Տնտեսական

06.02.2019 19:50


Տնտեսական հակահեղափոխության ծրագիր

Տնտեսական հակահեղափոխության ծրագիր

Կառավարությունը ներկայացրել է իր 59–էջանոց գործունեության ծրագիրը: Դատելով ներկայացված տեքստից՝ «տնտեսական հեղափոխության» մասին խոսող իշխանությունը հանրության դատին է հանձնել խիստ հակահեղափոխական ծրագիր, և ահա թե ինչու.

1. Գրեթե չկան մակրոտնտեսական թիրախային թվեր (գործազրկության մակարդակ, աղքատության մակարդակ, ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ տեմպերի տոկոսային գոնե մոտավոր թվեր, մեկ շնչին ընկնող եկամուտների չափ, ՀՆԱ/հարկեր հարաբերակցություն և այլն), այսինքն՝ գրեթե չկան կոնկրետ չափելի ցուցանիշներ, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել, թե արդյոք կատարվե՞լ են խոստումները, թե՞ ոչ:

Միակ քիչ թե շատ չափելի մակրոցուցանիշը, որը խոստացվել է ապահովել, տարեկան ՀՆԱ աճի միջին տեմպի առնվազն 5 տոկոսի ապահովումն է, որն ամենևին էլ հեղափոխական ցուցանիշ չէ, քանզի նախորդ իշխանություններից այս իշխանությունը ստացել է տարեկան 7,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպ (2017թ.): Եթե «տնտեսական հեղափոխությունը» պետք է ՀՆԱ 5 տոկոսի թիրախային սահմանում աճ ապահովի, ապա դա հեղափություն չէ, մանավանդ որ դեֆլյատորը (տարեկան ինֆլյացիայի թիվը «մաքրելը») հաշվի առնելով՝ ՀՆԱ իրական աճը կարող է նույնիսկ զրոյական մակարդակի լինել, եթե տարեկան ՀՆԱ աճն արձանագրվի 5 տոկոսի սահմաններում:

2. Մշտապես ներգաղթից խոսող ու կառավարության անդամի շուրթերով մինչև 2050թ. 5 միլիոն բնակչության խոստացող կառավարության ծրագրում չկան դրան հասնելու ճանապարհային քարտեզն ու ամեն տարի ավահովվելիք ներգաղթի գոնե մոտավոր թվերը:

3. Հարաբերականորեն չափելի խոստումներից մեկը նշված է ծրագրի «ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բաժնում, ըստ որի՝ կառավարությունը խոստանում է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը և էապես նվազեցնել աղքատությունը: Սակայն կրկին նշված չէ, թե մինչև 2023 թվականը թիրախային ինչ ցուցանիշներ պետք է ակնկալել: Եթե տարեցտարի թվերը գոնե մոտավոր ներկայացված չեն, ապա մինչև 2023 թվականը կառավարոթյունն իրեն ապահովագրում է հաշվետվություն ներկայացնելուց՝ «սպասեք մինչև 2023 թվականը» տարբերակով, այսինքն՝ «է՛շ, մի՛ սատկի, գարո՛ւն կգա»:

4. Նույն տարբերակն է ընտրված մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելու խոստման մասով: Չկա ճանապարհային քարտեզ, չկան տարեկան ցուցանիշներ:

5. Փաստացի, զրո պարտավորություն աղետի գոտու մասով: Ընտրվել է «առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին» անորոշ և ոչ մի առարկայական պարտավորություն չենթադրող ձևակերպումը:

6. Առողջապահական համակարգում խոսվել է ապահովագրական համակարգի ներդրման մասին, բայց չկա ժամկետային ցուցանիշ, թե երբ է այն նախատեսվում իրագործել, ինչ մեխանիզմներով, և երբ համակարգում կավարտվի այդ գործընթացը:

7. Չկա որևէ պարտավորություն, թե ինչպիսի համամասնություն է ունենալու գիտությանն ու կրթությանն ուղղված գումարների չափը ՀՆԱ-ի համեմատ, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսին է կառավարության ցանկությունների և իրական քայլերի համապատասխանությունը:

8. Հիմնականում երիտասարդներով համալրված իշխանական թիմը երկու պարբերություն է հատկացրել երիտասարդության թեմային ու կրկին կոնկրետ թվեր չկան, օրինակ՝ երիտասարդ ընտանիքների համար մատչելի հիպոթեքային վարկավորման կամ այլ ծրագրերի մասով:

9. «Մրցունակ, մասնակցային ու ներառական տնտեսության» մասին խոսող կառավարության ծրագրում բացակայում է գոնե տեսանելի ապագայում բորսայական համակարգերի ստեղծմանն ուղղված կոնկրետ քաղաքականության մասին միտքը: Կա ընդամենը նախադասություն, որտեղ խոսվում է կապիտալի շուկայի և ֆինանսական ինստիտուտների զարգացման մասին, բայց չկա կոնկրետություն:

Ներառական ու մասնակցային տնտեսությունը լավագույնս կարելի է զարգացնել բորսայական համակարգի ներդրմամբ: Նաև այդ ձևով է հնարավոր դրսից ու ներսից գումարներ ներգրավել: Այլապես ինչպե՞ս ներդրումներ բերել:

Ես հասկանում եմ, որ դա մեկ օրվա գործ չէ, բայց գոնե մտադրությունների ու արվելիք քայլերի մասին պետք է հայտարարել, որպեսզի ցանկությունը կենացի մակարդակի չմնա:

Աշխարհը ներառականության ու մասնակցային տնտեսության ավելի լավ ձև, քան բորսայական համակարգի նեդրումն ու արժեթղթերի ազատ առք ու վաճառքն է, դեռ չի հորինել:

10. Նախկինում բնակչությանը մատակարարվող հոսանքի ու գազի գնի իջեցում խոստացող ընդդիմադիրներն իշխանություն դառնալով «մոռացել» են իրենց նախկին հայտարարությունների մասին:

11. Խոստացվել է, որ մինչև 2023թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Բայց տարեկան կտրվածքով չկա կոնկրետ խոստում, որպեսզի հինգ տարի հնարավոր լինի խուսափել կոնկրետ հարցադրումներից ու դրանց պատասխանելու պարտավորությունից:

12. «Թավշյա հեղափոխությունը» որպես բրենդ ներկայացնող ու այդ բրենդի հիման վրա տուրիստական բում կանխատեսող կառավարությունը չի ներկայացրել ոչ մի թիվ, թե տարեկան կտրվածքով որքան է նախատեսում տուրիստների աճի տեմպը, և ինչ քայլեր է ձեռնարկում համապատասխան ենթակառուցվածքներ ու տուրիզմ խրախուսող քայլեր ապահովելու ուղղությամբ (ասենք՝ փոքր ու մատչելի գնով հյուրանոցների կառուցման խրախուսում, տուրիստական փաթեթների կոոպերացիա Վրաստանի հետ, մեր դեսպանատների համապատասխան աշխատանք, գովազդային արշավ և այլն):

13. Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի բարձրացման: Շարունակաբար ավելացվելու է ակցիզային հարկը: Սա նշանակում է ուղղակիորեն հարկել սպառողին ու նպաստել գների աճին: Աղքատության ներկա մակարդակը հաշվի առնելով՝ սա ուղղակիորեն հակասում է աղքատության նվազեցմանն ուղղված կառավարության խոստմանը, քանզի անուղղակի հարկի հիմնական բեռը կընկնի ցածր եկամուտ ունեցող սպառողների վրա:

14. Խոստացվել է եկամտահարկի համահարթեցում՝ անկախ եկամտի չափից, ինչը, մեր կարծիքով, արդարության սկզբունքի խախտում է և համեմատաբար քիչ եկամուտ ունեցողների դեմ արվող քայլ: Ճիշտը պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրումն է: Համահարթեցումը համամասնական հարկման ռեժիմ է ենթադրում, որը ցածր եկամուտ ունեցողների համար անհամաչափ բեռ է: Պետք է գործի եռաստիճան սանդղակ, որպեսզի ցածր եկամուտ ունեցողները նույն տոկոսային համամասնությամբ հարկային բեռ չունենան, ինչ բարձր եկամուտ ունեցողները: Մյուս կողմից, ճիշտ եմ համարում կառավարության մտադրությունը՝ աստիճանաբար իջեցնել եկամտահարկի դրույքաչափերը:

Պրոգրեսիվ հարկման համակարգի ներդրումը, իհարկե, վիճելի հարց է, սակայն անցումային կամ կայացող տնտեսությամբ երկրների փորձը ցույց է տալիս, որ ճիշտը ուղղակի հարկերի, մասնավորապես եկամտահարկի պրոգրեսիվ համակարգի ներդրումն է:

Սրանք կառավարության ծրագրի վերաբերյալ նախնական գնահատականներն ու դիտարկումներն էին: Հետագայում դեռ շատ առիթներ կլինեն ավելի դետալային անդրադառնալու դրա առանձին կետերին ու դրույթներին:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը