Քաղաքական

17.01.2019 15:25


Ես նմանատիպ կառույցի գոյության մասին տեղեկություն չունեմ. Արմեն Գևորգյանը՝ 2008-ին գաղտնի շտաբի անդամ լինելու մասին (տեսանյութ)

Ես նմանատիպ կառույցի գոյության մասին տեղեկություն չունեմ. Արմեն Գևորգյանը՝ 2008-ին գաղտնի շտաբի անդամ լինելու մասին (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում քննվում է 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:

Նախքան դատական նիստի մեկնարկը Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ ասածներին ավելացնելու ոչինչ չունի, իսկ անհրաժեշտ տեղեկություններն իր պաշտպանները կհայտնեն:

Հարցին, թե մամուլում տեղեկություններ են եղել, որ Արմեն Գևորգյանը 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գաղտնի շտաբի անդամ է եղել, որտեղ որոշումներն են կայացվել, արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, Արմեն Գևորգյանն ասաց. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումները չմեկնաբանել, ով հրապարակել է, իրենից էլ հարցրեք»:

Հարցին, թե ինքը եղե՞լ է այդ շտաբի անդամ, Արմեն Գևորգյանն ասաց. «Ես նմանատիպ կառույցի գոյության մասին տեղեկություն չունեմ: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ գործը քննվում է դատարանում և երբ ավարտվի, բոլոր անհրաժեշտ տեղեկություններն իմ փաստաբանները կհայտնեն, այս պահի դրությամբ նախորդ իմ ասածներից բացի, որևէ բան չունեմ ավելացնելու և պակասեցնելու»:

Հնչած հարցերին Արմեն Գևորգյանը չպատասխանեց՝ նշելով՝ հաջողություններ մաղթեք ինձ:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Աղբյուրը՝ Tert.am

***

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Պաշտպանի խոսքով՝ նիստն ավարտվեց, բայց դատարանը խորհրդակցական սենյակ չի հեռացել: Նիստի ավարտից հետո Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գտնվում է այնպիսի իրավիճակում, որ գործին առնչվող հարցերի պատասխանել չի կարող:

Նախկին դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ Արմեն Գևորգյանը լրագրողներին հռետորական հարց տվեց․ «Ես ճնշում գործադրող մարդ կարո՞ղ եմ լինել»:

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը