Մեկնաբանություն

22.01.2019 09:30


Նիկոլ Փաշինյանը՝ Նյուտոնի 1–ին ու 3–րդ օրենքների արանքում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը՝ Նյուտոնի 1–ին ու 3–րդ օրենքների արանքում (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ նշանակված Լենա Նազարյանը շատ խորհրդանշական միտք է հայտնել։ Անդրադառնալով ինքնապարգևատրված մարզպետների թեմային՝ Նազարյանը հայտարարել է, որ իր թիմակիցներն իներցիայով են ինքնապարգևատրում արել։

Փոխխոսնակն ուզեցել է ասել, որ մարզպետները չէին ուզում, բայց նախկինից մնացած իներցիան է նրանց ստիպել փող «փախցնել» մոտավորապես այնպես, ինչպես «Ոսկե հորթի» մեջ Օստապ Բենդերից ահագին փող ստացած Շուրա Բալագանովն է տրանսպորտի մեջ իներցիայով գրպանահատությամբ զբաղվում ու մանր փողի վրա բռնվում։

Այո՛, իներցիան հզոր բան է։ Հատկապես երբ ոչինչ և ոչ ոք չի խանգարում այդ իներցիայի ազդեցության տակ շարունակել անել այն, ինչ անում էին նախկինները, ու դեռ մի բան էլ ավելացնել շարժման արագությունը։

Այդ իներցիայի ազդեցության տակ է Նիկոլ Փաշինյանն այժմ պահպանում այն, ինչը նախկինում քննադատում էր։ Խոսքը, մասնավորապես, սուպերվարչապետական լիազորությունների մասին է։ Իսկ ինչո՞ւ չպետք է պահպանի, եթե հանրության լայն շրջանակների կողմից դիմադրության չի հանդիպում ու դեռ մի բան էլ ստանում է հիացական բացականչություններ։

Իներցիան շուտով երիտհեղափոխականներից կսարքի այնպիսինների, ինչպիսինների դեմ նրանք պայքարում էին։ Ու պատկերացրեք, որ նրանք մեղավոր չեն լինի։ Ավելի ճիշտ՝ մեղավոր կլինեն ճիշտ այնքան, որքան նրանց իներցիայով շարժվելու մանդատ տված հպարտ քաղաքացիները։

Եթե իշխանությանը տալիս ես անսահմանափակ լիազորություններ՝ այն հույսով, որ «վատ մարդկանց» փոխարինած «լավ մարդիկ» «ժողովրդի համար մի լավ բան կանեն», ապա արդյունքը լինում են իներցիայով թալանը, կոռուպցիան ու ամենաթողությունը, ընդ որում՝ ավելի մեծ մասշտաբներով ու ավելի լկտի դրսևորումներով։

Ամբոխից չի կարող ժողովրդավարություն ծնվել։ Ամբոխը լավագույն դեպքում կարող է պահպանել այն, ինչի դեմ դուրս էր եկել, իսկ որպես կանոն՝ ստեղծել ավելի այլասերված համակարգ։ Այնպես որ, Լենայից պետք չէ նեղանալ կամ նրան քննադատել իներցիայի թեմայով։ Նա ակամայից բացահայտել է իրենց իշխանության բուն էությունը, այն է՝ նախորդի իներցիայով շարժվելը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Իներցիայի օրենքի հայտնագործման հեղինակային իրավունքը պատկանում է Գալիլեյին։ Նյուտոնը հետագայում ավարտուն տեսքի բերեց այն և ներառեց մեխանիկայի դասական օրենքների շարքը։ Իներցիայի օրենքն այժմ հայտնի է որպես Նյուտոնի 1–ին օրենք։

Իներցիայի օրենքը մեխանիկայի հիմնական օրենքներից է, ըստ որի՝ երբ մարմնի վրա արտաքին ուժեր չեն ազդում, կամ ազդող ուժերը փոխադարձաբար հավասարակշռված են, ապա մարմինը հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ պահպանում է իր շարժման կամ հանգստի վիճակը։

Եթե ֆիզիկայի լեզվից անցնենք քաղաքական լեզվին, ապա ելնելով իներցիայի օրենքից՝ կարող ենք ասել, որ եթե Նիկոլ Փաշինյանի միահեծան իշխանության վրա հանրությունը ճնշում չգործադրի ու չստիպի շարժվել այն ուղղությամբ, որը ձեռնտու է հանրությանը, ապա Փաշինյանն իներցիայով կշարժվի այն ուղղությամբ, որն անցած տարի մերժվել էր։ Դա մենք չենք ասում, դա բնության օրենքն է, որը Նյուտոնը համակարգված ուսումնասիրել է։

Բնության օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ։ Այնպես որ, Փաշինյանը շարժվում է այդ օրենքներով։ Այլ հարց է, որ Փաշինյանի քաղաքականության արդյունքում սկսում է կյանքի կոչվել Նյուտոնի 3–րդ օրենքը, ըստ որի՝ ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այսինքն՝ երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված։ Դա նշանակում է, որ Փաշինյանի իշխանության այլընտրանքի ծնունդն անխուսափելի է։ Ինչպես որ իներցիան է որոշ ժամանակ պահպանվում, այնպես էլ հակակշռող ուժի ծնունդն է ժամանակ պահանջում։

Իներցիայի պահպանման ու հակազդեցության ծնունդի ժամանակները քաղաքականության մեջ մոտավորապես հավասար են։

Այս խորագրի վերջին նյութերը