Կարծիք

05.02.2019 18:26


Ինչն է խանգարում վատ պարող կառավարությանը

Ինչն է խանգարում վատ պարող կառավարությանը

Լինել իշխանություն, նշանակում է լինել հեգեմոն քաղաքական և սոցիալան պայքարում, իսկ հեգեմոն լինելու համար պետք է ունենալ գաղափարախոսություն, կամ էլ, հաշվի առնելով այդ բառի վարկաբեկված լինելը, ունենալ նոր արժեքային համակարգ, որոնց հիման վրա պետք է ձևավորվեն նոր (միջանձնային և անձ-պետական հարթություններում) հարաբերություններ։

Այդ նոր արժեքային համակարգը ձևակերպված չէ, և բնականաբար, չեն կարող լինել այդ չձևավորված արժեքային հարաբերությունների կրողները։

Պարզ է, որ նման պայմաններում «նոր իշխանությունը» չի կարող ինտելեկտուալ և արժեքային տարածություններում հանդես գալ որպես քաղաքական հեգեմոն և որպես դրա հետևանք՝ իր ունեցած 70% ձայները կոնվերտացնել կառավարման ոլորտում հաջողությունների։

Սա է Մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը։ «Նոր իշխանությունը» ասելիք չունի, իսկ պոպուլիզմի միջոցով, իհարկե, կարելի է իշխանությունը նվաճել, սակայն այն պահելն ավելի բարդ գործ է։

Տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ ՔՊ ներկայացուցիչները հայտնում են հետաքրքիր, իսկ երբեմն անհեթեթ մտքեր և տեսակատներ։ Պարզ է, նրանք ստիպված են խոսել (քանի որ նրանց առաջնային աշխատանքը հենց խոսելն է), սակայն յուրաքանչյուրը խոսում է իր անձնական արժեքային համակարգին, կրթական ցենզի, քաղաքական հասունության ու փորձին և պատկերացումներին համապատասխան։ Սակայն այդ մտքերը կառավարության կամ «Իմ Քայլը» ֆրակցիայի քաղաքական գիծը չէ (նման քաղաքական գիծ չկա էլ)։

Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են։ Պոպուլիզմի մաեստրո Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է իր արտիստիզմի շնորհիվ քարոզչական աշխատանքի ողջ բեռը իր վրա վերցնել, սակայն այդպես շարունակվելու դեպքում իր թիմակիցների հանդեպ «անհանդուրժող» վերաբերմունքն, արդեն, կտարածվի իր վրա։ Պահել իշխանությունը, նշանակում է քաղաքական կյանքում լինել հեգեմոն՝ առանց ուժ կիրառելու։

Նման պարագայում բողոքել մամուլից, նշանակում է բողոքել պարելուն խոչընդոտող հայտնի բնական հանգամանքից։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը