Մեկնաբանություն

28.12.2018 14:25


Հեղափոխությունը «քցում» է իր զավակներին

Հեղափոխությունը «քցում» է իր զավակներին

Հայտնի ձևակերպում կա, ըստ որի՝ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը բացառություն չի կազմելու, բայց մինչև խժռվելը մենք ականատեսն ենք ոմանց «քցվելու» գործընթացին:

Հանրային ճանաչողություն ունեցող դեմքերից «քցվողների» մեջ է հայտնվել նախկին իշխանությունների հեռուստանախագծերում ու շոուբիզնեսային ծրագրերում ակտիվորեն ներգրավված «ընդդիմադիր շոումեն» Հովհաննես Ազոյանը՝ Կոլոտ Հովոն:

Նա, ինչպես հայտնի է, ուզում էր պատգամավոր դառնալ ու պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները և նոր գույն բերել խորհրդարան, բայց նրան, ի տարբերություն մյուս ծաղրածուի՝ Հայկ Մարությանի, «քցեցին» ու պատգամավոր չդարձրեցին (հանուն ճշմարտության պետք է ասել, որ նոր ԱԺ-ում ծաղրածուների ու խեղկատակների պակաս չկա և Հովոյի բացակայությունը առանձնապես չի զգացվելու):

Թե ինչու Կարգին Հայկոյին նշանակեցին Երևանի քաղաքապետ, իսկ Կոլոտ Հովոյին մի մանդատ էլ չտվեցին, դժվար է ասել:

Սերժ Սարգսյանի օրոք «ինտիլիգենցիային» ու «շոուբիզնեսմեններին» բաժանել էին երկու մասի: Մեծ մասին կերակրել ու դարձրել էին պալատական պնակալեզ ու պարգևներ էին տալիս, իսկ փոքր մասին կրկին կերակրում էին, բայց դարձրել էին «ընդդիմադիր», որպեսզի նրանց օգտագործեին տարբեր «քաղաքացիական» ակցիաներում: Առաջին խմբի մարդիկ, փաստորեն, ավելի ազնիվ էին հանրության հետ, քանի որ չէին խաբում, թե իբր ընդդիմադիր են, իսկ ահա երկրորդ խմբում «ընդդիմադիր» խեղկատակներն էին, որոնց ֆունկցիան քաղաքական հաճախորդների հետ հանրությանը խաբելն էր: Հովոն Հայկոյի հետ այս երկրորդ խմբում էր ու ընկերություն էր անում Բ26-ին կից գործող «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի հետ:

Տեղի ունեցած անսպասելի իշխանափոխությունից հետո Հովոն մտածում էր, որ կդառնա նոմենկլատուրային «շոուբիզնեսմեն», բայց ինչ-ինչ պատճառներով դա չստացվեց ու հիմա նա պետք է բավարարվի միայն «շոուով»՝ քաղաքական բիզնեսին մաս չկազմելով:

Հովոյին չօգնեցին անգամ ԼԳԲՏ համայնքի անդամները, որոնց իրավունքների պաշտպանն էր ուզում նա դառնալ՝ փորձելով մտնել ներկայիս քաղաքական իշխանության «թրենդի» մեջ:

Հովոն «քցվեց» ու հիմա իր հոգու ճիչն արտահայտում է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Պատրաստ էի ազատությունս մատաղ անել մեր երկրի ապագայի համար, չհասկացաք.... մի գուցէ մեղավորությունը նաև իմն է.....պաշտում եմ ազատությունը, սերը և երաժշտությունը...այդտեղ եմ ապրում… պարոն վարչապետ շնորհակալ եմ Քեզ կամքիդ համար....դեռևս շարունակում եմ լինել համակիրդ, կարիքս ունենալու դպքում նորից կարող ես զանգել ու ասել՝ Հով ջան, ողջույն, Նիկոլն է, արի տեր կանգնենք մեր ժողովրդին)) …»,-մասնավորապես գրել է դեռևս Նիկոլի համակիր Հովոն:

Ահա այսպիսի «թավշյա» բաներ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը