Մեկնաբանություն

06.02.2019 10:45


Ինչպես է Սորոսն աջակցում Հայաստանի «քաղհասարակությանը» և ինչպես է փլուզում տնտեսությունը

Ինչպես է Սորոսն աջակցում Հայաստանի «քաղհասարակությանը» և ինչպես է փլուզում տնտեսությունը

Ամերիկյան օդիոզ միլիարդատեր Ջորջ Սորոսի մասին տարատեսակ պատմություններ կան։ Դրանց մի մասն առասպելական է, մյուս մասը՝ իրական։

Սորոսը ստացել է չար հանճարի համբավ։ Ահա այդ չար հանճարն օրերս հայտարարեց, որ պետք է աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և նպաստել ժողովրդավարական ներկային ու ապագային։ Այդ հայտարարությունն, ի դեպ, արվեց այն փուլում, երբ Արցախի հանձնման բոլթոնյան ծրագրից ՀՀ իշխանությունը հրաժարվեց, կամ առնվազն այդ ծրագիրը ժամանակավորապես սառեցվեց։

Բոլթոնի ծրագիրը կյանքի կոչելու համար Սորոսը հիմա ցանկանում է ֆինանսավորել այն շրջանակներին, որոնք պետք է նպաստեն Հայաստանին դիմադրության ռեսուրսից զրկմանը, այսինքն՝ շեշտակի հարված հասցնեն մեր տնտեսությանը և բանակին։

Բոլթոնի ծրագրով Արցախը սկուտեղի վրա կմատուցվի Ադրբեջանին, ու կառաջանա ՀՀ գոյության հարց այն դեպքում, երբ մենք չկարողանանք տնտեսություն զարգացնել, ներդրումներ ունենալ, պետական բյուջեի անհրաժեշտ մակարդակ ապահովել և մարտունակ բանակ պահել։ Սորոսի աջակցությունը հենց այս համակարգերի դեմ է ուղղված։ Սրանք արդեն չեն էլ թաքցնում իրենց նպատակներն ու անցել են բացահայտ գործողությունների։

Սորոսն՝ ընդդեմ Ամուլսարի հանքի

Երեկ տեղի է ունեցել ուշագրավ իրադարձություն։ Մրցանակ է շնորհվել, այսպես կոչված, «Ամուլսարի պահապաններին», այսինքն՝ այն մարդկանց, որոնք դեմ են արտահայտվում հանքի շահագործմանը և ամիսներ շարունակ փակ են պահում դեպի հանք տանող ճանապարհը։ Մրցանակը սահմանվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (Սորոսի հայաստանյան մասնաճյուղն է) կազմակերպությունների կողմից։

Փաստորեն, Սորոսը խրախուսում է Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրի տապալումը, խրախուսում է տարեկան ավելի քան 100 միլիոն դոլար հարկի տեսքով պետբյուջե փող չմտնելը, մրցանակ է տալիս ավելի քան 1000 աշխատատեղ փակելու համար, ողջունում է Ամուլսարի հանքի հետ պայմանագրեր ունեցող տասնյակ կապալառու կազմակերպությունների անգործությունը, դրական է գնահատում Հայաստանի ներդրումային իմիջին հասցված հարվածը և այլն, և այլն, և այլն։

Պարզ է, որ տնտեսությանը հասցված վնասը չի կարող իր ազդեցությունը չթողնել մեր բանակի մարտունակության վրա։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մարդկանց կրճատումներով է զբաղված՝ ձևակերպելով, թե փող չկա, կամ նույն ձևակերպումով թոշակ չի բարձրացնում, բայց պարզվում է, որ կարող է հանգիստ հետևել, թե ինչպես է քանդվում Հայաստանի միակ ներդրումային ծրագիրը, որի արժեթղթերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում, և որն ամենաթափանցիկ մասնավոր ընկերությունն է ՀՀ–ում։

Դավադրությո՞ւն, թե՞ անմեղսունակություն

Ուշագրավ ևս մեկ հանգամանք։ Ամուլսարի հանքը փակողների մրցանակաբաշխությունից հետո ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մինչև ականջները բաց բերանով լուսանկարվել է հանքը փակողների հետ։ Եվ դա այն դեպքում, երբ հայտարարվում է, որ կառավարությունը որոշում չունի, և միայն փորձագիտական աշխատանքներից հետո է որոշելու՝ հանքը բացե՞լ, թե ոչ։

Փաստորեն, ստացվում է, որ պետությունն աջակցում է հանքի ճանապարհն ապօրինաբար փակողներին։

Արդարադատության նախարարի համատեղ լուսանկարը երկու բան է նշանակում։ Կա՛մ Զեյնալյանը ուղեղի հետ խնդիրներ ունի և չի հասկացել, որ հանքի ճանապարհը փակողների հետ լուսանկարվելը կառավարությանը դարձնում է հանքի ճանապարհ փակելը խրախուսող՝ այդտեղից բխող բոլոր քաղաքական, իրավական ու տնտեսական հետևանքներով։ Կամ էլ անուղղակիորեն հաստատվում են այն կասկածները, որ Փաշինյանի կառավարությունը խրախուսում է հանքը փակողներին՝ ինչ–ինչ հաշվարկներից, շահերից կամ էլ ճնշումներից ելնելով։

Թե որ տարբերակի հետ գործ ունենք, այլ խոսակցության թեմա է, ու միայն «հերձումը» ցույց կտա։ Բայց առանց «հերձման» էլ երևում է մեկ այլ բան։ Ակնհայտ է, թե ինչ է իրականում Սորոսի աջակցությունը «քաղհասարակությանը» և Հայաստանի «ժողովրդավարացմանը»։

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը գո՞հ է այդպիսի աջակցությունից, կո՞ղմ է այդ աջակցությանը, թե՞ իրեն հարցնող ու բանի տեղ դնող չկա «ժողովրդավարացման» թեմաներով։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը