Քաղաքական

29.01.2019 14:38


Դեժավյու է հիշեցնում. ՀՅԴ–ն համեմատում է Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի իշխանությունները

Դեժավյու է հիշեցնում. ՀՅԴ–ն համեմատում է Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի իշխանությունները

ՀՅԴ–ն այլևս որևէ կոալիցիայի մեջ չի մտնի, որտեղ առանց նրանց որոշումներ կկայացնեն։ Այս մասին այսօր ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ղեկավար կազմի ասուլիսում հայտարարեց Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե ինչ տեղ կունենա ՀՅԴ–ն Հայաստանի նոր քաղաքական դաշտում։

Նա նշեց, որ նոր խորհրդարանում իրենց գաղափարական մոտեցումն ամբողջապես կիսող ուժեր չկան, հետևաբար ՀՅԴ–ն համագործակցության եզրեր դեռ չի տեսնում։

«Այս խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որ գրեթե 100 տոկոսանոց վստահությունն արագ վերածվի կոնկրետ գործերի, այլապես այդ հսկայական ակնկալիքները շատ արագ կվերածվեն հիասթափության, ինչը մենք տեսել ենք 90-ականներին։ Սա մեզ դեժավյու է հիշեցնում։ Նույն վիճակն է եղել, եղել է էյֆորիկ վիճակ, պաթոս, համաժողովրդական զարթոնք ու դրա վրա ձևավորված իշխանություն։ Բայց հետո այդ իշխանությունը ժողովրդի ունեցած ակնկալիքները չի բավարարել և դրան հետևել են ձախողումներն ու հիասթափությունը»,–ասաց նա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

***

Այն ձեւով, ինչպես ներկայացվել է մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, եւ հիմա մյուսներն էլ են ընդգրկվում այդ պրոցեսի մեջ, մեզ մոտ առաջացնում է մեծ մտահոգություններ: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, չպետք է տպավորություն ստեղծի, որ հաշվեհարդարի կամ վենդետայի նպատակ է հետապնդում:

«Արդարադատությունը առաջին հերթին պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն 10 զոհերի մեղավորները: Այս ձեւով, որ դրվում է մեղադրանքը, փորձ է արվում խնդիրը երկրորդական դարձնել: Դրվում է մեղադրանք, որը դեռ ինքը պետք է ապացուցվի, հետո գտնենք, թե ով է մեղավոր: Այսինքն մի հատ ձեւակերպում ենք տվել՝ «սահմանադրական կարգի տապալում», որը դեռ պետք է ապացուցվի՝ եղել է, թե ոչ: Հետո նոր գտնենք, թե ով է տապալել այդ սահմանադրական կարգը: Կա հստակ կատարված փաստ, 10 զոհեր կային, այդ զոհերի մեղավորներին գտնենք: Եվ եթե այդպես գտնենք, պատկերն ավելի լայն կբացվի: Եվ ովքեր առնչված են այդ զոհերի հետ, որոնք նպաստել են, ինչ-որ ձեւով մթնոլորտ են ստեղծել, որ այդ զոհերը առաջանան, նրանք էլ պետք է ընդգրկվեն եւ իրենց ցուցմունքներով նպաստեն գործի բացահայտմանը: Այնպես չէ, որ պետք է ասել՝ այս մի մասը մեղավոր է, այն մի մասը՝ ոչ: Մեր խորին համոզմամբ, երկու կողմում էլ կան մեղավորներ»,-հայտարարեց Ռուստամյանը՝ հավելելով, որ այս գործով քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են:

«Այսպես գնալու դեպքում էլի մոռացվելու է, թե ով է կրակել, այդ կրակելու հրամանը ումից է ստացել: ՄԻԵԴ-ն արդեն որոշումներ է կայացնում այս գործի հետ կապված: Սա մի ընթացք է սկսելու, որ ես չգիտեմ՝ Հայաստանը դրանից օգտվելո՞ւ է, թեմեր հեղինակությունն ավելի է տուժելու որպես իրավական պետություն»,-ընդգծեց նա:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը