Քաղաքական

13.03.2010 16:54


Վահան Հովհաննիսյան. «Արձանագրություններից վնասն արդեն ակնհայտ է»

Վահան Հովհաննիսյան. «Արձանագրություններից վնասն արդեն ակնհայտ է»

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն անդրադառնալով՝  ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ հայկական կողմի բանակցությունների արդյունքը շատ հստակ երևացել է հենց այդ քննարկումների ժամանակ, քանի որ անգամ այն կոնգրեսականները, ովքեր մշտապես կողմնակից են եղել բանաձևի ընդունմանը, այս անգամ խոսել են արձանագրությունների մասին և բանակցությունները ներկայացրել որպես այնպիսի գործոն, որը թույլ չի տալիս անդրադառնալ Ցեղասպանության հարցին։  

-Արձանագրություններից վնասն արդեն ակնհայտ է, օգուտները մենք դեռ չենք տեսել, և վախենամ, որ չենք էլ տեսնելու,- ընդգծել է Վ. Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով ապրիլին ԱՄՆ պետքարտուղարի հրավերը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հերթական ծուղակն է ապրիլի 24-ից առաջ ազատել Օբամային «ցեղասպանություն» բառն արտասանելու պարտականությունից։

Այդուհանդերձ, նա ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի լսումներին հայկական պատվիրակություն ուղարկելու փաստը, ինչը զգալի չափով նպաստեց ԱՄՆ-ում հայության ջանքերի հաջողությամբ պսակվելուն։

-Ի վերջո, ամերիկյան կողմի համար կարևոր էր տեսնել՝ արդյոք Հայաստանի պետությունը նո՞ւյնպես շահագրգիռ է, թե՞ ոչ։ Մենք հաղթել ենք ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ, այս անգամ շատ մեծ դժվարությամբ, և եթե մենք դահլիճում չլինեինք, դա էլ կարող էր նոր խոչընդոտ հանդիսանալ,- ասել է Վ. Հովհաննիսյանը։

Այնուամենայնիվ, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցում Վահան Հովհաննիսյանն առաջին հերթին ողջունել է ԱՄՆ-ում բնակվող հայկական կազմակերությունների և ողջ հայության ջանքերը և մեծ աշխատանքը. «Բարեբախտաբար, այս անգամ կարող ենք ասել, որ հայության, Հայ դատի գրասենյակների ջանքերին միացավ նաև Հայաստանի ներկայությունը։ Ասել, որ պետական ջանքերն արդեն վճռորոշ են դարձել, վաղ է, բայց ողջունելի է, որ այս անգամ դրանք առնվազն երևացող դարձան»։

Այն կարծիքը, որ բանաձևի ընդունումը հայկական լոբբիի աշխատանք չէր, այլ ԱՄՆ-ը ցանկանում էր ճնշում գործադրել Թուրքիայի վրա, Վահան Հովհաննիսյանը համարել է ստրկամիտ մարդկանց տեսակետ, ովքեր սեփական ջանքերը փնովելով՝ սեփական ուժին չեն վստահում և դատապարտում են ցանկացած ձախողում։

-Սա սխալ մոտեցում է։ Եթե հայության պայքարը չլիներ, և ԱՄՆ-ը որոշեր պատժել Թուրքիային, նրանք բազմաթիվ այլ առիթներ ունեին՝ սկսած Կիպրոսի, քրդական, ժողովրդավարության և այլ հարցերից։ Եթե նույնիսկ ինչ-որ քաղաքական նկատառումներով այս կամ այն պետությունը շահագործում է Հայկական հարցը, ապա կարողանում է շահագործել այն պատճառով, որ դու ինքդ ես ուժ,- նշել է նա։

«Արդյոք Հայոց ցեղասպանության բանաձևը կընդունվի՞ նաև ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստի կողմից» հարցին Վ. Հովհաննիսյանը պատասխանել է, որ այստեղ կազմակերպությունների և գրասենյակների ջանքերը բավարար չեն, քանի որ հայկական կողմը «ժողովրդի միջոցով աշխատում է Կոնգրեսի վրա, իսկ թուրքերը խոշոր կորպորացիաների միջոցով աշխատում են կառավարության վրա»։

-Մենք պետք է ճանապարհներ գտնենք կառավարության հետ աշխատելու համար, սրա համար ենք մենք կարևորում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը, այլապես մինչև հիմա էլ առանց Հայաստանի մասնակցության այս մակարդակին կարողանում էինք հասնել,- ընդգծել է Վահան Հովհաննիսյանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը