Մեկնաբանություն

08.01.2019 13:10


Փաշինյանի որոշակի խոստումներն ու սպառողի անորոշ ապագան (տեսանյութ)

Փաշինյանի որոշակի խոստումներն ու սպառողի անորոշ ապագան (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը մերժվեց, քանի որ խոստացել էր սահմանադրական փոփոխություններից հետո չհավակնել վարչապետի պաշտոնին, սակայն հավակնեց: Մինչև այդ էլ բազմաթիվ խոստումներ էին տրվել, բայց չէին կատարվել: Ստերի ու չկատարված խոստումների համադրությունն էլ հանգեցրեց Սարգսյանի պարտադրված հրաժարականին:

Եվ այսպես, մայիսին տեղի ունեցած իշխանափոխության գլխավոր շարժիչ ուժը սուտն էր: Ավելի ճիշտ՝ ստի մերժումը:

Թվում էր, թե հետսերժական Հայաստանում իշխանությունը պետք է դասեր քաղած լինի անցյալից, շատ պատասխանատու ձևով վերաբերվի իր իսկ տված խոստումներին, տեր կանգնի նախկինում արած հայտարարություններին և բարձր գնահատի սեփական խոսքի արժեքը, սակայն ունենք հակառակ պատկերը, այսինքն՝ նախկինի կրկնությունը, ընդ որում՝ շատ ավելի մեծ մասշտաբներով ու ցինիզմով:

Բերենք կոնկրետ օրինակ:

Եթե հիշում եք, դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը չներկայացնող տարբեր շրջանակներ հայտարարում էին, որ գազը սահմանից սպառողին հասնում է կասկածելի ու կոռուպցիոն սխեմայով: Այդ սխեման էր որպես հիմնական պատճառ ներկայացվում սպառողին հասցվող գազի գնի ու հայ-վրացական սահմանի վրա գազի գնի գրեթե կրկնակի տարբերության համար:

Խոսվում էր, որ սահմանի վրայի ու սպառողից գանձվող գազի գների ահռելի տարբերությունը գողության ու թալանի հետևանք է: Ասում էին, որ եթե իրենք գան իշխանության, ապա թալանը կվերացնեն ու գներն էլ կիջեցնեն:

Վարչապետ դարձած Փաշինյանը խոստացավ գազի գնի էժանացում, սակայն հիմա փորձ է արվում որպես հաջողություն ներկայացնել գազի գնի չթանկացումը սպառողի համար: Ընդ որում՝ Փաշինյանը չի բացատրում, թե ինչի՞ և ո՞ւմ հաշվին է սահմանի վրա թանկացած գազի գինը չազդելու սպառողի վրա, ինչպես նաև չի ասում, թե կոնկրետ ինչքա՞ն ժամանակ է այդ «ֆոկուսն» աշխատելու սպառողի համար:

Փաշինյանն այժմ չի խոսում նաև ընդդիմադիր Նիկոլի նշած թալանի մասին, որն ըստ նրա կար գազը սահմանից սպառողին հասցնելու արանքում և որով էլ բացատրվում էր բարձր գինը: Ասում էին, թե թալանը հենց վերացնենք, գազի գինը կիջնի: Վարչապետ դարձած Փաշինյանը նույնիսկ պատմում էր այդ թեմայով իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած զրույցի մասին:

Այս պատմությունից մնում է երկու բան եզրակացնել՝ կամ նախկինում պոպուլիստական նկատառումներից ու «աչոկ» հավաքելու ցանկությունից ելնելով ստել են, որ թալան կա, կամ էլ հիմա նոր իշխանություններն են թալանում: Այստեղ կա՛մ նախկին ասածների հերքում և ներողություն է պահանջվում, կա՛մ քրեական գործ: Երրորդ տարբերակն այն է, որ թալանը կա, բայց հիմա չի խոսվում այդ մասին, քանզի նորերն են թալանում: Մի խոսքով, հստակեցում է պետք այս հարցում:

Չի՛ կարելի նախկինը մերժել ստի համար, բայց շարունակել ստահոդ քաղաքականությունը: Իշխանությունն այժմ փողոցից պետք է տեղափոխվի կաբինետ ու աշխատի: Եկել է հայտարարություններին ու խոստումներին տեր կանգնելու ժամանակը:

Շատ չանցած կգա նաև արածների ու ասածների համար պատասխան տալու ժամանակը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը