Կարծիք

16.03.2010 18:21


Բոլորս ականատես ենք դառնում գների սահուն աճի հերթական գործընթացին

Բոլորս ականատես ենք դառնում գների սահուն աճի հերթական գործընթացին

Այս օրերին մենք բոլորս ականատես ենք դառնում գների սահուն աճի հերթական գործընթացին: Իշխանությունները մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում փորձում են բարձրացնել ապրանքների գները' ապրիլյան կանխատեսվող թանկացումների թռիչքաձեւ ընթացքը համաչափ դարձնելու ցանկությամբ: Դրան զուգահեռ' իշխող կոալիցիայի կուսակցություններն ամեն հարմար եւ անհարմար առիթը բաց չեն թողնում օգտագործելու եւ հավաստելու, թե իբրեւ իրենք «շատ են մտահոգ ժողովրդի սոցիալական վիճակի ապահովման խնդրով»: Իհարկե այդպես կարելի էր մտածել, եթե խոսքը վերաբերեր ոչ այս իշխանություններին:

Բայց խոսքը վերաբերում է այն իշխանությանը, որը տնտեսական դաշտում կատարեց այնպիսի քայլեր, որի արդյունքում վերացվեց պարզեցված հարկը, մանր ու միջին բիզնեսին պարտադրեցին կիրառել ՀԴՄ-ներ, սահմափակեցին անհատ տաքսի վարողների գործունեությունը եւ նմանատիպ բազում քայլեր: Եվ այս ամենը այն դեպքում, երբ օլիգարխիկ կառույցները հնարավորինս դուրս են մնում եւ հարկային դաշտից, եւ արտաքին պարտքը մեծացնելու հաշվին ֆինանսական աջակցություն են ստանում այն դեպքում, երբ այդ պարտքը մենք' հասարակ քաղաքացիներս ենք մարելու եւ սուբսիդիաներ են ստանում ի հաշիվ գազի առավել էժան գնի: Դա բավարար չէ, իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության արդյունքում միայն պաշտոնապես ներմուծումը արտահանումից գրեթե 4 անգամ ավելի  է, իսկ իրականում քանի անգամ է մեծ, կարելի է միայն կռահել: Իրական արդյունաբերությունը, բացառությամբ նաեւ մեր ապագա սերունդներին պատկանող հանքերի հարստահարմամբ իրականացվող հանքաարդյունաբերությանը' գրեթե զրոյացվել է:

Էլ չեմ խոսում գյուղատնտեսության մասին: Գյուղացին ինչպես անօգնական եղել է, այնպես էլ մնում է: Ֆինանսական միջոցները մնում են անհասանելի, ոռոգման յուրաքանչյուր սեզոնի հետ  ջրի խնդիրը դառնում է հրատապ, գյուղտեխնիկան' շքեղություն, իսկ արտադրված գյուղմթերքն այնպես են անում, որ կոպեկներով վաճառի մի քանի հոգու, հակառակ դեպքում' կփչանա: Վկան' գյուղացիների անթիվ ահազանգերը կարտոֆիլի բերքի վերաբերյալ: Որպես իրականացվող քաղաքականության արդյունք' ունենում ենք մի կողմից արտագաղթ գյուղերից, մյուս կողմից' էժան հողերի գնում խոշոր տնտեսվարողների եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Թվում է' այս ամենը կապ ունի բացառապես տնտեսական վարվող քաղաքականության հետ: Բայց ես համոզված եմ' դուք բոլորդ հասկանում եք, որ Հայաստանում տնտեսական քաղաքականությունը ածանցվում է կառավարման քաղաքականությունից: Եվ որ իշխանությունները, օգտագործելով թե՛  օրենսդիր եւ թե՛  գործադիր լծակները, ստեղծում են այնպիսի անհավասար եւ անարդար պայմաններ, որ խոշորներն էլ ավելի են խոշորանում, իսկ փոքր եւ միջին բիզնեսը գրեթե վերանում է: Եվ պատահական չէ, որ նման իշխանությունը պահելու համար և ընտրություններ են կեղծվում, եւ մարտի 1 է իրականացվում: Արդյունքում' եկամուտների կենտրոնացում մի քանի տասնյակ կլանների ձեռքում, համատարած աղքատացում եւ արտագաղթ»:

Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը