Կարծիք

17.03.2010 14:07


Ադրբեջանի անխորտակելի գեներալը

Ադրբեջանի անխորտակելի գեներալը

Գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը Անկախ պետությունների համագործակցությունում (ԱՊՀ) պաշտպանության  ամենաերկարակյաց նախարարն է, իսկ աշխարհում' ամենաերկար ժամկետով ծառայողներից մեկը:

Հիմա նա 60 տարեկան է, եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ղեկավարում է 1995թ. փետրվարից: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի պաշտպանական ծախսերը մեծապես աճել են. 1999թ. դրանք կազմել են 97,2 միլիոն դոլար, 2004թ.' 175 միլիոն, իսկ անցյալ տարի հասան 1,5 միլիարդի:

Սակայն ամենաարդիական ռազմական տեխնիկա հայթայթելու համար ծախսված վիթխարի գումարները չեն ստեղծել արդյունավետ եւ մարտունակ բանակ: Ընդհակառակը' զինված ուժերում կարգապահությունը տակավին թույլ է, բարոյական վիճակը' ցածր, իսկ բռնությունները' համատարած: Շարքային զինվորները չունեն բավարար ուտելիք, վառելանյութ, ձմեռային համազգեստ եւ այլն: Ասվում է, որ Պաշտպանության նախարարությունը կոռուպցիայի օջախ է: Ուրեմն ինչո՞ւ է Աբիեւն այդ դեպքում անսասան իր պաշտոնում:

Աբիեւը ծնվել է Բաքվում 1950թ. հունվարի 27-ին: Նա ազգությամբ լեզգի է: 1971թ. ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական քոլեջը, 1982թ.' Մոսկվայի' Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարության ֆակուլտետը եւ ամբողջ մասնագիտական կյանքն անցկացրել է զինված ուժերում:

Մի կարճ ժամանակ Աբիեւը նաեւ Պաշտպանության գործող նախարար է եղել 1993թ. հունիս-օգոստոս ամիսներին' անմիջապես այն հեղաշրջումից հետո, որի արդյունքում Ադրբեջանի ժողովրդական ճակատի կառավարությունն ընկավ, եւ ճանապարհ հարթվեց Ադրբեջանի նախկին կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հեյդար Ալիեւի' իշխանության գալու համար: Աբիեւը Պաշտպանության նախարար նշանակվեց 1995թ. փետրվարին' 4 ամիս անց այն իրադարձությունից, երբ Սուրեթ Հուսեյնովը եւ Ռովշան Ջավադովը Ալիեւին տապալելու անհաջող փորձ արեցին: Ընդորում' բանակը, տարածված լուրերի համաձայն, բռնեց հեղաշրջման ղեկավարների կողմը:

Ադրբեջանը նավթի եւ գազի արտահանումից ստացած իր եկամտի բավականին մեծ մասն ուղղել է պաշտպանության բյուջեին: Այս միտումն ավելացավ, երբ 2003թ. վերջին Իլհամ Ալիեւը հորից հետո եկավ իշխանության: Սակայն, ըստ տարածված լուրերի, այս գումարի մեծ մասը յուրացվել է: 1990-ականների վերջերին եւ 2000-ականների սկզբին անկախ «Այնա/Зеркало» օրաթերթը մեծ դեր խաղաց' հրապարակելով նավատորմի նախկին սպա Ջանմիրզա Միրզոեւի բացահայտումները զինված ուժերում առկա կոռուպցիայի մասին: 2001-ին Միրզոեւը ձերբակալվել էր եւ մարդասպանության շինծու մեղադրանքով դատապարտվել 8 տարվա ազատազրկման: Իսկ 2004թ. մայիսին Ալիեւը նրան ներում շնորհեց:

Կոռուպցիայի հատուկենտ սկանդալներից զատ' ոչ պակաս խնդիրներ են հարուցել բանակում տեղ գտած բռնությունները, կարգապահության եւ արհեստավարժության անմխիթար վիճակը: 2008թ. աշնանը մեծ աղմուկ ծագեց, այն բանից հետո, երբ YouTube-ում տեղադրված երկու տեսահոլովակներ պատկերում էին, թե ինչպես սերժանտները ծեծում էին ավելի երիտասարդ զինծառայողներին: Պաշտպանության նախարարությունն այս տեսահոլովակներին արձագանքեց' դատապարտելով դրանք եւ որակելով ստահոդ, բայց հետո խոստովանեց, որ հետախուզությունը հաստատել է տեսահոլովակներում տեղ գտած կոպիտ վերաբերմունքի փաստը: Դրանից հետո Ադրբեջանի խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավար Այդին Միրզազադեն, այնուամենայնիվ, հերքեց' ասելով, որ որեւէ բռնություն տեղի չի ունեցել:

2006թ. դեկտեմբերից մինչ այժմ բռնության առնվազն 5 մահացու դեպք է լուսաբանվել զանգվածային լրատվամիջոցներում: 2010թ. հունվարին տեղի է ունեցած վերջին հաշվեհարդարի ժամանակ երկու շարքայիններ, տարածված տեղեկության համաձայն, զենքով սպանել են չորս սպաների, ապաեւ' միմյանց: Իսկ Պաշտոնաթող եւ պահեստային սպաների կազմակերպության նախագահ Յաշար Ջավարլիի պնդմամբ' 2003թ.-ից մինչեւ 2008թ. նոյեմբեր մահացած 40 զինծառայողների մեծամասնությունը իր մահկանացուն կնքել է կամ վատ վերաբերմունքի պատճառով, կամ էլ ինքնասպան է եղել:

Աբիեւի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը ռազմական համագործակցության համաձայնագրեր է ստորագրել մի շարք երկրների, այդ թվում' Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Պակիստանի հետ: Ադրբեջանը ՆԱՏՕ-ի «Խաղաղություն հանուն գործընկերության» (ԽՀԳ) ծրագրին միացած առաջին հետխորհրդային հանրապետություններից է, սակայն այս դաշինքի լիիրավ անդամակցության հարցում տեւական ժամանակ կամուկացի մեջ է: 2004թ. սեպտեմբերին ՆԱՏՕ-ն չեղյալ հայտարարեց Բաքվում կայանալիք մի խորհրդաժողով, որովհետեւ ադրբեջանցի պաշտոնյանները մուտքի վիզա չտրամադրեցին հայ սպաներին, ովքեր մտադիր էին մասնակցել այդ միջոցառմանը:

Այս տարի առաջին անգամ Պաշտպանության նախարարության բյուջեն չի տրամադրում որեւէ հատկացում ԽՀԳ գործունեությանն Ադրբեջանի մասնակցության կամ էլ Ադրբեջանի' «Անհատական գործընկերության գործողության ծրագրի» (ԱԳԳԾ) համար: Բաքվի' ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու իսկական պարտավորվածության պակասը «լրացնում են» ազգային պաշտպանության ռազմավարությունը հրապարակելու եւ պաշտպանության բնագավառում արմատական բարեփոխումներ կատարելու ձգձգումները: 2008թ. հոկտեմբերի զեկույցում Ճգնաժամային միջազգային խումբը (ՃՄԽ) նշեց այդ բացթողումները եւ զինված ուժերը բնութագրեց որպես «հատվածական, բաժան-բաժան, պատասխանատու միմիայն նախագահին, ոչ թափանցիկ, կոռումպացված եւ ներքուստ թշնամական»: Այլ քայլերի հետ մեկտեղ ՃՄԽ-ն նաեւ խորհրդարանի համար ավելի մեծ վերահսկողական իրավասության կատարման, Պաշտպանության նախարարությունում լայն քաղաքացիական վերահսկողության իրականացման, համապատասխան օրենսդրության մեջ մարդու իրավունքների միջազգային պահանջներին համապատասխան ուղղում մտցնելու, ինչպես նաեւ անձնակազմի ղեկավարման եւ պատրաստման բարելավման կոչ արեց:

Ադրբեջանի պաշտպանունակությունը նվազեցնող բազմաթիվ բացթողումների համատեքստում երկու փոխկապակցված գործոններ կարող են բացատրություն տալ Աբիևի երկարատեւ պաշտոնավարման բացառիկությանը:

Առաջինը նրա բացարձակ եւ անսասան հավատարմությունն է Ալիեւյան տոհմին. նախ' հայր Հեյդարին, հետո' որդի Իլհամին, ում նախագահական աթոռի բարձրանալն ավելի շուտ նշանակում էր, քան' ընտրություն: Իսկ երկրորդը Իլհամ Ալիեւի հետ ցայժմ շարունակվող նրա ուխտն է' ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ լուծումն արագացնելու նպատակով:

Իլհամ Ալիեւի լեգիտիմությունը եւ քաղաքական ապագան մեծամասամբ պայմանավորված են նրանով, թե որքանով նա կկարողանա հանրությանը համոզել, որ Ադրբեջանն անպայման մի օր կվերաստանձնի իր կազմից դուրս եկած Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը: Եվ այս վարժությունում Աբիեւի աջակցությունն անհրաժեշտ է, եթե ոչ' վճռական:

Վերջին տասնամյակի ընթացքում Աբիեւը ժամանակ առ ժամանակ ասպարեզ է հանում ԼՂՀ-ում նոր պատերազմի ուրվականը: Տարբեր ձեւերով նա պատճառաբանում է, որ կամ Հայաստանի' փոխզիջումներից հրաժարվելու եւ բռնազավթված ադրբեջանական տարածքներից անվերապահորեն դուրս չգալու, կամ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի' հակամարտող բոլոր կողմերին բավարարող կարգավորման ծրագիր ներկայացնելու անկարողության հետեւանքով Բաքուն չի ունենա այլ տարբերակ, քան ռազմական ուժի կիրառումը: Եվ միշտ պնդում է, թե Ադրբեջանի զինված ուժերը լիովին կարող են հաղթել նոր պատերազմում:

Վրաստանում կարճատեւ, սակայն կործանարար պատերազմից մեկուկես տարի անց Ալիեւ-Աբիեւ զույգի վերջին ռազմատենչ հայտարարություններն ի հայտ են բերում Հարավային Կովկասում նոր պատերազմական գործողությունների ուրվականը: Հետզհետե հիասթափվելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունից եւ ոչ մի կերպ չհանդուրժելով Թուրքիայի' Հայաստանի հետ մտերմության փորձը, ադրբեջանցի պաշտոնյաները դարձյալ սպառնում են նոր պատերազմով' վերականգնելու համար չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը:

2008թ. օգոստոսյան պատերազմի շրջանակներում Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պաշտոնական ճանաչման հետեւանքով Լեռնային Ղարաբաղը մնաց Հարավային Կովկասում միակ «սառեցված» հակամարտությունը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ աշխարհի «Մեծ ութնյակի» երկրների ղեկավարները մեկնարկ են տվել առանձին, սակայն կոմպլեմենտար նախաձեռնությունների, որոնց նպատակն է հաղթահարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա անհամաձայնության կետերը եւ, այդպիսով, անհապաղ ստորագրել մի նախագիծ, որը հիմք կծառայի տեւական կարգավորման համար:

Սակայն Ադրբեջանի նախագահը շարունակում է փոփոխական կերպով մի կողմից վերահաստատել իր հավատարմությունը խաղաղ եւ բանակցային կարգավորմանը, մյուս կողմից էլ սպառնալ նոր պատերազմով' նշելով, որ Հայաստանն անհաշտորեն մերժում է «կոմպրոմիսի» գնալ, ինչը, ըստ Ալիեւի, նշանակում է դուրս գալ ԼՂՀ-ին հարակից եւ այժմ հայերի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական յոթ տարածքներից:

Աշխարհի երկրների մեծամասնությունում ղեկավարների Նոր տարվա ավանդական ուղերձը նպատակ ունի համագործակցության, խաղաղության եւ բարգավաճման կոչ հղել: Սակայն նախագահ Ալիեւի 2010թ. Ամանորյա ուղերձը պատերազմի պատվիրան էր: Նա նախազգուշացրեց, որ «Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական ներուժը», որը, ըստ նրա, «ավելանում է օր օրի» եւ «ուժեղանում է զենքի եւ սպառազինության առումով»: Նա բացեիբաց հաստատեց, որ Բաքուն ունի «ռազմական արդյունավետություն» եւ պետք է «օգտագործի մեր ձեռքում եղած բոլոր միջոցները Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը հանգուցալուծելու համար»:

Փետրվարի 25-ին Բաքվում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելերի հետ հանդիպման ընթացքում Աբիեւն ավելի ծավալվեց այդ սպառնալիքի շուրջ եւ նախազգուշացրեց, որ տարածաշրջանում «մեծ պատերազմը» դառնում է «անխուսափելի»: Նա պնդեց, որ 1994թ. Հայաստանի հետ կնքված զինադադարից ի վեր, որն արդյունավետ կերպով «սառեցրեց» ղարաբաղյան հակամարտությունը, «դիվանագիտությանը չհաջողվեց գրանցել որեւէ կոնկրետ արդյունք»: «Ադրբեջանը չի կարող սպասել եւս 15 տարի»,- ասաց Աբիեւը' խոսքի շարունակության մեջ հավելելով, որ «այժմ հասել է ռազմական տարբերակի հերթը, եւ սպառնալիքն օրեցօր մեծանում է»:

Այսօրինակ հոխորտանքի եւ ռազմական իրականության միջեւ, սակայն, խոր խզում կա: Մի հարթության տեսանկյունից' պատերազմական այս խոսքերը ոչ այլ ինչ են, քան դատարկ սպառնալիքներ, քանի որ Ադրբեջանի ռազմական ուժի վերաբերյալ չափազանցված պոռոտախոսություններն անտեսում են ադրբեջանական զինված ուժերի թուլությունը: Այդուամենայնիվ' հայկական կողմի ճնշող գերակշռությամբ եւ պաշտպանական առավելություններով հանդերձ, երկարաժամկետ կտրվածքով տարածաշրջանում ռազմական ուժերի հավասարակշռության ապագա հետագիծը խոսում է Ադրբեջանի օգտին:

Մեկ այլ հարթությունում ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ նախազգուշացումները շատ իրական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար, քանի որ սաստկացնում են այն թաքնված լարվածությունը, որի շարժընթացը կործանարար է: Դրանք հատկապես կարծրացնում են հայկական կողմի պաշտպանական կեցվածքը, հեռացնում ղարաբաղյան հակամարտության իրական կարգավորումը եւ Ադրբեջանի համար խիստ դժվարացնում որոշ ժամանակ հետո առավել չափավոր դիրքորոշում որդեգրելու հնարավորությունը:

Ավելին' այսպիսի հռետորությունը հաստատապես վտանգում է բարոյական իրավիճակը ադրբեջանական զինուժի ներսում, որը դեռեւս չի վայելել պաշտպանության ծախսերի ավելացման օգուտները:

 

Ակնհայտորեն' տարածաշրջան այցելող ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետների անդադրում կարգադրություններով հանդերձ, Ադրբեջանը չի կարողացել քաղել գլխավոր դասը Վրաստանի պատերազմից, այն է' քաղաքական էությամբ խնդիրները չունեն ռազմական լուծում: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, որը դեռ դուրս է պաշտոնական բանակցության գործընթացից, ապա Ադրբեջանի բլեֆը եւ մոլեգնումը միայն ու միայն ընդգծում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա մեծ ջրբաժանը:

Ավելին' Բաքվի այսպիսի սպառնալիքները մեծացնում են այն ընկալումը, որ ադրբեջանական ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության, եւ հարցականի տակ են դնում ղարաբաղյան հակամարտության բանակցային հանգուցալուծման ձգտող միջազգային միջնորդների ջանքերի անկեղծությունը:

Ե՛վ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բաքվի սպառնալիքներին արձագանքել են կտրուկ նախազգուշացումներով, թե Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ որեւէ ադրբեջանական հարձակում կստանա «լուրջ հակահարված», եւ հարձակումը ետ կմղվի:

Վերջին խոսքակռիվը եւ դրա հնարավոր արձագանքները չէին կարող անհաղորդ մնալ: ԱՄՆ-ի հետախուզական բարձրաստիճան պաշտոնյա Դենիս Բլերը ԱՄՆ Կոնգրեսում վերջերս հայտարարեց, որ հայ-ադրբեջանական նոր պատերազմի հավանականությունը գնալով մեծանում է, եւ դրա պատճառներից մեկը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկսված ու ԱՄՆ-ի կողմից հովանավորվող կարգավորման ջանքերից ադրբեջանցիների հիասթափությունն է:

Լիզ Ֆուլեր' «Ազատություն» ռադիոկայան, Պրահա,

Ռիչարդ Կիրակոսյան' Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, Երեւան:

Այս խորագրի վերջին նյութերը