Կարծիք

06.02.2019 11:39


Ես էլ եմ Գուրգեն Արսենյանի պես մեղադրում Քոչարյանին

Ես էլ եմ Գուրգեն Արսենյանի պես մեղադրում Քոչարյանին

Երեկ շատ պատահաբար աչքովս ընկավ նախկին գործարար–պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին, որտեղ այս պարոնը մի շարք մտքի գոհարներ արտաբերեց և այսօրվա «թունդ» ընդդիմադիրների պես քննադատեց նախորդ իշխանություններին՝ փաստացիորեն ողջունելով այն քաղաքական վենդետտան, որն իրականացվում էր այսօրվա իշխանության կողմից ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի և բանակայինների: Ըստ Արսենյանի՝ մեր խնդիրները գալիս են դեռ 1998-ից, երբ իշխանությունից հեռացվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, և ծխախոտային մագնատի ձևակերպմամբ՝ իշխանության եկավ, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունը: Պարզ է նաև, որ իր հարցազրույցի ընթացքում քննադատությունների մի ամբողջ տեղատարափ ուղղվեց ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, և Հայաստանի բոլոր խնդիրներում Արսենյանը մեղադրեց հենց իրեն:

Հիմա անցնենք հարցին. ըստ էության, ես նույնպես մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին և իմ կարծիքով բնական է, որ նա այս պահին գտնվում է մեկուսարանում: Բայց դա բնական է այն պատճառով, որ Քոչարյանը 1998-ին գալով իշխանության՝ դրանից հետո քաղաքական գնահատական չտվեց Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին: Այդ ժամանակ տեղի ունեցած քաղաքական սպանություններին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելուն և ամենակարևորը՝ 1996 թվականին իշխանության բռնազավթմանը, երբ ընտրություններին հաղթեց Վազգեն Մանուկյանը, բայց տանկերով ժողովրդին կոտրեցին: Եթե Քոչարյանը 1996 թ. իրադարձություններին քաղաքական գնահատական տար, Տեր-Պետրոսյանը 2008-ին չէր վերադառնա քաղաքականություն, չէր լինի Մարտի մեկը, իսկ այսօր էլ նախկին թալանչիները կրկին չէին գա իշխանության, իրենց զավակներին էլ չէին դարձնի պատգամավոր: Այնպես որ, ես էլ եմ մեղադրում Քոչարյանին, բայց մեր մեղադրանքների բնույթը տարբեր է:

Հ. Գ. 1. Իմիջիայլոց, «պատերազմի կուսակցության» դեմ պայքարող ազնիվ ու բարի Գուրգեն Արսենյանը ինչո՞ւ նման սկզբունքայնություն չէր դրսևորում, օրինակ, 2003 կամ 2007, կամ 2012 թվականներին, երբ, ըստ օդում կախված լուրերի, իշխանությունների հետ ձեռք բերված «ջենտլմենական» համաձայնության արդյունքում հարմար տեղավորվում էր պատգամավորական աթոռին:

Հ. Գ. 2. Արսենյանը ձոներ էր հյուսում նախկին իշխանությունների համար: Վերադառնալով 2003 թվականին, ըստ օդում կախված լուրերի (ինչի մասին ասուլիսներից մեկի ժամանակ ասաց Գառնիկ Իսագուլյանը) նոր քաղաքական մշակույթ մտցրեց ընտրական գործընթացներում, երբ մարդիկ սկսեցին հայտնվել Ազգային ժողովում՝ ի շնորհիվ իրենց ֆինանսական շռայլության, այլ ոչ թե ըստ իրենց արժանիքների: Նախորդ իշխանությունների մտերմիկ գործընկեր Արսենյանը «կլասիկ» կերպով միայն իշխանափոխությունից հետո սկսեց քննադատել հներին: Վաղը մյուս օրը Նիկոլը որ գնաց, Գուրգեն Արսենյանը հիմա էլ իրեն է քննադատելու:

Գասպարյան Գոռի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը