Մեկնաբանություն

08.02.2019 12:20


Օտարների ու յուրայինների մեջ օտարը

Օտարների ու յուրայինների մեջ օտարը

Շատ ուշագրավ բան է տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի կառավարության շուրջ։

ԱԺ արտահերթ ընտրություններում 70 տոկոս հավաքած ուժի ձևավորած կառավարության ծրագիրը քննադատում են բոլորը՝ և՛ յուրայինները, և՛ ընդդիմախոսները։

Բուն կառավարության կազմից ու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս չկա գեթ մեկը, ով ծրագրի մասին դրական արտահայտվի։ Առայժմ միակ մարդը, ով դրական է գնահատել կառավարության ծրագիրը, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն էր, այն էլ պարզվեց, որ դա սարկազմ է։ Հակոբյանը, այսպես ասած, ձեռ էր առնում ծրագիրը։ Նա դրական էր գնահատել ծրագիրն այն պատճառով, որ նախկինում փաշինյանենց հնչեցրած սուտ խոստումները տեղ չէին գտել այդ փաստաթղթում։ Այսինքն՝ նրա ասածից ստացվում է, որ ծրագիրը լավն է զուտ այն պատճառով, որ վատն է, քանզի կարող էր ավելի վատը լինել, եթե խաբեությունն ու պոպուլիզմը տեղ գտնեին այդտեղ։

«Տնտեսական հեղափոխության» մասին խոսող Փաշինյանի կառավարությունը ոչ միայն հեղափոխական աճի խնդիր չի դրել ու խոստում չի տվել, այլ դեռ մի բան էլ հակահեղափոխական քայլեր է նախատեսել՝ զուգահեռաբար խուսափելով որևէ կոնկրետ արդյունք մատնանշելուց։

Հետաքրքրական է, որ յուրայինները, մասնավորապես սորոսական շրջանակները նույնպես հարվածում ու հակահեղափոխական են գնահատում կառավարության ծրագիրը։

Դատելով ամենից՝ Փաշինյանն իր ներքին ու արտաքին էկլեկտիկ քաղաքականությամբ, բոլորին դուր գալու, աջից ձախ ու ձախից աջ նետվելու, հստակ տեսակետներ չունենալու և պետության կառավարումը հանրահավաք անելու հետ շփոթելու արդյունքում հայտնվել է օտարների ու յուրայինների մեջ օտարի կարգավիճակում։

Նրան քննադատում են ինչպես երեկվա գործընկերները, այնպես էլ հպարտ քաղաքացիների այն հատվածները, որոնք իրենց մաշկի վրա կամաց–կամաց տեսնում են ստերի շտեմարանը։ Տեսնում ու դժգոհում են։

Ո՞ր շերտի վրա է այժմ հենվում այս կառավարությունը և ինչքա՞ն այն կդիմանա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը