Քաղաքական

21.01.2019 16:40


Ռոբերտ Քոչարյանի հայցը բավարարվել է. 1in.am-ը հերքում կտպագրի

Ռոբերտ Քոչարյանի հայցը բավարարվել է. 1in.am-ը հերքում կտպագրի

Tert.am-ը գրել է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Երիցյանը, քննարկելով Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջները, քաղաքացիական գործով վճիռ է կայացրել՝ հայցը բավարարելով մասնակի:

1in.am լրատվական կայքը պետք է հերքում տեղադրի չորս հոդվածի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, պետք է հայցի Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը, և պետք է կայքից բռնագանձվի 400 հզր դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: 1մլն 600 հզր դրամ ոչ նյութական վնասի բռնագանձման պահանջը դատարանը մերժել է:

Դատարանը վճռել է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին բավարարել մասնակի:

Դատարանը www.1in.am ինտերնետային կայքին պարտավորեցրել է 07.06.2018 թվականին հրապարակված՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, վերջինս կալանավորվել է», 23.06.2018 թվականին հրապարակված` «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թվականին հրապարակված՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան», 28.06.2018 թվականին հրապարակված՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ. վճիռը օրինական ուժի ստանալուց հետո երկու օրվա ընթացքում առավոտյան ժամը 09:00-ին (սահմաններում) www.1in.am ինտերնետային կայքում հրապարակել հերքում (հերքման տեքստի հրապարակման տառատեսակը և ձևավորումը պետք է լինի նույնը, ինչ հրապարակված չորս հոդվածները):

Պետք է նշվի, որ չորս հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է: Լրատվամիջոցը պետք է հայցի Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար: Դատարանի վճռով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հայցը` մնացած` 1.600.000 ՀՀ դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժել:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում»:

Այս խորագրի վերջին նյութերը