Քաղաքական

01.02.2019 10:35


ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործերի վերաբերյալ

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործերի վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությանը «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործերի վերաբերյալ, որոնք առնչվում են 2008 թվականի մարտյան դեպքերին:

2010-2011թվականներին Եվրոպական դատարան ներկայացված դիմումներով՝ Փաշինյանը պնդել է, որ իր դատապարտումը պայմանավորված է եղել 2008 թվականի հայտնի դեպքերի ժամանակ իր քաղաքական ելույթներով ու ընդդիմադիր գործունեությամբ և նպատակ է ունեցել արգելակել իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը:

Այժմ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից հետաքրքվում է Փաշինյանի կալանքի օրինականության մասին և հարցնում՝ արդյոք չե՞ն խախտվել Փաշինյանի ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների իրավունքները։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ այս հարցերին պետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը:

Միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը ստեղծված իրավիճակը անվանում է մեկ անձի շախմատ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության տակ գտնվող պետական մարմինը պետք է պատասխանի դատարանին, հետո այդ պատասխանը պետք է վերցնեն և ուղարկեն ֆիզիկական անձ Նիկոլ Փաշինյանին, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանի իր իսկ կառավարությանը, էլ չեմ ասում՝ բոլոր այն մարդիկ, ովքեր լծված են լինելու այդ գործին պետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Եվրոպական դատարանում, արդարադատության նախարարը, նախարարության ղեկավարած բաժինը, որը ողջ այս պրոցեսի մեջ ներգրավված է ուղղակիորեն, իրենք բոլորը նշանակվել են և գտնվում են Նիկոլ Փաշինյանի ղեկավարության տակ։ Այսինքն՝ ինձ թվում է, որ ստեղծված վիճակում Նիկոլ Փաշինյանը լավ կլինի դիմում գրի Եվրոպական դատարան և հրաժարվի իր այդ գանգատից որքան էլ որ ցավալի է, որքան էլ որ արժեքավոր գործ է, բայց հրաժարվի, որովհետև սա լուրջ հարց է բարձրացնելու, մրցակցային դատավարությունը հնարավոր չի լինելու ապահովել, ոնց որ մի հոգու շախմատի խաղ խաղալ, սենց է իրավիճակը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը