Մեկնաբանություն

03.02.2019 14:30


«Մկների» ժողովը, տաքսի «ԵկաԾերինը» և վիզը բռնված պատգամավորը (տեսանյութ)

«Մկների» ժողովը, տաքսի «ԵկաԾերինը» և վիզը բռնված պատգամավորը (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության (իրականում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության) ԱԺ-ում տեղի ունեցած ժողովը չափից դուրս փակ ստացվեց: Ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ պատգամավոր դարձած քայլարածները դարձել էին չխոսկան և տարատեսակ անհեթեթ պատճառաբանություններով փախչում էին լրագրողների հարցերից և իրարամերժ բաներ ասում։

Նախկին իշխանություններին փակ գործելու մեջ մեղադրողներն այժմ դարձել են այնպիսին, ինչպիսին խոզերն անասնաֆերմայում իշխանությունը վերցնելուց հետո։

Խորհրդարանի շենքում տեղի ունեցած փակ նիստից հետո մեկն ասում էր, թե ինքը չի խոսում, քանի որ տաքսուն չի ուզում սպասեցնել։ Համացանցում «Եկածերին» մականունը ստացած այդ չակերտավոր խաղաղություն քարոզող աղջիկը, փաստորեն, տաքսուն չսպասեցնելն ավելի կարևոր էր համարում, քան հանրությանն իշխող խմբի որոշումների մասին տեղեկացնելը։

Մյուս քայլարածն էլ լրագրողների հարցերից խուսափելու համար ընտրեց բռնված վզի «ատմազկայով» ծլկելու տարբերակը։

Էն երրորդը մի քիչ անկեղծ գտնվեց ու ասեց, թե բա՝ պայմանավորվել ենք չխոսել։

Մնացածը փախած էին։

Մի խոսքով, մկների ժողով հիշեցնող այդ գերգաղտնի հավաքում ճառ ասողը մեկն է եղել, իսկ ահա մյուսներին հանձնարարվել է տարատեսակ պատճառաբանություններով փախչել կպչուն լրագրողներից և, ի վերջո, հանրությունից։

Ու այդ բոլոր «կաղ», «թոփալ», «ծուռվիզ» պատգամավորները հղում էին անում Լիլիթ Մակունցին, թե բա՝ հեսա կգա ու կխոսի։ Ասում են՝ թող Մակունցը խոսի, հետո մենք մեր տղամարդկային խոսքը կասենք։ Բայց Մակունցը չեկավ ու չխոսեց, ավելի ճիշտ՝ եկավ, բայց շատ ուշ, երբ աղմուկ էր բարձրացել ու արդեն գրեթե լրագրող չկար և խոսեց այնպես, որ չխոսածի հաշիվ էր։ Մակունցն արդեն ոչ միայն մշակույթն է, այլ նաև Ազգային ժողովը, որի շենքը վերածվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դուքյանի։ Ու այդ դուքյանում հայտնվածները հիմա մոռացել են, թե ինչպես են հայտնվել այնտեղ, և ամենակարևորը՝ ում միջոցով։

«Իմ քայլի» համար ատելության թիվ մեկ հասցեատերն այժմ այն զանգվածն է, որի միջոցով իրենք իշխանության են եկել։ Բայց որքան էլ նրանք փախչեն իրենց անցյալից ու խուսափեն հարցերին պատասխանելուց, միևնույն է, հենց այդ նույն զանգվածն է դառնալու նրանց հարցերը լուծող «Կոստանը»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը