Մեկնաբանություն

15.01.2019 14:05


Փախուստ անցյալից (տեսանյութ)

Փախուստ անցյալից (տեսանյութ)

Այս խորհրդարանը նորանկախ Հայաստանի ամենաապաքաղաքականն է: Նոր ԱԺ-ն քաղաքականապես գոյություն չունի, այն էլ՝ «խորհրդարանական» կոչված կառավարման համակարգի պայմաններում:

Ապաքաղաքականից «5 պակաս» էր 2017-ին ձևավորվածը, բայց 2018-ինը գերազանցեց իր նախորդին: Նախորդում գոնե ձևականորեն թողել էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը բոցաշունչ ելույթներ ունենա: Ու այնքան թողեցին, որ ոչ անհայտ խիարը, ի հեճուկս Սարգսյանի ու ի զարմանս Փաշինյանի, թարս բուսնեց:

Մենք հիմա ԱԺ-ում ունենք 132 փաշինյաններ, որոնք տարբեր խմբակցություններում ու տարբեր աթոռների վրա նստած՝ կոճակներ են սեղմելու: Սեղմելու են միաժամանակ, միանշանակ ու միանման: Մանր-մունր հարցերում կարող է տեսակետների տարբերություն լինել «ախոռում», բայց, մեծ հաշվով, ամեն ինչ ընթանալու է խորհրդային ավանդույթներին համահունչ:

«Շո՛ւռա», ե՞րբ ենք բաժանելու աթոռները

Ի դեպ, մանր-մունր հարցերի մասով շատ ուշագրավ բան տեղի ունեցավ: Ուշագրավ այնքանով, որքանով որ դա հետաքրքիր է քաղաքականությամբ զբաղվող նեղ շրջանակներին, քանզի հանրության լայն շրջանակների համար բացարձակապես կարևոր չէ, թե ով պետք է լինի ԱԺ «ընդդիմադիր» փոխխոսնակներից մեկը՝ Մանե Թանդիլյա՞նը, թե՞ Վահե Էնֆիաջյանը:

Իրականում ոչ մի տարբերություն չկա իշխանական Լենա Նազարյանի ու «ընդդիմադիր» Մանե Թանդիլյանի, իշխանական Ալեն Սիմոնյանի ու «ընդդիմադիր» Վահե Էնֆիաջյանի միջև: Բոլորն էլ հավասարապես պատրաստ են ծառայելու մեկ մարդու:

Կարող է այս դեպքում հարց առաջանա, թե այդ դեպքում ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային ԲՀԿ-ական թեկնածուին ԱԺ փոխխոսնակ դարձնելը, այլ ոչ թե ընդամենը ամիսներ առաջ դաշինքային գործընկեր ԼՀԿ-ականի օգտին քվեարկելը:

Փաշինյանը նյարդայնանում է վկաներից ու ենթագիտակցական կռիվ տալիս հետները

ԲՀԿ-ական թեկնածուի օգտին քվեարկած քայլարածները ցույց տվեցին, որ 2017-ին «Ելք» դաշինքը ստեղծվել է մաս կազմող երեք կուսակցություններից դուրս գտնվող արտաքին մոդերատորի օգնությամբ ու արհեստականորեն, եղել է գաղափարազուրկ, կառավարվել է Բ26-ի կողմից, ու Նիկոլ Փաշինյանն այդ դաշինքում հայտնվել է զուտ պատգամավորական մանդատ ստանալու գործարքի շրջանակներում:

Արտաքին մոդերատորի ձեռքն էր, որ միմյանց հայհոյող ու ծախված գործիչ համարող Մարուքյանն ու Փաշինյանը «մոռացան» իրենց խոսքերը և դաշինք կազմեցին 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: Այդ մասին գիտի Էդմոն Մարուքյանը՝ որպես դաշինքի ստեղծման բրոքեր, գիտեն նաև մյուսները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Հենց դա էլ նյարդայնացնում է Փաշինյանին, քանզի հնարավոր է արտաքին տեսքը փոփոխության ենթարկել, բայց հնարավոր չէ ջնջել նախորդ կյանքի վկաների հիշողությունը:

ԼՀԿ-ական թեկնածուի օգտին չքվեարկելը Փաշինյանի համար ունի առավելապես հոգեբանական ենթատեքստ: Նա այդպիսով ուզում է ևս մեկ անգամ խզել իր կապերը «Ելքի» հետ՝ փորձելով հընթացս ենթագիտակցորեն վրեժ լուծել Մարուքյանից, ով իր նախկին գործարքի վկան է եղել: Իսկ վկաներին, ինչպես հայտնի է, ոչ մի տեղ էլ չեն սիրում:

«Ելք» դաշինքի ու դրա իրական տիրոջ ուրվականն է կոմպլեքսավորում Փաշինյանին, ու նա անընդհատ կռիվ է տալիս, որպեսզի փախչի սեփական անցյալից: Նրա համար Գագիկ Ծառուկյանը նոր պայմաններում շատ ավելի ընդունելի է («ո՛չ դոդացմանը»), քան Էդմոն Մարուքյանը, որը «Ելք»-ում Փաշինյանի կուռատորն է եղել:

Սա՛ է Փաշինյանի որոշման այն հոգեբանական ենթատեքստը, որն «ընդդիմադիր» աչոնիկ Մանեին զրկեց ԱԺ փոխխոսնակի «կայֆերից»:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: ԱԺ փոխխոսնակի քվեարկությունը Փաշինյանի համար, անշուշտ, ուներ նաև արտաքին քաղաքական ենթատեքստ:

Բանն այն է, որ Փաշինյանն այժմ փորձում է ամեն կերպ հաճոյանալ Վլադիմիր Պուտինին ու շտկել իր սրված հարաբերությունները ՌԴ-ի հետ, քանզի հասկացել է, թե ինչպիսի զարգացումներով է հղի հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վատ մակարդակը:

Ֆորմալ առումով ռուսամետ դաշտում գործող ԲՀԿ-ական թեկնածուին նախապատվություն տալը, ըստ Փաշինյանի հաշվարկի, հնարավորություն կընձեռի նրան փորձել հաճոյանալ Կրեմլին՝ «Տեսե՛ք, ես ոչ թե արևմտամետ ԼՀԿ-ականին, որը իմ նախկին դաշնակիցն էր, դարձրեցի փոխխոսնակ, այլ ռուսամետ ԲՀԿ-ականին» թեմայով:

Խնդիրը, սակայն, այն է, որ Մոսկվան արցունքներին չի հավատում, ու նմանատիպ պարզունակ քայլերն անօգուտ են, քանզի կա դասակարգային անտոգոնիզմ և միջտեսակային կոնֆլիկտ Փաշինյանի ու Պուտինի միջև:

Արևմուտքում ծանր պարտավորությունների տակ հայտնված Փաշինյանին այժմ օդի ու ջրի պես է հարկավոր ՌԴ-ի բարի աչքը, բայց գնացքն այնքան է գնացել, որ Մանեին Վահեով փոխելու քայլը որևէ էական օգուտ չի կարող տալ վարչապետին: Բայց այդ հարցում նա միայն իրեն պետք է մեղադրի, քանզի «Պանդորայի արկղը» բացելուց հետո ամեն ինչ սկսում է աշխատել արդեն այլ տրամաբանությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը