Լրահոս

17.11.2010 14:19


Փոխնախարարը պնդում է՝ եղե՛լ է Ջավախքում, այն էլ՝ սպորտային հագուստով, և խմել 2 նախագահների առողջության համար

Փոխնախարարը պնդում է՝ եղե՛լ է Ջավախքում, այն էլ՝ սպորտային հագուստով, և խմել 2 նախագահների առողջության համար

Արդեն տեղեկացրել ենք, որ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը տեղեկատվություն էր տարածել, թե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին վրացական կողմը արգելել է իր կամքով մուտք գործել Ախալքալաք, և Բավրայի սահմանային անցակետից նրան փաստացի պատանդի կարգավիճակում տեղափոխել են Թբիլիսի:

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ա. Քարամյանը պնդել է, որ ինքը ոչ միայն եղել է Ախալքալաքում, այլ նաև մասնակցել մի շարք միջոցառումների։

-Հոկտեմբերի 24-ի առավոտյան նախատեսված էր, որ ես ժամը ոչ ուշ, քան 10։30-ին, պետք է Երևանից դուրս գայի։ Առավոտյան 9։00-ին մտնում եմ նախարարության շենք, առօրյա կիսատ գործերի տիրույթում ժամանակի զգացողությունս կորչում է, և ես ժամը 12։00-ի կողմերը հասկանում եմ, որ ես 2 ժամ է՝ դուրս չեմ եկել։ Շատ հապճեպ մեքենայի մեջ նստելով՝ մի կերպ հասնելով տուն՝ շորեր, կոստյում, նոր փողկապ և այլն վերցնում եմ ու մոտ ժամը 13։00-ին դուրս եմ գալիս։ Հասնում եմ Բավրայի սահմանային անցակետ։ Ես հիացած եմ սահմանի հատման գործընթացով,-հայտարարել է Ա. Քարամյանը,-սահմանն իմ անցնելը տևել է ընդամենը մինչև 20 րոպե։ Շատ սիրալիր, շատ ջերմ՝ համեցե՛ք Վրաստան, բարի գալո՛ւստ Վրաստան (ես չեմ ներկայացել, թե ով եմ)։ Սահմանն անցնելուց հետո գնացել եմ Ջավախք։

Ի դեպ նշենք, որ Ա. Քարամյանն այդ ողջ ընթացքում մարզազգեստով է եղել։

-Իրենք էլ էին սպորտայինով, մի՛ անհանգստացեք։ Ի վերջո, նախարարությունները կոչվում են սպորտի՛ և երիտասարդության։ Ազգային հավաքականի համազգեստով էի՝ մեր երկրի զինանշանը ձախ կողմին դաջված, հետևը գրված՝ Հայաստան,-«7օր»-ի հարցին ի պատասխան՝ ասել է փոխնախարարը։

Նշենք նաև, որ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն էլ հայտարարել էր, թե Ա. Քարամյանին Թբիլիսիի ռեստորաններ հրավիրելով՝ վրաց պաշտոնյաները հասկացրել են, որ Ջավախքում իրենք են, և առանց իրենց հարցնելու՝ մյուս անգամ չփորձի «քիթը խոթել» այնտեղի մշակութային կամ երիտասարդական գործերի մեջ:

-Ռեստորանում ինձ որևէ բան չեն հասկացրել։ Մենք 40 րոպե ճաշել ենք նախարարի հետ (դա պաշտոնական ճաշ կարող եք համարել)՝ շատ բարիդրացիական, 3-4 անգամ հոտնկայս խմել ենք մեր 2 ժողովուրդների բարեկամության համար, մեր 2 նախագահների առողջության, հաջողության համար, որպեսզի մեր երկրներն ապրեն խաղաղ և ստեղծագործ աշխատանքով,-«7օր»-ին ասել է Ա. Քարամյանը՝ խոստանալով նաև տրամադրել Ջավախքում արված իր լուսանկարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը