Լրահոս

06.02.2019 11:28


Կատարում ՀՀ դեսպանություն կստեղծվի. նստավայրը` Դոհա

Կատարում ՀՀ դեսպանություն կստեղծվի. նստավայրը` Դոհա

Կատարի Պետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Համապատասխան որոշման նախագիծը, factor.am–ի փոխանցմամբ, ընդգրկված էր Կառավարության փետրվարի 6-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում:

Ըստ որոշման հիմնավորման՝ Միջին և Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի և Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը՝ երկու երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Կատարի Պետությունում (նստավայրը՝ Դոհա) բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Կատարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Կատարի Պետության դեսպանություն: Կատարական կողմը պատրաստ է տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 դոլար) տրամադրել՝ երեք տարի տևողությամբ, ՀՀ դեսպանության համար տարածք և դեսպանի համար կեցավայր, ինչպես նաև երկու ավտոմեքենա: Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 դոլար, որից 110.000 դոլարն առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև դիվանագետի բնակարանի վարձը:

Այս խորագրի վերջին նյութերը