Մեկնաբանություն

25.12.2018 11:45


Տարվա գլխավոր տնտեսական ձախողումը

Տարվա գլխավոր տնտեսական ձախողումը

Գործարարների հետ երեկվա հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը դրական «մեսիջներ» էր փոխանցում: Ըստ նրա՝ իշխանությունները շահագրգռված են, որ գործարարները մեծ շահույթներ ստանան, որպեսզի նաև պետական բյուջեի հնարավորությունները մեծանան:

Փաշինյանը նաև հավաստիացնում էր, որ իշխանության և բիզնեսի տարանջատումը իրենց պարագայում 100-տոկոսանոց է:

Անշուշտ, դրական է, որ իշխանությունները շահագրռված են մասնավոր բիզնեսի զարգացման հարցում և վերցրել են իշխանության ու բիզնեսի տարանջատման ուղին: Թե ինչ կոնկրետ դրսևորումներ կստանան այդ «մեսիջները», վաղ է խոսելը: Իշխանափոխությունը դեռ կոնկրետ տնտեսական կապիտալիզացիայի չի ենթարկվել: Միակ արդյունքը, որ ունենք մայիսից հետո բացասական նշանով է: Խոսքն Ամուլսարի հանքի մասին է:

Հանքի գործունեության դադարեցումը կարելի է համարել տարվա գլխավոր տնտեսական ձախողումը: Այստեղ գործ ունենք և՛ միկրո, և՛ մակրո մակարդակի խնդիրների հետ: Հեղափոխական տեխնոլոգիաները, կառավարության անգործության ու անհասկանալի անտարբերության պայմաններում, հսկայական վնաս հասցրեցին Հայաստանի տնտեսությանը:

Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ եթե «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության արդյունքում վնասվում են Սևանա լիճը և Ջերմուկի հարակից ջրերը, ապա հանքը չպետք է շահագործվի: Որևէ ապացույց, սակայն, չկա, որ հանքի շահագործումը այդպիսի հետևանքների է հանգեցնելու, բայց աշխատանքները խոչընդոտվում են ավելի քան կես տարի:

Հանքի աշխատանքների դադարեցման արդյունքում կրճատվել է ավելի քան 1.000 աշխատատեղ, ինչը սոցիալական աղետի կարող է հանգեցնել Ջերմուկ համայնքում ու հարակից գյուղերում, պետբյուջեն զրկվել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասույթից, տնտեսությունը չի ստացել այն մուլտիպլիկատիվ դրական էֆեկտը, որը կարող էր լինել հանքի շինարարության ու ոսկու կորզման արդյունքում, բազմաթիվ կապալառու կազմակերպություններ զրկվել են պատվերներից և իրենք էլ են գնացել աշխատողներին կրճատելու ուղղությամբ: Իսկ ամենագլխավոր վնասը ստացել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու մեր երկրի իմիջը: Սա շատ վատ ազդակ էր պոտենցիալ ներդրողներին:

Փաշինյանն ասում է, որ իրենք միջազգային փորձաքննություն են անցկացնելու՝ պարզելու համար, թե ինչքանով է հանքը վնասակար ջրերին ու դրանից հետո արդեն որոշում կկայացնեն: Հետաքրքրականն այն է, որ ոչ մի փորձաքննական աշխատանքներ դեռ չեն իրականացվում: Իսկ այս ընթացքում «Լիդիան Արմենիան», որը Հայաստանի միակ ընկերությունն է, որը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, հսկայական վնասներ է կրում:

«Լիդիանի» արժեղթղերի գինը այս պատմության ընթացքում անկում է ապրել 10 անգամ (տարեկան կտրվածքով «Լիդիանի» արժեղթերի գինը բորսայում 0,65 կանադական դոլարից իջել է մինչև 0,065-ի. այսօր մեկ արժեթղթի գինը 0,16 կանադական դոլար է), ինչը նաև Հայաստանի բորսայական վարկանիշի անկում է նշանակում:

Գալիք տարվա գլխավոր մարտահրավերներից մեկը Ամուլսարի հանքի թեման է լինելու: Բիզնեսը հեղափոխականություն չի սիրում: Պոպուլիզմը, դեմագոգիան ու բոլշևիզմը հակացուցված են բիզնեսին:

Բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն և հուսալիություն: Այս երեքի ուղղությամբ էլ Փաշինյանը խնդիրներ ունի և պետք է փորձի լուծել դրանք, որպեսզի մարդկանց մոտ ռացիոնալ սպասումներ առաջացնի: Կկարողանա՞ դա անել՝ կշահի և՛ երկիրը, և՛ անձամբ ինքը: Չի՞ կարողանա՝ խնդիրներ կառաջանան բոլոր մակարդակներում: Ընտրությունն իրենն է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը