Մեկնաբանություն

14.01.2019 17:05


Ինչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին

Ինչ էր նշանակում Պուտինի ուշացած շնորհավորանքը Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ է նշանակվել: Նշանակողը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն է: Դա, անշո՛ւշտ, ձևական պրոցեդուրա էր, քանզի Փաշինյանը նույնիսկ հրաժարականից հետո էր աշխատում վարչապետի պաշտոնակատար ու որևէ մեկի ստորագրության կարիքը չուներ (հետաքրքիր է՝ հրաժարականից հետո Փաշինյանն իրավունք ունե՞ր մնալ պաշտոնակատար ու տնօրինել պետական ռեսուրսները, իրավաբաններն ի՞նչ կարող են ասել այս մասին): Այնպես որ, վարչապետ Հայաստանն ուներ:

Ձևական ստացվեց նաև վարչապետ նշանակվելու կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը:

Ինչպես հայտնի է, հայ-ռուսական հարաբերություններում առաջին անգամ է, որ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը խորհրդարանական ընտրություններից հետո չի շնորհավորում հաղթող ուժի ղեկավարին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանը շնորհավորանք չստացավ Պուտինից նույնիսկ ընտրություններից հետո «տետ ա տետ» հանդիպման ժամանակ: Եվ միայն պաշտոնական նշանակումից հետո Կրեմլից շնորհավորեցին Փաշինյանին, ինչն արդեն արարողակարգային, այսինքն՝ ձևական ստացվեց:

Եթե Հայաստանը լիներ այլ աշխարհագրական միջավայրում, չունենար այն խնդիրները, որոնք մենք այժմ ունենք, և չլիներ վտանգավոր զարգացումների հորձանուտում, կարելի էր նույնիսկ չնկատել, որ ինչ-որ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարը չի շնորհավորում մեր երկրում խորհրդարանական ընտրությունները հաղթած ուժի ղեկավարին, այսինքն՝ Հայաստանի ղեկավարին: Բայց ներկա իրողությունները հաշվի առնելով մենք պետք է մտահոգվենք հայ-ռուսական հարաբերությունների բացասական դինամիկայով ու մեր երկրների ղեկավարների անձնական սառը կամ նույնիսկ լարված հարաբերություններով, քանզի պետությունների ղեկավարների անձնական հարաբերություններն անմիջապես անդրադառնում են միջպետական հարաբերությունների վրա:

Միայն Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո Պուտինի շնորհավորանքը ցույց է տալիս, որ Կրեմլում հայաստանյան նոր իշխանությունների հետ շփումները լինելու են ֆորմալ ու խիստ պաշտոնական: «Պաշտոնապես կնշանակվես վարչապետ, դրանից հետո կշնորհավորենք» ոճի քաղաքականությամբ Մոսկվայում բացահայտորեն ցույց են տալիս, թե ինչ կարծիքի են Փաշինյանի մասին, ու միայն հայ ժողովրդի որոշումը հարգելով են պահում արարողակարգը, ինչպես նաև՝ սեփական շահերից ելնելով են ընդառաջ քայլ կատարում ու շնորհավորում:

Հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի համար: Այդ հարաբերությունների վատացումը ձեռնտու չէ կողմերից որևէ մեկին, սակայն Փաշինյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում նախադեպը չունեցող խնդիրներ ստեղծել այդ հարաբերություններում, ու մնում է միայն հասկանալ, թե նա այդպես է արել անփորձությունից ու գիտելիքների պակասի՞ց ելնելով, թե՞ միտումնավոր:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը