Մեկնաբանություն

04.01.2019 19:30


Կառավարությունը «գազեր» ունի

Կառավարությունը «գազեր» ունի

Նախորդ տարվա վերջին օրը տհաճ լուրով փակեցինք: «Դուխով» արտաքին քաղաքականությունը տվեց իր հերթական արդյունքը:

Թեև նախկինում խոստացվել էր, որ գազն էժանանալու է սպառողների համար և որպես հիմնավորում ներկայացվել էր Նիկոլ Փաշինյանի «դուխով» զրույցներից մեկը Վլադիմիր Պուտինի հետ, այդուհանդերձ դեկտեմբերի 31-ին «դուխով» հայտարարվեց, որ գազի գինը հայ-վրացական սահմանի վրա թանկացել է, բայց սպառողների համար այն չի ավելանալու (որքան ժամանակ և ինչ ռեսուրսներով է սպառողների համար գինը նույնը մնալու, չասվեց): Այսինքն՝ հաղթանակ է ներկայացվում այն, որ սպառողների համար գազը որոշակի ժամանակահատվածում չի թանկալու, մինչդեռ խոստացվել էր էժանացում:

Այսպիսով չիրականացավ Փաշինյանի հերթական խոստումներից մեկը: Ավելին՝ այդ խոստումը շատ շուտով կիրականանա հակառակ նշանակով այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին էր հաճախ լինում:

Եթե հիշոււմ եք, «երջանկահիշատակ» վարչապետ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում, ավելի կոնկրետ՝ 2009թ., խոստացվեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը, ու մենք դեռ մի բան էլ օգտվելու ենք այդ ճգնաժամից: Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ մենք ոչ միայն չօգտվեցինք այդ ճգնաժամից, այլ դեռ մի բան էլ տնտեսական անկման առումով համաշխարային ռեկորդ սահմանած երկրների «լավագույն» եռյակում հայտնվեցինք՝ դրամական տեսքով ՀՆԱ անկում գրանցելով 14,4, իսկ դոլարային հաշվարկով՝ ավելի քան 35 տոկոս: Մեզ ասացին, որ կարող էր ավելի վատ լինել, եթե կառավարության իմաստուն քաղաքականությունը չլիներ, մինչդեռ այդ անկումն առավելապես ներհայաստանյան գործոններով պայմանավորված անկում էր:

Հիմա փաշինյանենք նույն ոճի բան են քարոզում, թե բա գազը թանկացավ, բայց «զատո» ինքնիշխանությունը պահեցինք, թե բա ավելի լավ է մրսենք ու թանկ վճարենք, քան վզներս ծռենք (իրականում լավ էլ ծռում են, բայց բան դուրս չի գալիս):

Փաստորեն, բանաձևը գտել են: Այսուհետ ինչ ձախողումներ էլ լինեն, ասելու են, թե բա դա ինքնիշխանության ու «դուխով» լինելու գինն է: Բայց դե ինքնիշխանության պահպանման մասին խոսակցությունը նույնքան դեմագոգիկ են, որքան նախկինների «կարող էր ավելի վատ լինել»-ը:

Վատ պարողին միշտ էլ ինչ որ բան խանգարում է: Տվյալ դեպքում խանգարող բանը ոչ թե ոտքերի, այլ ուսերի մեջտեղում պետք է փնտրել: Խելքի բացակայությունը «դուխով» կոմպենսացնելու հետևանքները դեռ շատ են իրենց զգացնել տալու:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Կարո՞ղ է հանկարծ վաղն էլ պարզվել, որ Ղարաբաղի հարցում զիջումների ենք գնացել, որպեսզի ... պահպանենք ինքնիշխանությունը և «դուխով» լինենք:

Չի բացառվում, որ սրանից հետո անընդհատ քարոզվի, թե բա կարևորը հեղափոխությունն է, իսկ Ղարաբաղը, գազի գինը ու մյուս բաները երկրորդական են: Նախնական քարոզ արդեն իսկ կա:

Այս խորագրի վերջին նյութերը