Մեկնաբանություն

19.01.2019 13:35


Փաշինյանը, Զիմզիմովը և արագաչափերը (տեսանյութ)

Փաշինյանը, Զիմզիմովը և արագաչափերը (տեսանյութ)

Հայաստանի 28-ամյա անկախության ընթացքում բազմաթիվ ընդդիմադիր շարժումներ են եղել:

Օրվա իշխանություններին ընդդիմացողները, չնչին բացառություններով, հանրությանը փորձել են համոզել հետևյալ թեզի միջոցով. «Սրանք վատն են, թալանչի են, իսկ ահա մենք որ գանք իշխանության, չենք թալանի, որովհետև ազնիվ ենք, մաքուր ենք, մի խոսքով՝ լավն ենք»:

Այսինքն՝ քննադատվում էր ոչ թե համակարգը, այլ անձը՝ իշխանավորը: Նրան վերագրվում էին սատանայական հատկանիշներ, ու տրվում բացասական պիտակներ: Մինչդեռ պարզ է, որ խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան անձերի մեջ է, որքան համակարգի:

Եթե մեր հանրությունն առաջնորդվի հույզերով, այլ ոչ թե բանականությամբ, ապա վերջում միշտ կկանգնի կոտրած տաշտակի առաջ: Իսկ եթե անգամ կոտրած տաշտակի առաջ կանգնելուց հետո ճիշտ հետևություններ չանի, ապա ստիպված է լինելու ամեն անգամ ծույլիկ աշակերտի պես մնալ նույն դասարանում:

Հանրությունը պետք է սովորի ռացիոնալը տարանջատել պոպուլիզմից, պետք է իմանա, թե ինչպես է պետք իրատեսական խոստումը տարբերել գայթակղիչ խաբեությունից: Պետք է նաև պահանջատեր լինի, որպեսզի իշխանությունն իմանա, որ սուտ խոսելը պատժվելու է:

Մենք մի անգամ արդեն պատժել ենք մեկին սուտ խոսքի համար, բայց, չգիտես՝ ինչու, հետևողական չենք այդ հարցում, ու թույլ ենք տալիս, որ նորից մեզ խաբեն:

Ի՞նչ է, սպասում ենք դանակը ոսկորին հասնի, կամ համբերության բաժակը լցվի, ու դրանից հետո նո՞ր ոտքի կանգնենք: Բայց չէ՞ որ դա ամեն անգամ մեծ գին է պահանջում:

Խոսքը պետք է արժեք ունենա: Առավել ևս՝ իշխանավորի խոսքի:

Վերցնենք, օրինակ, արագաչափերի թեման: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դրանք պետք է վերանան, իսկ երբ դարձավ վարչապետ, «մոռացավ» այդ մասին: Ավելին՝ արագաչափերի քանակն ավելացվեց:

Տվյալ դեպքում հարցն այն չէ, թե արդյոք ճի՞շտ է արագաչափերը վերացնելը, թե՞ ոչ: Հարցն այն է, որ Փաշինյանն իշխանության գալուց առաջ դեմ է եղել դրան, իսկ բուն «թավշյա» օրերին շատերին գայթակղում էր՝ արագաչափերի օբյեկտիվները փակելով:

Հանրությունը պետք է Փաշինյանին ստիպի հարգել իր իսկ խոսքը, եթե անգամ այդ խոսքը եղել է չմտածված կամ մարտավարական նպատակներով:

Երջանիկ Հայաստան հնարավոր է կառուցել միայն պահանջատեր ու քաղաքականապես հասուն հասարակության միջոցով: Մնացածը բլեֆ է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը