Կարծիք

04.02.2019 09:08


Ա՛յ քեզ ընդդիմություն

Ա՛յ քեզ ընդդիմություն

Քիչ առաջ տեղեկացա, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ վեճի բռնված Այգեստան համայնքի քահանա Տեր Ղազար Պետրոսյանին։ Նայեցի տեսանյութը։ Խմբակցության հինգ անդամներ խիստ «մտահոգ, մեղկ» դեմքերով, ձեռքերն առջևում խաչած «համակ ուշադրությամբ» լսում են քահանայի քարոզն առ այն, թե ինչպես քրիստոնեություն ընդունելուց հետո Աստված գրկաբաց ընդունեց հայ ժողովրդին։ Խմբակցության անդամները հեզաբարո ժպտում էին, իսկ նրանցից մեկն էլ իր մեղմ կերկերուն ձայնով ներկայացրեց իր «գիտելիքները» Հայ Առաքելական Եկեղեցու դերի մասին հայոց պատմության մեջ, հատկապես պետականությունը կորցնելուց հետո։

Հետաքրքիր հետևությունների ես գալիս լսելով երկխոսությանը։ Փաստորեն դառնալով Աստծո ընտրյալ ժողովուրդ՝ Աստված մեզ զրկել է պետականությունից, որ եկեղեցին մեզ պահպանի։ Բայց զուր եմ լուրջ փորձում քննարկել սույն հանդիպումը։ Խնդիրն ավելի քան պարզ է։ «Լուսավոր Հայաստանը» չունենալով համարձակություն քննադատելու Փաշինյանի իշխանությանը ավելի քան լուրջ հարցերում, ընդդիմություն է խաղում՝ փորձելով ազդել հանրության պահպանողական զգացմունքների վրա։ Կամ ներկայանալով որպես ժամանակակից եվրոպական ուղղության լիբերալ քաղաքական ուժ՝ իրականում այն հետադիմական, միջնադարյան կղերական գաղափարախոսության հետևորդ է։

Արդյոք «լուսավոր» բառը կապված չէ՞ Գրիգոր Լուսավորիչի անվան հետ, ով ավերեց ողջ հայկական մշակույթը՝ մեզ դարձնելով Աստծո ժողովուրդ՝ դարերով տառապելու համար։

Փաստորեն ունենք ընդդիմություն, որն ավելի հետադիմական է, քան իշխանությունը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը