Մեկնաբանություն

14.01.2019 16:02


Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը (տեսանյութ)

Խաշը, բողկը և Փաշինյանի նյարդային արձագանքը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի թիմը մերձեցման խաշկերույթ էր կազմակերպել: Այդ մասին գրել էր «Հրապարակ» թերթը ու հետն էլ մի քանի մեկնաբանություն ավելացրել՝ «թավշյա» քայլարածներին համեմատելով ՀՀԿ-ականների հետ:

Իշխանության գալուց հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները քեֆերից պրծում չունեն: Ընդամենը մեկ ու կես տարի առաջ միկրոֆոնը ձեռքները ավտոտնակի տանիքների վրա թռչկոտողները և մի կերպ կուսակցական փոքրիկ գրասենյակ ունեցողները նախորդ տարվա մայիսից հետո սկսել են «բուրժուական կայֆեր» անել ու ՀՀԿ-ական քեֆերի քանակին գերազանցել, ինչն էլ արձանագրել էր «Հրապարակը»:

Թերթի այդ նյութը հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին, ու նա մեր երկրի բազմաթիվ և լրջագույն խնդիրները թողած՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր իրենց խաշակերությանը վերաբերող թերթի գրածին՝ իր երկրպագուներին փաստացի քսի տալով թերթի դեմ:

Տեղին է հիշեցնելը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթն էլ էր անընդհատ անդրադառնում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների քեֆերին՝ «Ինչպե՞ս կարելի է աղքատ երկրում քեֆ անել» պոպուլիստական թեմայի շրջանակներում:

Հիմա պարզվում է, որ երբ փաշինյանենք են քեֆ անում, ապա դա ժողովրդահաճո, թավշյա, ոչ բռնի ու «մարդա 3.000-դրամանոց» քեֆ է, իսկ ահա երբ նախկիններն էին խաշ ուտում, քեֆ անում կամ «տժժում», դա արդեն թալան էր ու լկտիություն: Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Հարցն այն չէ, որ քայլարածները չեն կարող քեֆ անել ու խաշ ուտել: Կարող են, իհա՛րկե: Կարող են նույնիսկ խաշից հետո բողկ ուտել ու գղտալ մոտավորապես այնպես, ինչպես Փաշինյանը գղտաց իր ֆեյսբուքյան «լայվերից» մեկի ժամանակ: Բայց երբ այդ քեֆերի քանակը գերազանցում է պետության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումների քանակին, երբ ակնհայտ է դառնում նախորդի կրկնօրինակումը կամ նույնիսկ դրա վատ տարբերակը, երբ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը չի կարողանում ադապտացվել իր նոր կարգավիճակին ու էժանագին թերթի խմբագրի ոճով ֆեյսբուքյան գրառում է անում իր երբեմնի կոլեգաների դեմ, արդեն հարցեր են առաջանում:

Հասկանալի է, որ իշխանավոր Փաշինյանին ճնշում է սկանդալներ փնտրող լրագրող ու ընդդիմադիր գործիչ Փաշինյանի անցյալը: Ճնշում են նաև այդ անցյալում արված հայտարարությունները և նախորդի հետ նույնացվելու վախը, բայց պետք է տիրապետել սեփական հույզերին ու զբաղվել այն գործով, ինչի համար քվե ես ստացել, այլ ոչ թե ժամերով «լռվել» «Ֆեյսբուքում» ու շարքային ֆեյքի պես արագ արձագանքել այն հրապարակումներին, որտեղ տեսնում ես անունդ:

Փաշինյանի կողմնակիցների ոճով ու բառապաշարով ասեմ՝ բա էն վախտ խի՞ չէիք բան ասում, որ սերժենց խաշ ուտելու կամ քեֆերի մասին էին գրում թերթերը, այդ թվում՝ «Հայկական ժամանակը»:

Մի խոսքով, կյանքը բումերանգ է, նետածդ հետ է գալիս, իսկ պոպուլիզմը՝ սրած բզի պես մի բան, որը թարս աճող խիարի «խասիաթից» ունի:

Հոգեբանական առումով ամեն ինչ պարզ է. Փաշինյանը վախենում է հանրության կողմից ընկալվել այնպիսին, ինչիպիսին լինելը նախկինում ինքը քննադատել է: Բայց փաստերից չես փախչի:

Նախորդ իշխանություններին բոլշևիկյան ոճով քննադատող ու «աչոկներ» հավաքելու նպատակով աղքատությունը գովերգած Փաշինյանն այժմ հայտնվել է «հրաշքների աշխարհում» ու նյարդայնանում է, երբ իր և Սերժ Սարգսյանի անցյալն ու ներկան են հիշեցնում և համեմատականներ տանում: Նա կուզենար մարդկանց հիշողություններից, թերթերից, եթերներից, համացանցից ջնջել իր մասին բոլոր տեղեկությունները, որոնք վերաբերել են Նիկոլ Փաշինյանին մինչև քայլերթը, սակայն դա հնարավոր չէ, ու մենք ամեն օր տեսնում ենք սեփական անցյալից կոմպլեքսավորված ու սեփական անցյալի դեմ կռիվ տվող մարդու, ում մոտ գնալով ագրեսիան մեծանալու է բոլոր նրանց հանդեպ, ովքեր հիշեցնելու են ընդդիմադիր քաղգործիչ և լրագրող Փաշինյանի ասածներն ու արածները: Սակայն սեփական «ես»-ից փախչելն այնքան էլ հեշտ չէ, եթե չասենք՝ անհնար:

Փաշինյանը նույնիսկ արտաքին իմիջային փոփոխության ենթարկվեց, որպեսզի կտրի անցյալի հետ կապը, բայց անցյալի ուրվականը, միևնույն է, նրա հետ է, ու այդպես է լինելու միշտ: Կոնտրաստը զգացնել է տալու այնքան ժամանակ, մինչև որ դերային կոնֆլիկտը քաղաքական հանգուցալուծում ստանա:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը