Մեկնաբանություն

24.01.2019 09:20


Ցուկերբերգն՝ ընդդեմ Հայաստանի

Ցուկերբերգն՝ ընդդեմ Հայաստանի

Շվեյցարական Դավոսը համարվում է աշխարհի քաղաքական ու բիզնես էլիտայի ոչ ֆորմալ մայրաքաղաքը։ Այնտեղ հավաքվում են ոչ միայն քննարկումներ ու լսումներ կազմակերպելու, այլ նաև բիզնես նախագծեր հաստատելու և միլիարդավոր դոլարների գործարքների հիմքեր գցելու համար։

Այս տարի Դավոսը մի փոքր «գունազրկվել» է, քանզի չեն ժամանել երկու հսկաների ղեկավարները՝ «շաթդաունի» տակ ընկած Դոնալդ Թրամփը և ոչ պակաս խնդիրներ ունեցող Վլադիմիր Պուտինը։ Մյուսները, կարծես թե, տեղում են։

Հայաստանին կախարդական փայտիկի օգնությամբ թռիչքաձև տնտեսական աճ ու ներդրումային բում խոստացած Նիկոլ Փաշինյանը ևս Դավոս էր գնացել (ի դեպ, թռիչքաձև աճ ու բում չի եղել և վարվող քաղաքականության շրջանակներում չի սպասվում)։ Թվում է, թե նա, պատկերավոր ասած, քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենար, քանզի պետք է բազմաթիվ հանդիպումների մեջ լիներ, փորձեր ներդրումային պայմանավորվածություններ ձեռք բերել կամ արտահանման շուկաներ գտնել մեր երկրի համար, սակայն ինչպես հետագայում պարզվեց՝ Փաշինյանը Դավոս էր մեկնել Իլհամ Ալիևին հանդիպելու համար։ Այլ նպատակ նրա մեկնումը չի ունեցել։ Եթե ունեցել է, ապա թող ներկայացնեն, թե ինչ արդյունքների են հասել ու ինչ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։

Փաշինյանն Ալիևի հետ հանդիպումից դուրս այնքան պարապ է եղել, որ շարունակել է զբաղվել իր սիրած գործով, այն է՝ հետևել կայքերին ու սոցիալական ցանցերում արվող գրառումներին։

Աշխարհի բիզնես էլիտայի ժամադրավայր հանդիսացող Դավոսում մեր երկրի ղեկավարն ինչքա՞ն ժամանակ պետք է ունենար, որ նստեր ու հետևեր, թե ինչ են գրում իր պարգևատրված թիմակիցների մասին, որ մի հատ էլ շտապեր այդ թեմայով «լայվ» մտնել։

Դատելով ամենից՝ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ «Ֆեյսբուքից» ու մտնել երկրի ղեկավարի դերի մեջ։ Նրա համար ամեն մի ֆեյսբուքյան գրառում շատ ավելի կարևոր է, քան Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները։ «Ֆեյսբուքով» եկողը, թերևս, վախենում է, որ «Ֆեյսբուքով» էլ կգնա, ու դրա համար է մնում «տարածքում», բայց այդպես երկար շարունակվել չի կարող։

Փաշինյանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ իր օրվա մեծ մասն անցկացնում է Ցուկերբերգի տարածքում, բայց այդ դեպքում պետք է վարչապետի գրչի փոխարեն բռնի սելֆիի ձողիկը, կա՛մ պետք է զբաղվի այն ֆունկցիայով, ինչի համար 70 տոկոս է «խփել»։ Թեև, հանուն ճշմարտության, պետք է ասել, որ նրա մոտ լավ է ստացվում Ցուկերբերգի տարածքում գործելը։ Իսկ երբ Փաշինյանը համատեղում է «Ֆեյսբուքն» ու Հայաստանը, ապա ստացվում է «Ցուկերբերգն՝ ընդդեմ Հայաստանի» պատկեր։ Բայց դե, Ցուկերբերգը մեղավոր չէ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը