Լրահոս

21.01.2019 17:05


«Անհասկանալի է, թե ինչ չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ». «Նաիրի ինշուրանս»

«Անհասկանալի է, թե ինչ չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ». «Նաիրի ինշուրանս»

Այսօր ՊԵԿ-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն` «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ին վերագրվել են առանձնապես խոշոր չափերի հարկերի չվճարման ենթադրյալ չարաշահումներ, որի մասին Ընկերությունը տեղեկացվել է մամուլից: Այս մասին պարզաբանում է տարածել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ-ն:

Պարզաբանման մեջ նաեւ ասվում է.

«Պաշտոնապես հայտնում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որեւէ անգամ չեն այցելել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով եւ անհասկանալի է, թե ինչ չարաշահումների եւ նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ եւ ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը:

Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ գործարար համբավն ու հեղինակությունը, ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ ՊԵԿ կողմից տարածվող վստահություն չներշնչող հաղորդագրությունները հրապարակելուց եւ ցանկացած այլ միջոցներով տարածելուց:

Միաժամանակ, Ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար, բացառելու՝ ընկերության գործարար բարի համբավն արատավորող ցանկացած փորձ եւ պատասխանատվության ենթարկելու նմանօրինակ դեպքերի մեղավորներին օրենքի ողջ խստությամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը