Կարծիք

07.02.2019 21:05


Նիկոլ Փաշինյանի մեծագույն վնասը՝ երիտասարդությանը

Նիկոլ Փաշինյանի մեծագույն վնասը՝ երիտասարդությանը

Ամբողջ աշխարհում երիտասարդությունը համարվում է թարմ ուժ, մաքուր արյուն, առաջընթացի ու զարգացման խորհրդանիշ, հզոր զենք, որով կարելի է «աշխարհը շուռ տալ», նոր էներգիա, որը սնուցում է պետությունը։ Եվ դա անառարկելի է։ Հայաստանում իշխանության ղեկին է թվարկած ու չթվարկած բազմաթիվ դրական էլեմենտներ կրող երիտասարդությունը։

Իսկ ի՞նչ ապացուցեց Նիկոլ Փաշինյանն իր երիտասարդ թիմով ընդամենը 10 ամսում։

Ափսոսանքով եմ նշում, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ապացուցել հակառակը՝ երիտասարդությունը թերություն է։

Նայեք պետական կառավարման համակարգը, իշխանության երկու ճյուղերը՝ օրենսդիր և գործադիր մարմինները, որոնք մեծամասամբ բաղկացած են երիտասարդներով։ Լացդ գալիս է․ կրթված, լեզուների տիրապետող մարդիկ են, զերծ կոռուպցիայից ու փորձից, բայց բավական են համարում սովորածը, էլ արդեն իրենք են սովորեցնում, պարտադրում իրենց իմացածը։ Եթերներով ու համացանցով ասում են բաներ, որ ափսոսում ես իրենց վստահած լինելու համար, բայց տեսնում ես, որ անգամ բուռն քննադատությունից հետո դաս չեն քաղել իրենց իսկ ձախողումներից։

Ունես երիտասարդ նախարար, որն ընդամենը 8 ամսում ապացուցում է իր հիմնարկը փակելու անհրաժետությունը, ունես ԱԺ երիտասարդ փոխխոսնակ, որն իշխանության ամենակարևոր ձեռքբերում է համարում ֆեյսբուքյան ինչ-որ էջի փակումը։ Ունես մարզպետ, որը կիլոմետրն ու հեկտարն իրարից չի տարբերում, ունես նախարար, որը ամսվա օրերի թիվը չգիտի, ունես պատգամավոր, որ հարևան պետությունների հետ հարաբերությունները մեկ ելույթով փչացման եզրին է հասցնում, ունես փոխնախարար, որը փաստաբանին դիմողին ավտոմատ համարում է հանցագործ և այդպես անվերջ։ Ու բոլոր դեպքերում էլ պետության ղեկավարն ասում է, թե շփոթվել են, արդարացնում է ու արդարացնում։ Ունես երիտասարդ պաշտոնյաներ, որոնք կոռուպցիայի մեջ չկան միմիայն մեկ պատճատով՝ երբեք նման հնարավորություն չի տրվել։ Ունես նախարար, մարզպետ ու բազում պատգամավորներ, որ այսօրվա պաշտոնը կյանքում արած միակ աշխատանքն է։ Նրանք համարյա բոլորը խոսում են, ու դու հասկանում ես՝ որ մեկին որտեղ տեղավորես, խառնես պաշտոնն ու անուն-ազգանունը, ոչինչ չի փոխվի։

Ու նրա՛նք իշխում են հազարամյակներ ապրող Հայաստանը, ու նրանք ներսի հետ միասին պետություն են ներկայացնում նաև դրսում, ու աշխարհին ցույց են տալիս, թե ինչպիսին է հայ երիտասարդությունը։ Սա՞ է երիտասարդությունը։

Նիկոլ Փաշինյանը հասցրեց նրան, որ այլևս քաղաքացին չի վստահելու երիտասարդությանը, ու հասցրեց նրան, որ գործիչներ, որոնք ապրիլ-մայիսին իրենք ինքնուրույն, սեփական կամքով գնում էին թոշակի՝ ասելով, թե երիտասարդության ժամանակն է արդեն, հիմա մտահոգված վերադառնում են։

Երիտասարդությունը տապալվում է ու որպես երիտասարդ՝ սա գրում եմ խորը ցավով։ Ցավում եմ անկեղծորեն, ի սրտե, որովհետև եթե ինքս էլ վաղը փորձեմ արդեն նոր կառավարության հետ, վաղը եկող կառավարության հետ ոտք պարզել, մատնացույց են անելու իմ ձախողած սերնդակիցների փորձը։

Մարտնչող տգիտությունը պետության կառավարման ղեկին է։

Աշխարհը, որ հետևում էր Հայաստանյան իրադարձություններին և գրում, որ երիտասարդությունը հեղափոխություն է անում, հիմա նույն աշխարհը հետևում է, թե ինչպես է երիտասարդությունը քանդում ոչ միայն հեղափոխության արժեքները, այլև այն, որ լավից-վատից կուտակվել էր։

Մի՛ տապալեք երիտասարդությանը, մի՛ կեղտոտեք դաշտը, երիտասարդությունը մի՛ սարքեք թերություն։ Դա կործանման ամենակարճ ճանապարհն է։ Մի՛ գնացեք այդ ճանապարհով։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը