ավելի ճիշտ՝ հունից դուրս գալիս և նյարդայնանում, երբ իրենց վարքուբարքը խոշորացույցի տակ են առնում։

Նրանք և հատկապես նրանց կանայք իրենց տեղը չեն գտնում, երբ համացանցում ճիշտ կամ սուտ լուրեր են տարածվում իրենց գնումների, հագուկապի, արտասահմանյան թանկարժեք շրջագայությունների ու նմանատիպ այլ բաների մասին։

Սրանք զարմանում են, թե ինչու են սուտ լուրեր տարածում իրենց մասին, և կաշվից դուրս են գալիս՝ ապացուցելու համար, որ իրենք այդպիսին չեն։ Նաև զարմանում են, թե ինչու են մարդիկ այլ բաները թողած՝ ընկել իրենց պայուսակի, բոթասների, շոփփինգի, քեֆերի վրա արված ծախսերի, կերած խաշի ու վերարկուի հետևից։

«Թավշյա» տիկնայք և պարոնայք ապշած են, թե ինչու են մեդիան ու ֆեյսբուքահայությունն իրենց, պատկերավոր ասած, խոցում հովանոցով։

Այս ամենի պատճառն ու պատասխանը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է փնտրեն իրենց մեջ ու իրենց անցյալում։ Անցյալը բումերանգի պես հետ է վերադարձել ու խփում է ճակատներին։

Իրենք էին նախկինում բովանդակային հարցերը մի կողմ թողած՝ էժանագին թրոլլինգներ անում, պոպուլիզմով զբաղվում, իշխանության հետ խաղեր տալիս ու միաժամանակ մաս կազմում ներիշխանական մուտիլովկաներին, խոսում համատարած թալանից ու միաժամանակ փայ մտնում այդ թալանի մեջ՝ ձեռքի հետ պատգամավոր դառնալով։

«Դեղինմամուլային» հերոսներ են դարձել «հեղափոխականները» և հատկապես նրանց կանայք նաև այն պատճառով, որ փաշինյանական իշխանությունը զուրկ է բովանդակությունից, արձանագրում է հիմնականում բացասական ցուցանիշներ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական ոլորտներում, աչքի է ընկնում օդիոզ կադրային նշանակումներով ու չհիմնավորված որոշումներով։ Դե, քանի որ բովանդակությունը չկա, աչք է ծակում ձևը, որը նախորդի այլասերված տարբերակն է դարձել։

Ամբոխահաճո և ամբոխավար այս իշխանությունն ամբոխին անընդհատ կերակրել է ստերով ու կեղծ սպասումներով։ Ու հիմա ամբոխը պահանջում է նյութապես կերակրել իրեն ու բարելավել իր կյանքն այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ որ ասֆալտին պառկողների, փողոցում հավայի գոռգոռացողների ու փողոց փակողների անձնական կյանքը փոխվեց, և իրենք սկսեցին իշխանության ձևական ատրիբուտներն արագ յուրացնել՝ բովանդակային առումով զիջելով անգամ մերժելի նախորդ իշխանությանը։

Պարգևավճարները, «պադավատները», վերարկուներն ու հովանոցները մղվել են առաջին պլան, քանզի մնացած առումներով դատարկություն է։

Ամբոխով եկողն այժմ ամբոխի բերանի ծամոնն է դարձել։ Քանզի բոլորն են տեսնում, թե ինչպես երեկվա «ազնիվ ու մաքուր ջահելները» սկսեցին «բուրժույսկի կայֆեր» անել, «ուղղաթիռի միս ուտել» ու դեմքի լուրջ արտահայտությամբ նմանակել մերժելի խաղի կանոնները։

Հարցն այն չէ, որ պաշտոնյան պետք է սպասարկող մեքենա չունենա։ Իհարկե, պետք է ունենա, բայց հարցն այն է, որ նախկինում սրանք են քննադատել «ջիպերն» ու քեֆերը՝ բովանդակային հարցերը մղելով հետին պլան ու խաղալով լյումպենի ստորին բնազդների վրա։ Ատելություն և չարություն են ցանել ու հիմա ստանում են ցանածի տասնապատիկը, բայց սրանք դեռ ծաղիկներն են։

Ամբոխով եկողը ամբոխով էլ կարող է գնալ։ Եվ դրա համար բավական է լինելու անգամ հովանոցի մեկ խոցումը։ Կամ էլ՝ ուղիղ եթերում ակամայից հնչած գղտոցը։

Ինչպես ասում են՝ մեռնեմ ֆիզիկայի օրենքին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը