Կարծիք

16.01.2019 09:03


Ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում այնքան էլ ամեն ինչ չէ, որ որոշում է ժողովուրդը

Ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում այնքան էլ ամեն ինչ չէ, որ որոշում է ժողովուրդը

Սահմանադրության համաձայն, փաստորեն, 3 օր է մնացել այն ժամկետի ավարտին, երբ նորանշանակ վարչապետը պետք է նախագահին ներկայացնի փոխվարչապետերի և նախարարների թեկնածուներին, իսկ շուրջ տասը օրից քիչ ավելի՝ կառավարության կազմավորման համար։

Այսինքն՝ այս օրերին պետք է ԱԺ֊ն հասցնի քննարկել, քվեարկել կառավարության ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր՝ փոփոխված օրենքը, որի համաձայն նախարարությունների թիվը 17֊ից հասցվելու է 12֊ի։

Այսօր, փաստորեն, պատգամավորների խոսքից պարզ դարձավ, որ նշյալ նախագիծը դեռ ԱԺ֊ում չէ։ Մանե Թանդիլյանը, օրինակ, այն փնտրել է և չի գտել։
Աբսուրդն այն է, որ մինչ օրս գերգաղտնի պահված այդ օրինագիծը, որը պետք է հանրությունը հնարավորինս ծանրութեթև արած լիներ, որևէ կերպ չի ներկայացվել հանրային լայն քննարկման։

Փաստորեն՝ կամաց֊կամաց ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ ՀՀ֊ում այնքան էլ ամեն ինչ չէ, որ որոշում է ժողովուրդը (ինչպես դա սիրում են կրկնել մերօրյա «հեղափոխականները»)։ Արդեն պարզորոշ է, որ երկրի համար հույժ կարևոր, հանրության լայն շերտերին, աշխարհասփյուռ հայությանն առնչվող և շրջադարձային նշանակության այս օրենքը, որը մշակվել է իշխանական կուսակցության գրասենյակում, ոչ միայն չի քննարկվելու (դա արդեն տեխնիկապես էլ է անհնար), այլև այն ընդունվելու է խորհրդային ավանդույթներին համահունչ, այն է՝ ԱԺ հասնելուն պես դրվելու է քվեարկության, և ոչ միայն լայն հանրությունը, այլև պատգամավորները բանից բեխաբար, խորհրդային դարաշրջանի Գերագույն Խորհուրդներում աթոռ զբաղեցրած կթվորների, ագրոնոմների, կոլխոզների և գյուխխորհուրդների նախագահների նման սեղմելու են կոճակները։

Ավելորդ չենք համարում նշել, որ օրինագիծն առնչվում է նաև սփյուռքի նախարարության կրճատմանը կամ վերափոխմանը, և հանրային քննարկումներին պետք է ակտիվ մասնակից դառնային նաև սփյուռքահայության լայն շրջանակները։ Այսքանից հետո էլ ի՞նչ սփյուռքահայի մասին կարող է խոսք լինել, երբ օրինագիծն ընդունող մարմինը՝ ԱԺ֊ն անգամ դեռ ծանոթ չէ այդ «Հարսանիք նախարարություններում» օպերացիայի պլանին։

Ահա այսկերպ է Փաշինյանի թիմի կողմից այդքան սիրված ժողովուրդը մասնակցում երկրի համար կարևորագույն հարցերի որոշմանը։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը