Քաղաքական

04.01.2019 16:31


ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին

ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգում երեք հարց էր․

1. 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին

2. ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում

3. Նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտարարելու մասին:

«Իմ քայլը» դաշինքից ստացվել է ինքնաբացարկի 18 դիմում, 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում չի եղել։

«Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էդուարդ Աղաջանյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Զարուհի Բաթոյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, Վայոց ձոր մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը և Արմեն Բաղդասրայանը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի 2019 թվականի հունվարի 14-ին, ժամը 10.00-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը