Մեկնաբանություն

29.01.2019 11:35


Երևան–Դավոս–Մոսկվա. Փաշինյանը՝ 3 քարի արանքում

Երևան–Դավոս–Մոսկվա. Փաշինյանը՝ 3 քարի արանքում

Թեև Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը Դավոսում չպլանավորված էր, ու թեև ժամանակագրորեն ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազանգը ՀՀ վարչապետին հրապարակայնացվեց Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո, այդուհանդերձ, ակնհայտ է, որ Փաշինյանի հանդիպումն Ալիևի հետ նախապես պլանավորված է եղել, ու կարելի է պնդել, որ նա Դավոս էր մեկնել բացառապես այդ նպատակով, քանզի առարկայական այլ հանդիպումներ չեղան։

Ինչ մնում է Բոլթոնի զանգին, ապա այն, ամենայն հավանականությամբ, եղել է ոչ թե Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո, այլ դրանից առաջ։ Բոլթոնն, ըստ ամենայնի, Փաշինյանին քաջալերել ու ճկունության կոչ է արել, քանզի հայկական կողմից են պահանջվում զիջումներ։ Այդ առումով նույնիսկ ձևական կողմը չի պահպանվել, և Բոլթոնը չի հավաքել Ալիևի հեռախոսահամարը, քանզի վերջինս ստացող կողմն է, իսկ ստացողները, ինչպես հայտնի է, քաջալերանքի կարիք չեն ունենում։

Ուշագրավ էր, որ Բոլթոնի հովանու ներքո տեղի ունեցած Փաշինյան–Ալիև դավոսյան բանակցություններից հետո Մոսկվան որևէ կերպ չարձագանքեց։ Ավելի ճիշտ՝ արձագանքեց, բայց արարողակարգի ու ժեստերի լեզվով՝ ցույց տալով իր բացասական վերաբերմունքը բոլթոնյան պլանին։

Նախ՝ առաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարը Մոսկվա է մեկնում պաշտոնական միջոցառման (տվյալ դեպքում՝ ԵԱՏՄ–ին վերաբերող), բայց ընդունելության չի արժանանում ՌԴ նախագահի կողմից, իսկ ՌԴ վարչապետին էլ հանդիպում է հայկական կողմի խնդրանքով։ Սա ավելին է, քան Կրեմլի սառը վերաբերմունքն առ Փաշինյան։

Կրեմլն իր այդ դիրքորոշմամբ ցույց տվեց, որ չի ողջունում ամերիկյան «քավորությամբ» ընթացող բանակցային գործընթացը։

«Դուխով» արտաքին քաղաքականության հետևանքները

Փաշինյանը հիմա հայտնվել է 3 քարի արանքում։ Մի կողմից ԱՄՆ–ը ճնշում է գործադրում նրա վրա, մյուս կողմից՝ ՌԴ–ն, իսկ 3–րդ կողմն Ադրբեջանն է։ Ամեն մեկն իր ստանալիքն է ուզում։

ԱՄՆ–ը Փաշինյանին առաջարկում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» և «Փող՝ տարածքների դիմաց» բանաձևերը։ Ռուսների նպատակը հակամարտության գոտի ռուսական անձնագրով խաղաղապահ զորքեր մտցնելն է, հարավկովկասյան տարածաշրջանում ամերիկյան «քավորությամբ» թուրք–ադրբեջանական դոմինանտություն ու հակաիրանական հարթակ ձևավորելը թույլ չտալը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից՝ զուգահեռաբար առևտուր անելով ամերիկյան ու ռուսական կողմերի հետ։ Հայաստանն, ինչպես դժվար չէ գլխի ընկնել, ինքն իրեն զրկել է դաշնակիցներից (Փաշինյանին դա հաջողվել է շատ կարճ ժամանակահատվածում) ու պատասխանողի դերում է։

Բանակցային այն շրջանակը, որի մեջ հայտնվել է Փաշինյանը, նրան գրեթե զրկում է դաշնակիցներից նաև երկրի ներսում։ Արցախում Բոլթոնի պլանի կողմնակից քաղաքական ուժ կամ ազդեցիկ ֆիգուր չկա։ Հայաստանում բոլթոնյան պլանի կյանքի կոչման հարցում Փաշինյանի միակ դաշնակից կարող են լինել Լևոն Տեր–Պետրոսյանը և այն շրջանակները, որոնք ներքաղաքական լարվածության ավելացման կողմնակիցներ են՝ դատավարությունների, «անցումային» կոչված արդարադատության համակարգի ներդրման ու նմանատիպ այլ բաների տեսքով։

Փաշինյանի ունեցած տարբերակները

Փաշինյանին արտաքին ճնշումներից դուրս գալու համար մնացել է միայն մեկ փամփուշտ, որն ինքն օգտագործում է։ Ասում է՝ ես չեմ կարող բանակցել Արցախի անունից։ Բայց դե, նման բան հայտարարել, իսկ մյուս կողմից ինտենսիվորեն բանակցել Ալիևի հետ և ուղղակիորեն միջամտել Արցախի ներքաղաքական հարցերին հնարավոր չէ։ Դրսում էլ են տեսնում, որ 131 (Արարատ Միրզոյանի ստացած քվեները 132 չդարձան պատահականորեն, քանզի մեկի քվեաթերթիկն անվավեր էր ճանաչվել) ձայնով ԱԺ խոսնակ նշանակող Փաշինյանը չի կարող դրսում հղում անել ներքին դիմադրությանը։ Ըստ այդմ՝ Փաշինյանը կա՛մ պետք է գնա Բոլթոնի պլանով, որի դեպքում ներքին ցնցումներն ու 1998–ի կրկնությունն անխուսափելի են, կա՛մ պետք է դիմակայի արտաքին ճնշումներին, բայց այդ դեպքում պետք է կտրուկ փոխի իր ներքին քաղաքականությունը։ Նա առայժմ գնում է տերպետրոսյանական տարբերակով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը