Կարծիք

04.02.2019 09:21


Սերժ Սարգսյանը հեռացավ, սակայն համակարգի հարցը մնաց բաց

Սերժ Սարգսյանը հեռացավ, սակայն համակարգի հարցը մնաց բաց

Սերժ Սարգսյանի համակարգն իրեն սպառել էր, և նա պետք է հեռանար: Նա հեռացավ, սակայն համակարգի հարցը մնաց բաց:

Համակարգը կարող է փլուզվել, կարող է փոխակերպվել, երրորդ տարբերակը չկա:

Համակարգը ոչ միայն իշխանությունից է բաղկացած, այլև իշխանության բազմաթիվ ատրիբուտներից, ինչպիսին է, ասենք, ընդդիմությունը:

Սերժ Սարգսյանի համակարգը չի փլուզվել, այն փոխակերպումների` տրանսֆորմացիայի շրջանում է: Իհարկե, նշանային դեմքերը հեռացել են, հեռացվել է նաև ՀՀԿ-ն՝ որպես նախկինի խորհրդանիշ: Սերժ Սարգսյանն այդ անցումն ապահովել է, ՀՀԿ-ն ոչ թե նոր իշխանության զոհն է, այլ Սերժ Սարգսյանի, սակայն մեր խնդիրն այլ է: Արդյոք իշխանության տրանսֆորմացիան տեղի կունենա կամ արդյոք կա նոր իշխանության ճարտարապետ, որը կարողանա ապահովել այդ փոխակերպումը` ինստիտուցիոնալ փոխակերպումը:

Ինտուիտիվ կերպով հասարակությունը նման փոխակերպման պահանջը զգում է, նոր իշխանությունը նույնպես զգում է, որ իրենից սպասելիքներ կան, սակայն չգիտի՝ ինչ անել և որոշել են փոխել կառավարության կառուցվածքը, հիմնը, դրոշը, հետո էլի մի բան կփոխեն, սակայն հանրության ինտուիտիվ սպասումները դրանցով չեն բավարարվի:

Իշխանության համար մղվող պայքարը կանոններ չի ունենում (ընդդիմադիր Փաշինյանը կարող էր խոսել ինչ ասես), սակայն իշխանությունը չի կարող առանց կանոնների ղեկավարել երկիրը: Կրիմինալ հարաբերությումները նույնպես կանոնների վրա են հիմնված, սակայն եթե նոր իշխանությունը մերժում է այդ հարաբերությունները, ապա որոնք են նոր համակարգի սկզբունքները, դեռևս հասկանալի չէ, իսկ առայժմ շարունակենք զբաղվել հիմնով ու դրոշով:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը