Մեկնաբանություն

16.03.2010 17:52


ՀՀԿ-ԲՀԿ. մի կաթիլ մեղրի պատմությունը

ՀՀԿ-ԲՀԿ. մի կաթիլ մեղրի պատմությունը

Ներկոալիցիոն լեզվակռիվն  արդեն ընթանում է «Է՛լ քաչալ շուն, է՛լ գող փիսո» ոճով։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ոչ կոմպետենտության մեջ մեղադրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին՝ հայտարարելով, որ նա չի հասկանում տնտեսությունից և իր տեղում չէ։ Դրան հետևեց Ներսես Երիցյանի արձագանքը։ Էկոնոմիկայի նախարարն ասաց, թե Ծառուկյանը չէ, որ պետք է գնահատի իր աշխատանքը, և ճիշտ կլինի՝ ԲՀԿ առաջնորդը գնահատի ԲՀԿ-ակա՛ն  նախարարների աշխատանքը։

Լեզվակռվի էստաֆետն այնուհետև վերցրեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ով խորհուրդ տվեց Էկոնոմիկայի նախարարին հրաժարական տալ՝ միջազգային կենտրոնների գաղափարախոսի «պորտը տեղը դնելով»։ Զոհրաբյանին հակադարձեց ՀՀԿ-ական Շարմազանովը՝ գործընկերուհուն խորհուրդ տալով մնալ չափի մեջ։

Փաստորեն, այս պահին ՀՀԿ-ԲՀԿ «ֆուտբոլային» խաղի հաշիվը մարտական ոչ ոքի է՝  2:2: Թե ինչեր կլինեն սրանից հետո, պարզ կդառնա առաջիկայում։ Սերժ Սարգսյանի սիրած տերմինով ասած՝ գնդակն այժմ ԲՀԿ-ի դաշտում է։

Դատելով ամենից՝ ներիշխանական «ռազբորկան» անխուսափելի է, կամ էլ այդ «ռազբորկայի» հետևանքներին ենք մենք այժմ ականատես լինում։ Ինչպիսի զարգացումներ էլ լինեն, կա երկու տարբերակ՝ կա՛մ ԲՀԿ-ին դեղին քարտ ցույց կտան, կա՛մ Երիցյանը «դաշտից» կհեռացվի։

Եթե ԲՀԿ-ն տեղի տա, նշանակում է, որ ՀՀ նախագահի թևն առաջ անցավ, իսկ եթե «կուլ» գնա ՀՀԿ-ի սերժսարգսյանական թևը,  նշանակում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի կարողանում «տանիք» հանդիսանալ անգամ իր մերձավոր շրջապատի «միջազգայնագետների» համար, ինչն իր հերթին կբացահայտի, որ Սերժ Սարգսյանը բավական թույլ է։

Հետաքրքրական է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անուղղակիորեն պաշտպանում է Ծառուկյանին, ինչը բնական է և՛ խնամիական, և՛ ներկոալիցիոն հակամարտության տրամաբանության տեսանկյուններից։ Ասվածի ապացույց էր այն, որ կառավարության առաջարկած օրինագծի քննարկման ժամանակ Աբրահամյանը քննադատեց կառավարության ներկայացուցչի պահվածքը։

Տեսնենք՝ հետագայում ո՞ր կողմը «գոլ» կուտի։ Լրագրողական աշխարհին այս ընթացքում մնում է միայն հետևել թամաշային ու այն ներկայացնել բազմաչարչար հայ ժողովրդին։

Նկատենք, որ այս ամենից «Մի կաթիլ մեղրը» հեքիաթի հոտն  է գալիս։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը