Մեկնաբանություն

25.01.2019 11:40


Ո՞րն է Փաշինյանին Բոլթոնի աջակցության գինը

Ո՞րն է Փաշինյանին Բոլթոնի աջակցության գինը

Բանական որևէ մեկի համար կասկած անգամ չի կարող առաջանալ, որ Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ բանակցությունների մեջ է, և արդեն մտել է դետալային քննարկումների դաշտ։

Միայն նիկոլապաշտ հպարտ քաղաքացիները կարող են հավատալ, որ Փաշինյանը Դավոսում պատահաբար է հանդիպել Ալիևին, հետը պատահաբար 1,5 ժամ պատմական էքսկուրս արել նրա հետ, որից անմիջապես հետո ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի մատը պատահաբար կպել է հեռախոսին, ու հավաքվել է Փաշինյանի համարը, ու քանի որ զանգը գնացել էր, ուստի Բոլթոնն ու Փաշինյանը խոսել են դեսից–դենից, բայց ոչ Արցախի հարցից։

Իրականությունն այն է, որ Արցախի հարցով բանակցային գործընթացը խորացել է այնքան, որ Բոլթոնն արդեն հայտարարում է, որ «ԱՄՆ–ն աջակցում է Հայաստանին բարգավաճ ապագա երաշխավորելու Փաշինյանի ջանքերին»։

Փող՝ տարածքների դիմաց

ԱՄՆ աջակցությունը Փաշինյանին, բնականաբար, գին ունի։ Ոչ մի պետություն այլ պետության հենց այնպես չի աջակցում, ու դա նորմալ է։ Պետք է, ուրեմն, հասկանալ, թե ինչ գին է պահանջվում հայկական կողմից։

Ելնելով առկա աշխարհաքաղաքական գործընթացների ամերիկյան վեկտորից՝ Հայաստանի բարգավաճմանն աջակցելու գինը Փաշինյանի ներառումն է հակաիրանական, իսկ վերջին հաշվով՝ հակառուսական մեծ նախագիծ։ Նախագիծ՝ հանուն որի ԱՄՆ–ը Սիրիայում զոհաբերեց քրդերին, հանուն որի պատրաստ է Ադրբեջանին աջակցել Արցախի հարցում, և հանուն որի Հայաստանին ֆինանսական միջոցներ են պատրաստվում հատկացնել (խոսվում է մի քանի միլիարդ դոլար աջակցության մասին)։

ԱՄՆ–ը փորձում է սեղմել օղակը ՌԴ–ի շուրջ և ապակայունացնել Իրանում իրավիճակը։ Թրամփի բնական դաշնակիցներն այդ հարցում Թուրքիան ու Ադրբեջանն են։ Թուրքիայի ուզած գինը Սիրիայում վճարված է քրդերի տեսքով, իսկ ահա Ադրբեջանի ուզած գինը՝ դեռ ոչ։ Հասկանալի է, որ Ադրբեջանի ուզածն Արցախն է։ Ու քանի որ ամերիկացիները շտապում են Իրանի հարցում, ուստի շտապեցնում են նաև Փաշինյանին, որին ինչպես Երևանում, այնպես էլ հեռվից Բոլթոնը միշտ տեմպի մեջ է պահում։ Բայց որպեսզի Փաշինյանը կարողանա ապահովել բոլթոնյան պլանի կյանքի կոչումը, նրան ամեն կերպ հիմա աջակցում են ու խոստանում ֆինանսական պարգև, որպեսզի ՀՀ հպարտ քաղաքացիներին, բացի մտրակից, նաև բլիթ տան, կամ բլիթի խոստում։

Դատելով ամենից՝ հիմա Արցախի հարցով բանակցություններն ընթանում են «Խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևով, որի բաղկացուցիչն է նաև «Փող՝ տարածքների դիմաց»–ը։ Ահա այն գինը, որն առաջարկում է վճարել Բոլթոնը Փաշինյանին՝ «Հայաստանի բարգավաճմանն աջակցելու» դիմաց։

Փաշինյանը դեռ լուռ է։ Նա հասկանում է, որ ինքը կարող է շատ վատ ավարտել, եթե հանկարծ գնա զիջումների, բայց մյուս կողմից էլ իրեն փող է պետք, որպեսզի կարողանա իշխանությունը պահել։

Փաշինյանը լուռ է, բայց ասեղը պարկում չես պահի։ Նա անցած 9 ամիսներին ոչինչ չի արել մեր բանակն ամրացնելու ուղղությամբ, որպեսզի շանտաժներին ու սպառնալիքներին դիմագրավելու ռեսուրս ունենա։ Նա ոչինչ չի արել հանրային միասնություն և հանդուրժողականություն ապահովելու համար, որը կարող էր հսկայական ամրության պաշար տալ իրեն բանակցային սեղանի շուրջ։ Փոխարենը՝ Փաշինյանն ամեն ինչ արել է հայ–ռուսական հարաբերությունները վատացնելու, ՀԱՊԿ–ում մեզ «իզգոյ» սարքելու և Հայաստանին առանց դաշնակից թողնելու համար։

Փաշինյանը պառակտում ու թշնամանք է մտցրել հանրության մեջ։ Ու հիմա կարելի է ողջամիտ կասկած հայտնել, որ քաղաքական հետապնդումները և, մասնավորապես, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու բանակի ներկայացուցիչների դեմ արվածը ոչ միայն ու ոչ այնքան անձնական վրեժի, այլ լրիվ ուրիշ նպատակով են արվել։ Արդեն երևում է, թե որ նպատակով։ Այդպես է դա թե ոչ, «հերձումը» ցույց կտա։

Մեկ բան հստակ է՝ Արցախն այն հարցն է, որի հետ կապված ցանկացած սխալ քայլ «քաղաքական անատոմիկ» է ուղարկում այդ քայլն անողին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը